2020.06.19,

Քննադատ

Պատգամավորների խոսքն էքստրեմալ իրադրության մեջ

Հայ պատգամավորի խոսքն իր այլևայլ դրսևորումներով միշտ էլ մամուլի քննարկման նյութ է: Ներկայիս խորհրդարանը, կրթական բարձր ցենզով պայմանավորված, խոսքի առումով գրագետ է:

Դիտարկենք, թե վերջին օրերի դրամատիկ շրջադարձերն ինչ բացահայտումների են բերել, քանի որ զայրույթի, վտանգի, վեճի մեջ մարդու խոսքը շատ բան է ասում նրա մասին, անգամ եթե փորձում է դա թաքցնել խոսքերի հեղեղի մեջ:

Դիտարկելու ենք գերազանցապես բարգավաճական պատգամավորների խոսքը, քանի որ էպիկենտրոնում նրանք էին, իսկ մեծամասնական ուժն ընդամենը մեկ-երկու բառով է արձագանքել: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ լռությունը բացատրել է նրանով, որ իրավական գործընթացի ժամանակ պետք էր լսել դատախազի միջնորդությունն ու կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ելույթները և փակ քվեարկությամբ որոշում կայացնել:

Ծառուկյանը ճիշտ էր, լրագրողը՝ սխալ

Իրադրությունն արտառոց ու դրամատիկ էր, քանի որ երկու տասնամյակ իշխած «առյուծ-արքային», երկար տարիների պատգամավորին խորհրդարանը զրկելու էր անձեռնմխելիությունից, և նրան տրված էր համարյա վերջին խոսքի իրավունք:

Գագիկ Ծառուկյանի հորդահոս, անկառավարելի, անվերջակետ բանավոր խոսքի որոշ պատառիկներ վերծանության հետաքրքիր նյութ են: Նախ՝ առույգ ոճով երկարաշունչ խոսքը ելույթ ունեցողի իրական անհանգստությունն ու վախը թաքցնելու փորձ էր:

Բազմաթեմայնությունը փախուստ էր իրականությունից, ոգին պահելու համար և իրական անհանգստությունն այս խոսքերի մեջ  էր. «Էդքան անբարոյականություն, ինձ կանչում են, հետևիցս տղուս են կանչում։ Գոնե հայ եղեք, քրիստոնյա եղեք, հերը ստեղ ա, տղեն թող տունը մնա տղամարդ։ Հորը կալանավորենք կամ մի բան արեք, բայց տղու վրա բան չկա»:

Իր անմեղությունը փաստարկելու համար պատգամավորը երկու անգամ դիմեց իրեն քաջածանոթ ժողովրդական բառուբանի, ընդ որում՝ զարմանալիորեն ճիշտ ու տեղին. «Ծառուկյանը չի վախենում, քամին քարից ինչ պիտի տանի»:

Նախորդ միտքն էլ շատ շրջանառվեց մամուլում. «Ուզում եք ահաբեկեք, սարքեք, կպցնեք, չոր բանը չի կպնի մարդուն»:

Ենթադրաբար Ծառուկյանը նկատի ուներ այն ասացվածքը, որ չոր կեղտը մարդուն չի կպնում (ի տարբերություն թաց կեղտի):

Բայց ժողովրդական խոսքից հեռու և ծառուկյանական միտքը խմբագրելու սովոր տասնյակ կայքեր ու լրագրողներ գրել էին, օգտագործելով «չոռ» բառը. «Ինչ ուզում է սարքեն, չոռը մարդուն չի կպնի»:

Տեղին է ասել, որ Ծառուկյանը ճիշտ էր, մյուսները՝ սխալ, իսկ հետաքրքիրն այն է, որ «չոռ» նշանակում է հիվանդություն, վարակ:

Ելույթ ունեցողը համավարակից էլ խոսեց, բայց անսովոր կոնտեքստում. «Կամ ասում են՝ Ծառուկյանը չի տիրապետում միջազգային անց ու դարձին։ Տո Ծառուկյանն էնքան ա տիրապետում, ձեր ցավը տանեմ, բերիք սաղ վարակեցիք, էսօր ասում եք՝ մասկա կրեք, մարդկանց տուգանում եք: … Ոչ թե մենք ժողովրդին ներկայացնում ենք ֆեյսբուքերով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը պետական գումար ա ստանում, ամեն մեկն էլ կա տասնապետ, հարյուրապետ, հազարապետ, ես խնդրում եմ, որ այսօր խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական կյանք»:

Այստեղ հետաքրքիր ու ուշադրության արժանի են այնպիսի արխայիկ բառեր, ինչպիսիք են ելույթում հնչեցրած «տասնապետ, հարյուրապետ, հազարապետը», ասես մնում էր ավելացներ՝ մոգեր-մոգպետներ, ու կարելի էր գուշակել, որ Գագիկ Ծառուկյանը վերհիշել է դպրոցական տարիներին կարդացած «Սամվել» վեպը:

Երդումը ևս հայրենասիրական ոգով էր. «Շահի համար անողը թող ադրբեջանցի ու թուրք լինի»:

Էմոցիոնալ Նաիրա Զոհրաբյանը և մյուսները

Կիրթ, կարդացած, խոսքաշեն Նաիրա Զոհրաբյանը բառեր չի փնտրում, սակայն էքստրեմալ իրավիճակում խոսում է հախուռն, շնչահեղձ, մեղադրանքներով, և Ծառուկյանը ճիշտ էր զգուշացնում, թե էմոցինալ ելույթ մի ունեցի:

Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու նիստին նա գլխավոր դատախազի ներկայացրած փաստերը համարեց նույնքան ոչ իրավական, որքան իր «ներկայացրած» թղթերը, որոնց մեջ նշված է, թե Ծառուկյանի հանձնարարությամբ Զոհրաբյանն է իրագործել Քենեդու սպանությունը։

Ելույթի ավարտին էլ կարդաց Բուկովսկի, ընդ որում, թատերագետ պատգամավորը կարդաց, դիմելով դերասան պատգամավոր Արթուր Մանուկյանին:

Նաիրա Զոհրաբյանը հաճախ է թատերական բառապաշար գործածում. «Մենք հասկացանք, որ կարող եք բոլորիս վրա քրեական գործ հարուցել, նույնիսկ նրանց վրա, ում վերաբերյալ սյուրռեալիստական և ֆուտուրիստական է մտածելը քրեական գործ հարուցել»:

Պատգամավորը նաև գրաբարյան ձևերի է դիմում, ասելիքը շեշտելու համար.

«Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս… Իմքայլական պատգամավորներն իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե», տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ՝ դա ում սյուր ֆանտազիան է… Տարածվող թղթի կտորն էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային»:

Գիտակների խաղի մասնակից, համաշխարհային գրականության գոհարներից օրինակներ բերող պատգամավոր Արման Աբովյանն իր խոսքում հաճախակի է դարձրել ռուսերեն և խոսակցական բառերի գործածությունը, ինչը նախկինում չի նկատվել.

«Ժողովուրդ ջան, մի բան իմացեք, սրանք՝ էս իշխանություններն, ամեն ինչի սպասոբնի են իրենց կռեսլոների, պադավատների, պարգևավճարների համար»:

Կամ՝ «Կանանց գետնի վրա ոստիկանությունը գռքարշ տանում էր, իսկ ձեր ջեբի ՀԿ-ները և դուք ուրախ-ուրախ ստատուսներ էիք գրում, որ չի եղել բռնություն, սաղ համաչափ ա»։

Շաքե Իսայանը ելույթ ունեցավ իբրև քննություն տվող գերազանցիկ, շպարգալկայից աչք չկտրելով, անգամ սպառնալիքներն էր լավ առոգանությամբ արտասանում:

Վատի կանխագուշակումով, սակայն հավասարակշիռ էին պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Սերգեյ Բագրատյանի, Միքայել Մելքումյանի ելույթները, թեև վերջինիս հազարավոր ուսանողները մշտապես հիշեցնում են նրա՝ «դասախոս» լինելու հանգամանքը:

Հավատավորի իր ոճի մեջ էր պատգամավոր Վարդան Ղուկասյանը. «Լենինն է դատվել, Պողոս առաքյալն է դատվել, ոչինչ, դրանից հետո էլ կյանք կա, դրանից հետո էլ իրար երես նայելու բան կա։ Մի դատեք, որ չդատվեք»։

Լենինին հիշատակելն իբրև կարևոր անձ, քրիստոնյա սրբի անվան կողքին, ապացույց է սովետի մեջ մնացած մարդու վարքագծի մասին, մնում էր երգել՝ Լենին դու կյանք ես հարակեզ…

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, որը օրինավոր կարգով դիմակ էր կրում, ու թեև սպառնում էր Ռուսիայով, բայց քաղաքավարի ու գրագետ պատասխանում էր լրագրողների հարցերին:

Գևորգ Պետրոսյանի անընդգրկելի խոսքը ներկայացնելու համար տաղանդ է պետք, ավելի լավ է մեկ անգամ տեսնել:

Դատելով Ծառուկյանի խոսքից, խմբակցության երես տվածն է. «Ես կարող եմ ասել՝ հալալ է, ես Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ, որ նա, որպես հայ քրիստոնյա ազգ, առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ…»:

Իրավաբան, դասախոս պատգամավորը դեմքի այնպիսի ատելավառ ու զզվանքախառն արտահայտությամբ է խոսում երկրի վարչապետի  հասցեին, որ կարելի է պատկերացնել նրա ներաշխարհի ցասումը  դերասան-պատգամավոր Արթուր Մանուկյանի մասին ստատուս գրելիս.

«Հիմա ես էս մոլորյալին ի՞նչ ասեմ… Արա, ա՜յ պատահականության արդյունք, հլը դիմակդ հանի ու քեզ նայի հայելու մեջ: … Ա՜յ առոչինչ գործարք, քեզ մի խայտառակի… Չնայած՝ դու նոր ե՞ս քեզ խայտառակելու…»:

Վերջին օրերին դատարանի բակում Գևորգ Պետրոսյանը երկու անգամ տուգանվեց դիմակ չկրելու համար, սակայն մնաց անդրդվելի: Իր մերժումի մեջ նա մենակ չէր, տուգանվեց նաև շահի ոսկիների շնորհիվ միլիոնատեր դարձած հայրիկով՝ Սեդրակ Առուստամյանով, հպարտ պատգամավոր Նորա Առուստամյանը:

Էքստրեմալ պայմանները շատերի խոսքը դարձնում են իրոք էքստրեմալ:

Գայանե Մկրտչյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *