2020.07.04,

Քննադատ

Լրագրության անցյալից. թյուրիմացության և համոզվածության սիմֆոնիա

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Նոր «Առավոտի» առաջին համարը լույս տեսավ 97-ի հունիսին: Առաջին իսկ օրերից ամենքին հետաքրքրում էր, թե ում միջոցներով է տպագրվում թերթը, ո՞վ է ֆինանսավորում այն: Արամ Աբրահամյանի պատասխանն էր՝ «Կոկա կոլա» ընկերությունը… Ասում էր խորհրդավոր լրջությամբ, այնպես, որ որևէ կասկած կամ այլ հարց չծագեր:

Եվ, բնականաբար, գեղեցիկ ու ազդեցիկ էր հնչում անչափ անշառ, քաղաքականության հետ առնչություն չունեցող, ապազգային, ոչ ալկոհոլային խմիչք արտադրող և, որ ամենակարևորն է՝ համաշխարհային հռչակ վայելող ընկերության անունը: Դա թերթի աշխատակիցներին ազատում էր կաշկանդվածությունից, որևէ քաղաքական ուժի կամ դեմքի հանդեպ պարտավորվածությունից: Դա երևի թե այն էր, ինչը խիստ  անհրաժեշտ էր, որ մեզ զգայինք իսկապես ազատ և անկախ լրատվամիջոցի աշխատակից:

Թերթի յուրաքանչյուր էջ ուներ իր անվանումը, որի յուրօրինակությունն այն էր, որ բոլորովին էլ յուրօրինակ չէր՝ կրկնում էր հանրապետությունում լույս տեսնող կամ երբևէ հրատարակված մեկ այլ թերթի անվանում: Յուրաքանչյուր էջ ուներ իր պատասխանատուն ու խմբագիրը:

Ըստ սահմանված ժամանակացույցի՝ նրանք հերթով իրենց էջերը ներկայացնում էին նախ Արամ Աբրահամյանին, որին, ըստ իր  բացահայտածի տրամաբանության՝ «Կոկա կոլան» նշանակել էր գլխավոր խմբագիր, ապա ինձ, որ անգամ «Կոկա կոլայով» կաշկանդված չէի: Արամը ծանոթանում էր նյութերին, իր նկատառումներն ու դիտողությունները հայտնում, երբեմն կրճատում, իսկ ես խմբագրում էի դրանք էջի պատասխանատուի ներկայությամբ:

Վասակ Դարբինյան Մարգարիտ Եսայան

Վասակ Դարբինյանն ու «Առավոտի» լրագրող Մարգարիտ Եսայանը «Առավոտի» խմբագրությունում

Ես համոզված էի, ու փորձն ապացուցեց, որ լրագրողների հետ աշխատելու ամենաարդյունավետ մեթոդը նրանց ներկայությամբ իրենց նյութերը կարդալն ու խմբագրելն է: Ուղղումները բացատրելով ու համաձայնեցնելով: Եվ որ ամենահաճելին էր՝ համատեղ ստեղծագործելով:

Լրագրողներին ներկայացվող կարևորագույն պահանջը հետևյալն էր. չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել անձնական վիրավորանք: Էջերի պատասխանատուներին փորձում էի ներշնչել, որ իրենք իրենց մտավոր կարողություններով, իրազեկվածությամբ, արդարամտությամբ, այլ արժանիքներով պիտի չզիջեն իրենց լուսաբանած ոլորտները ղեկավարող նախարարներին: Սա նրանցից ակնկալվող պատասխանատվության և նրանց ներշնչվող բարձր ինքնագնահատականի միահյուսումն էր, որից շահում էին թե՛ իրենք, թե՛ թերթը:

Ամբողջ խմբագրակազմին թվում էր, թե ի վերջո կայացել է մամուլի և խոսքի ազատությունը, և մենք ենք դրա կրողները: Հենց այդ համոզմունքով էլ աշխատում էինք:

Ամսեամիս թերթի պահանջարկն ավելանում էր: Սկսել էինք 1500 օրինակից: (Համեմատության համար ասեմ, որ հին «Առավոտի» տպաքանակը 2000 էր, վերադարձը՝ կեսից ավելի…): Շուտով տպաքանակը սկսեց աճել: 98-ի փետրվարին՝ իշխանափոխության շրջանում, թերթը պարզապես թռցնում էին կրպակներից:  էլի մի քանի ամիս՝ տպաքնակը հասավ 4000-ի:

Օգոստոսը թերթ վաճառելու համար ավանդաբար «չոր», գրեթե մեռյալ ամիս է, այդ պատճառով էլ թերթերն այդ ամսին գրեթե առանց բացառության գնում էին արձակուրդ: 98-ի օգոստոսին արձակուրդ գնաց միայն Արամը, խմբագրությունը շարունակեց աշխատել:

Օգոստոսի սկզբին սպանվեց Հանրապետության դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Մեր թղթակիցը այդ պահին ինչ-որ նյութի հետքերով դատախազությունում էր, փաստորեն՝ դեպքի վայրում և կարողացավ հնարավորին չափ մանրամասն ու ճշգրիտ ինֆորմացիա ստանալ, որը ոչ մի այլ լրատվամիջոց չուներ և որը հրապարակվեց հաջորդ առավոտյան: Սա և առհասարակ ամեն օր թերթում տեղ գտնող բացառիկ նյութերը ավելի մեծացրին «Առավոտի» պահանջարկը և հետաքրքրությունը թերթի հանդեպ:

Մեկ ամիս անց վերադառնալով ու տեսնելով, որ տպաքանակը ավելացել է նախ 1000-ով, ապա էլի 500-ով՝ Արամը բարկացավ տնօրենի վրա, թե ով է պատասխան տալու այս ավանտյուրայի համար… Բացատրեցի, որ տնօրենը կապ չունի, ես եմ ավելացրել տպաքանակը, ու եթե պարզվի, որ օգոստոսի վերադարձը 5 տոկոսից ավելի է՝ ես կընդունեմ, որ ձախողել եմ ու կհեռանամ թերթից:

Գոնե ինձ համար ակնհայտ էր, ու նույնը փորձեցի հավատացնել Արամին, որ թերթի պահանջարկն իսկապես մեծ է, ամեն օր տասնյակից ավելի մարդ չէր ալարում՝ գալիս էր խմբագրություն և մեկ օրինակ «Առավոտ» խնդրում: «Գուցե ճիշտ ես,- ասաց Արամը,- բայց ուրիշ հարցեր կան…»: «Ի՞նչ հարցեր»,- հարցրի: «Ախր թերթի գլխին կտան…»,- ասաց:  «Ո՞վ կտա»,- զարմացա:

Առավոտ Վասակ Դարբինյան

Վասակ Դարբինյանն ու «Առավոտի» աշխատակից Մարինա Մերուժանյանը «Առավոտի» խմբագրությունում

Նա փաստորեն ակնարկում էր, թե թերթի տպաքանակը ինչ-որ տեղից վերահսկվում է, բայց ես դա լուրջ չընդունեցի, ասվածը համարեցի ավելորդ զգուշավորություն… Ի վերջո, թեև իշխանափոխություն էր եղել, որին հաջորդել էր խայտառակ կեղծիքներով գերհագեցած նախագահի ընտրությունը, բայց գոնե առաջին ամիսներին ոչ ոք չէր կարող ժխտել, որ Հայաստանն իներցիայով շարունակում էր վայելել ժողովրդավարության կղզյակի իր համբավը, մնում էր խոսքի ազատությունը գերագույն արժեք հռչակած երկիր:

Շուտով ստացանք «Հայմամուլի» տվյալները օգոստոսի վաճառքի վերաբերյալ, պարզվեց՝ վերադարձը ընդամենը 3 տոկոս է: Դա ավելի ոգևորեց մեզ, ամրապնդելով համոզմունքը, որ գնալով մեծանում է մեր դերակատարությունը չորրորդ իշխանության կայացման մեջ, ավելանում է թերթի հանդեպ վստահությունը և նրա ազդեցությունը հասարակական տրամադրությունների վրա: Դա իսկապես այդպես էր, դատելով սուր հրապարակումների արձագանքներից, տարբեր գերատեսչություններում մեր հրապարակած հոդվածների հարուցած աղմուկից, պետական բարձրագույն պաշտոնյաների ու քաղաքական գործիչների՝ «Առավոտի» թղթակիցների հանդեպ հարգանքից… Եվ «ավանտյուրայի» համար պատասխան տալու կարիք էլ, կարծես, չեղավ:

«Առավոտի» խմբագրակազմը, 1998թ․

Բայց այս ամենի հետ մեկտեղ կար նաև որոշակի անբարյացակամություն ու դիմադրություն: Չկարողանալով կամ գուցե չկամենալով հաշտվել մեր թերթի հեղինակության բարձրացմանը՝ մասնավորապես, և մամուլի ազդեցության ուժեղացմանը՝ առհասարակ, տարբեր կողմերից մեղադրում էին «Առավոտին» դեղին մամուլ լինելու մեջ: Դա հակափաստարկ չունեցողների՝ թերթի հրապարակումները նսեմացնելու միակ տարբերակն էր:

Ընդ որում՝ «դեղին մամուլ» որակումը հնչում էր որպես անկասելի հակահարված, որ հասցվում էր երկու կրակակետից, երկու ուղղությամբ. ենթատեքստում՝ որպես անհամաձայնություն, հակադրություն ու հերքում, և ճակատային՝ որպես պիտակ, որպես խարան, որ մնար թերթի և անձամբ յուրաքանչյուրիս վրա:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *