2020.06.16,

Քննադատ

Լսել, տեսնել, պատկերացնել

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Գագիկ Ծառուկյանը հունիսի 16-ին ԱԺ ամբիոնից ասաց, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ու պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը «շինծու» գործ է և իրեն այդպիսով «հերոսացնում են, անտեղի հերոսացնում և ամեն ինչը փչացնում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ընդհանրապես բարդ է լսել, և գրեթե միշտ նրա ելույթներն ու հարցուպատասխանները հավելյալ ջանք են պահանջում լսարանից՝ նրա ասածի առանցքը որսալու ու քիչ թե շատ ավարտուն նախադասության տեսք տալու համար:

Նաև հաճախ հարկ է լինում բառերից անջատել ֆոլկլորային շերտերը, կրկնություններն ու անավարտ թողած մտքերը: Պատահական չէ, որ հենց Գագիկ Ծառուկյանն է մեմաստեղծ գլխավոր անձը հայկական ցանցում (իհարկե, Գալուստ Սահակյանից հետո, բայց նրան արդեն չեն էլ հիշում):

Գագիկ Ծառուկյանը լավ հռետոր չէ ու թերևս նաև այդ պատճառով է սիրելի շատերի համար:

Կա նախապաշարմունք, որ լավ, սահուն ու գրագետ խոսողները մի բան թաքցնում են ու ժողովրդի ծոցից դուրս չեն եկել: Եվ հակառակը՝ ժողովրդի ծոցում լինելու համար պարտադիր է օգտագործել յուրահատուկ, միաժամանակ քաղցր ու կոտրտված բառապաշար, խոսել արագ-արագ, բայց ոչ հստակ ու ավարտուն ոճով:

Եվ եթե տեսանյութերում դեռ հնարավոր է զգալ Գագիկ Ծառուկյանի խոսքի հոսքերի ենթագիտակցական ընթացքը, ապա սղագրած տեքստերում մտքի թելը որպես կանոն անհուսալիորեն կորչում է:

Փաստ է, Գագիկ Ծառուկյանը լեզու է գտել բոլոր իշխանությունների հետ՝ մերթ լինելով դաշնակից, մերթ ընդդիմադիր՝ իշխող քաղաքական ուժերի հանդեպ:

Նա անձամբ և իր ղեկավարած կուսակցությունը պահպանել են լեզու գտնելու ու կորցնելու ամպլիտուդը: Երբ զգացել են, որ կորցնում են, վերագտել են նորից: Կամ համարելով, որ կարող են իրենց լեզուն թելադրել՝ գրոհել են (կարճատև հաջողությամբ):

Իրավիճակը կտրուկ փոխվեց 2020-ի հունիսի 5-ին, երբ ԱԺ-ում քանակությամբ երկրորդ ուժը հրատապ նիստ գումարեց և որոշեց, որ «կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է և պետք է հրաժարական տա»:

Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդկանցից մեկը, որը ավելի ուշ հայտարարեց, որ նոր իշխանությունները հույսը դրել են «ֆեյքերի ու Ֆեյսբուքի, նաև ՊՈԱԿ-ի վրա», աղետալի իրավիճակի են հասցրել երկիրը, մտավ լրջագույն ինֆորմացիոն պատերազմի մեջ, որի գլխավոր առանձնահատկությունը ոչ այնքան փաստաթղթային ու իրավական լինելն է, որքան անտեսանելին տեսանելի դարձնելու հնարավորությունը:

Իմիջն ամեն ինչ է

Տարիների ընթացքում հայաստանցիները ընտելացել են, որ բոլոր պայմանավորվածությունները լինում են թաքուն, փակ դռների (պատուհանների, բերանների, ականջների) հետևում, և փաստերը զենք են, որ ոչ թե հրապարակման համար են, այլ՝ ճնշում գործադրելու միջոց: Պարզ ասած՝ շանտաժի: Քաղաքական շանտաժը սովորական մի բան էր:

Եվ իհարկե, «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը շատ լավ գիտե այդ մասին, բայց պատրաստ չէր, որ փաստերը պարզապես բացվելու են՝ առանց առաջարկվող կամ սակարկվող գնացուցակի:

2020-ին տեղի ունեցավ այլ մի բան: Նրան քրեական մեղադրանք առաջադրվեց և նա զրկվեց իր պատգամավորական մանդատից:

Եվ մեծ դեր ունեցավ այստեղ ինֆորմացիոն բաց և ազդեցիկ քաղաքականությունը:

Սովորաբար, պատերի (բարձր ցանկապատերի, ավելի բարձր պարիսպների) հետևում թաքնվածը առեղծվածային շղարշ է ձեռք բերում, անձնական օգտագործման ունեցվածքը համարվում է կախարդական մի բան: Նաև անձեռնմխելի փաստարկ, որ ունեցվածքի տերը հաջողակ է (եթե պարիսպների հետևում թաքցնելու բան չունես, անհաջողակի մեկն ես):

Այդ հաջողակ լինելու ու փակի տակ իր ունեցվածքը պահելու կախարդանքն անհետացավ, երբ ԱԱԾ-ն խուզարկեց Գագիկ Ծառուկյանի առանձնատունը և հրապարակեց տեսանյութ:

Իհարկե, այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ ընտրողներին կաշառք են բաժանել 2017-ի ԱԺ ընտրությունների ընթացքում կուսակցության օգտին քվեարկելու համար, լուրջ մեղադրանք է: Ինչպես նաև նրա կազինոների հետ կապված օրենսդրական խախտումները:

Հարյուրավոր միլիոն դրամների հասնող ընտրակաշառքի փաստը, ըստ ՀՀ դատախազության, վավերացված է առգրավված համակարգիչներում կամ ձեռագիր գրառումներում, որտեղ մարդիկ իրենց նվիրվածության ու հանուն առաջնորդի ամեն ինչին պատրաստ լինելու մասին են վստահեցնում:

Դժվար թե Հայաստանում գտնվեր մեկը, ով դա չգիտեր, թեկուզ որպես դեռևս անապացույց իրողություն:

Բայց ամենազգալի էֆեկտը թողեցին ոչ թե իրավական լեզվով կազմված մեղադրանքները, այլ Գագիկ Ծառուկյանի շողացող առանձնատան ու շքեղ ավտոպարկի ցուցադրությունը:

Երբեմն ինֆորմացիոն հակամարտությունների ժամանակ բավական է պարզապես ցույց տալ այն, ինչը ցուցադրման համար չէր նախատեսված (հիշենք Մանվել Գրիգորյանի «տուշոնկաների» բուրգերը, որոնք բոլոր բառերից էլ անդին էին):

Հիմա նրանք, ովքեր տեսան ավտոմեքենաների շարքերը (ընդամենը մի քանի վայրկյան), դժվար դա մոռանան: Ինչպես նաև չեն մոռանա 1979-ի մեղադրական տեքստի մեջբերումը, որտեղ երիտասարդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է բռնաբարության, ավելի ստույգ՝ «անբնական ճանապարհով կենակցության» մեջ:

Եվ այն, որ այս տեղեկատվական նետումը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, թույլ է տալիս պնդել, որ դա պատահական «արտոհոսք» չէր, և փորձ է արվում լրատվական դաշտում հրահրել խոսակցություններ Գագիկ Ծառուկյանի կերպարի ու հեղինակության մասին:

Իմիջի հետ խաղը (այդ թվում նաև՝ միշտ ժողովրդի կողքին կանգնածի, քանի որ միշտ կանգնում է ժողովրդի կողքին) արագորեն հասավ իր նպատակին:

«Անբարոյականի զավակ լինեմ, թե հետ կանգնեմ» ,- Գագիկ Ծառուկյանի այս խոսքերը նույնպես իմիջը պահպանելու փորձ են:

Ցույցեր՝ հանուն հարուստների

Ստեղծվեց ծայրահեղ պարադոքսալ իրավիճակ, երբ Գագիկ Ծառուկյանի համակիրները դուրս եկան ցույցերի՝ հանուն իրենց առաջնորդի փողերի ու դիրքի պահպանման, երբ մեծամասամբ ցուցարարները չունեն ո՛չ փող, ո՛չ դիրք, ո՛չ սոցիալական պաշտպանվածության գիտակցում: Ցուցարարները կարծես պաշտպանում էին Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը, լինելով զուրկ ունեցվածքից:

Եվ դա իհարկե, պարադոքս է և մշակութային լուրջ պրոբլեմ:

Ստացվում է, որ մարդն իր ապրուստի գրավականը ուղիղ համեմատում է մեծահարուստի ունեցվածքի պաշտպանության հետ (նշանակություն չունի, թե ինչ գնով ձեռք բերված): Եվ այդ նույն մեծահարուստը նրան դրդում է՝ «սով է լինելու», եթե ինքը կորցնի իր ունեցվածքը: Կարծես չկա պետություն ու պետական երաշխիք:

Սա «Հայաստանն իմ օջախն է» կարգախոսի ծայրահեղ դրսևորումն է, որը առաջ քաշեցին նոր իշխանությունները և որն իրականում ասոցացվում է առաջին հերթին «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: «Երեխաները» դուրս են գալիս պաշտպանելու «հայրիկին», ինչը նորմալ է ընտանեկան հիերարխիաներում:

Հանրային գիտակցության մեջ Գագիկ Ծառուկյանի կերպարը անշուշտ զգալի տեղ է զբաղեցնում (ժողովրդի ծոցից դուրս գալու, խոսելու և գործ անելու ծանոթ ոճի շնորհիվ նաև), բայց երբ տեսնում ես, թե իրականում ինչպես է ապրում «հայրիկը» և որքան չէր ուզի, որ այդ մասին իմանան մյուսները, առաջանում է խզում:

Երևի ոչ մի վարկաբեկիչ փաստ այդքան չազդեց, որքան ինքնավարկաբեկումը: Երբ բավական է ցույց տալ իրականությունը, ոչ թե միայն լսել ամբիոններից ասածը:

Լսել, որ սով է լինելու և միաժամանակ՝ տեսնել ասողի տան հարստությունը… Սա թույլ նյարդեր ունեցողների համար չէ:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *