2020.06.21,

Քննադատ

Լրագրության անցյալից. հին և նոր «Առավոտ»-ներ

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Գործազրկության հերթական ալիքը ինձ պիտի հասցներ «Առավոտ»: Բայց մինչ այդ «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանը առաջարկեց քաղաքական սատիրայի էջ վարել: Իմ հերոսները հավակնոտ ու ինքնահավան քաղաքական գործիչներն էին, որոնց խոսքն ու գործը դիտարկում էի Շողերի հուշած ու նրանց հավաքական կերպարը բնութագրող «Որձ նապաստակ» դիպուկ ու զվարճալի խորագրի ներքո: Դա  տևեց ընդամենը մեկ-երկու ամիս:

96-ի ամռանը «Առավոտի» գլխավոր խմբագիր (Իգնատ Մամյանն արդեն հեռացել էր թերթից) Արամ Աբրահամյանն առաջարկեց աշխատել «Առավոտում»: Իմ ընտրությանը թողեց՝ մեկնաբան կամ փոխխմբագիր: Հարցրի՝ իսկ տեղյա՞կ է իր առաջարկի մասին Վանո Սիրադեղյանը, առարկություն չունի՞ (մանավանդ որ «02»-ից հետո ինձ հետ հարաբերությունները կատարելապես սառեցված էին), «Առավոտը», ի վերջո, նա է հիմնադրել, և ֆինանսավորում են իր բարեկամ Սուքիասյանները: «Եթե առարկություն ունենար՝ չէի առաջարկի»,- ժպտաց Արամը, ասես այդ ժպիտով կամենալով կասեցնել հարցս՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ ինքն է հուշել… «Այսինքն՝ համաձայնեցված է իր հետ»,- հստակեցրի: «Բնականաբար»,- ասաց:

Արամը խմբագրություն գալիս էր առավոտյան և գնում էր, երբ ես հայտնվում էի այնտեղ՝ ժամը 4-5-ին, կարճ զրույցից ու թերթի տվյալ համարի նյութերին առնչվող որոշ հարցեր հստակեցնելուց հետո:

Այդ շրջանում թերթերը շատ վատ էին վաճառվում: Թեև տնտեսությունն ուշքի էր գալիս պատերազմից հետո, այսուհանդերձ հասարակության մեջ նկատելի չէր հաղթանակածի, զրկանքներն ու դժվարությունները հաղթահարածի բավարարվածությունը: Հակառակը՝ տպավորություն էր, թե հայտնվել ես անելիքը չիմացողների, մոլորվածների, մի կողմից՝ գոյություն քարշ տվողների, մյուս կողմից՝ իրենց տաքուկ տեղերն ապահովածների և ըստ այդմ՝ իրար ատողների հասարակությունում:

Ես գիտակցում էի, որ այս տրամադրությունների տարածմանը նպաստել ու նպաստում է նաև մամուլը, մամուլում առկա գզվռտոցը, որը արտացոլումն էր քաղաքական ուժերի անառողջ մրցակցության: Ակնհայտ էր նաև հասարակության տարբեր խավերում խորացող դժգոոհությունը, որոնք հայտնվել էին հետպատերազմյան դեպրեսիայի մեջ:

Էներգետիկ ճգնաժամի հաղթահարումը և հեռուստատեսության վերադարձը հովհարային ռեժիմից անխափան եթեր գրեթե գետնին հավասարեցրին տպագիր լրատվամիջոցների ազդեցության չափն ու դրանց հանդեպ հետաքրքրությունը: Տագնապալի, ավելի ճիշտ՝ հուսահատեցնող ցուցանիշներ էինք ստանում «Հայմամուլից»՝ թերթի տպաքանակի կեսից ավելին չէր վաճառվում, թեև տպաքանակն առանձնապես շատ չէր:

Տարեվերջին շատ անակնկալ «Առավոտը» հայտնվեց փակվելու եզրին: Արամն ասաց, որ որոշել է հեռանալ թերթից: Առանց բացատրության, ըստ երևույթին՝ ինչ-որ կոնֆլիկտի պատճառով, որի մասին լռեց: Ու գնաց, ասելով, թե թերթը թողնում է ինձ:

Մեկ-երկու օր անհասկանալի իրավիճակ էր: Խմբագրությունում հայտնվեց Համլետ Գասպարյանը, ասաց, որ իրեն նշանակել են խմբագիր: Ով է նշանակել՝ բազմանշանակ լռեց: Ենթադրեցի՝ իշխանական շրջանակներից, որտեղ պահպանվել էր անվերահսկելիի և անբարեհույսի իմ համբավը դեռ «Հայքի» ժամանակներից: Համլետին ճանաչում էի որպես «Ազգի» փոխխմբագիր: Շփվելու առիթ գրեթե չէինք ունեցել: Ի վերջո ստացվեց այնպես, որ մի քանի օրվա ընթացքում «Առավոտից» հերթով հեռացանք նաև ես և Համլետը: Կուլիսային՝ գոնե ինձ համար անհասկանալի ու ինձ անհայտ խժդժությունների հետևանքով թերթն իսկապես էլ փակվեց:

Ժամանակ անց՝ 97-ի ապրիլյան մի առավոտ Արամը զանգեց ու ասաց, որ «Առավոտը» վերահրատարակելու ծրագիր կա: Նաև՝ միջոցներ… Հանդիպեցինք, հավաստիացրեց, որ որևէ խոչընդոտ չկա, որևէ անհաղթահարելի խնդիր չի կարող ծագել նոր խմբագրություն ձևավորելու և 16 էջանոց օրաթերթ տպագրելու համար: Ասաց, որ եթե դեմ չեմ՝ ինքը կզբաղվի կառավարման ու տնտեսական հարցերով, ստեղծագործական հարցերով կզբաղվեմ ես:

Առաջին փուլում ամենադժվարը հին աշխատողներին նորերով փոխարինելն էր: Ըստ պայմանավորվածության՝ խմբագրակազմը ես պիտի հավաքեի. Արամի համար հեշտ չէր նախկին աշխատակիցներին ասել, որ նրանց հետ աշխատելն արդյունավետ չէ…

Շատերը գուցե և նեղացան, բայց ստիպված էի գրեթե բոլորից ներողություն խնդրել ու յուրաքանչյուրին առանձին-առանձին բացատրել, որ սա միանգամայն նոր թերթ է լինելու, և նոր պայմանագրեր պիտի կնքվեն:

Մեկ ամսում՝ մայիսին, հավաքվեց խմբագրակազմը: Դա նորերի ու փորձառուների մի համաստեղություն էր, որը հավակնում էր ընթերցողներին ներկայացնել անկախ Հայաստանի լավագույն տպագիր լրատվամիջոցը: Ուրվագծեցի թերթի կառուցվածքը: Մկոն՝ Մկրտիչ Մաթևոսյանը, իմ առաջարկով կազմեց մակետը, մշակեց առ այսօր կենսունակ «Առավոտ» գլխագիրը և տառատեսակները: Յուրաքանչյուր էջի ամեն խորագիր ու գիծ, ամեն շտրիխ ու մանրուք դառնում էր ամենօրյա մեր քննարկումների թեման: Դրանց մասնակցում էր նաև Գերման Ավագյանը, որր նույնպես շատ ոգևորված էր նոր «Առավոտով»:

Այդ մեկ ամսում զուգահեռաբար վերանորոգվեց Մամուլի շենքի՝ խմբագրությանը հատկացված 15-րդ հարկը, կահավորվեցին սենյակներն ու մոնտաժվեց տեխնիկան, թերթի վերջնական մակետը տեղադրվեց և ավարտուն տեսքի բերվեց համակարգիչներում:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *