2020.05.08,

Քննադատ

Մայիսի 8-ին «Շ» տառով հարազատ գտանք

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

1992-ի «Գարուն» ամսագրի 305-րդ համարի շապիկին գեղանկարիչ Գրիգոր Խաչատրյանի գաղափարն էր՝ սուրճի բաժակը շուռումուռ տվող ձեռքեր:
Ու բաժակը նայողի գուշակությունը.

«Շ»* տառով ինչ-որ հարազատ ես գտել, բայց չես կարողանում ուրախանալ՝ շատ բան ունես կորցրած: Մեծ, ** դժվար ճանապարհ ունես գնալու և հաջողությամբ, հաղթանակով է լինելու. արծիվա ցույց տալիս. լավա, շատ լավ բաժակա, մի հատ տակը բաց»:

Սուրճի բաժակը, ենթադրաբար, ընթերցողինն է: Նա էլ «մատով բացում» է մրուրն, ու «Գարուն»-ն է՝ որպես ամսագրի անուն ու որպես տարվա այն եղանակ, երբ գտել ես «Շ» տառով հարազատիդ:

Ամսագրի շապիկի ներքևում աստղանիշերի պարզաբանումն է՝

* Երևի նկատի ունի Շուշիի ազատագրումը:

** Խոսքը, հավանաբար, Արևմտյան Հայաստանի շուտափույթ ազատագրման մասին է:

«Գարուն» ամսագրի 305-րդ համարի շապիկը

Գուշակը ճիշտ էր. «Pro Armenia» լրատվական կենտրոնի տվյալներով՝ ժամը 3-ի դրությամբ հայկական ջոկատները հյուսիսից և արևելքից ճեղքել են Շուշիի պաշտպանությունը: Կատաղի մարտեր են տեղի ունենում Շուշիի արևմտյան մասում, ուր գտնվում է բանտը: Հայկական ջոկատները գրավել են Լիսագոր գյուղի մոտ գտնվող բարձունքը և վերահսկում են Շուշի-Լաչին ճանապարհը: Նախնական տվյալներով՝ ինքնապաշտպանական ուժերից զոհվել են 8 և վիրավորվել ավելի քան 80 մարտիկ… Ժամը 18:00-ի դրությամբ հայկական զինված խմբերը քայլ առ քայլ Շուշիում չեզոքացնում էին ադրբեջանցիների դիքերը» («Ազգ», 1992, մայիսի 9):

Շուշիի ազատագրումից բառացիորեն մեկ օր առաջ, ծանոթանալով մամուլի հրապարակումներին, նման հաղթանակն անհնար կարող էր թվալ.

«Մայիսի 7-ի երեկոյան տեղի ունեցած Գերագույն խորհրդի նախագահության արտակարգ նիստի ժամանկ նշվել էր, որ անդադար հրետակոծումների և հարձակումների հետևանքով Ստեփանակերտում ստեղծվել են կենսական անտանելի պայմաններ: Էլեկտրաէներգիայի, ջրի, դեղորայքի, վառելանյութի բացակայության պատճառով բարձրացել է զանգվածային համաճարակների հնարավորությունը: Ստեփանակերտում սով է» («Ազգ», 1992, N 35):

«Մայիսի լույս 8-ի գիշերը Շուշիից հակառակորդն աննախադեպ հրետակոծել էր Ստեփանակերտը, օդանավակայանում վնասվել էր թռիչքուղին», «Քաղաքում կան զոհեր և վիրավորներ, ավերվել է մի քանի տասնյակ տուն» (նույն տեղում):

Արցախում լույս տեսնող «Արցախ» հանդեսը «Արցախյան իրադարձությունների փոստարկղ» խորագրով վարում էր պատերազմի ժամանակագրությունը՝ օրերով ու ժամերով:

«Արցախ» հանդես, 1992թ․

1992, հունվարի 1. «Ստեփանակերտը ինտենսիվ կերպով հրթիռա-հրետակոծվել է Շուշի քաղաքի և նույնանուն շրջանի Կրկժան, Ջանհասան ու Մալիբեկլու ադրբեջանաբնակ գյուղերի կողմից: Քաղաքի վրա արձակվել է «Ալազան» տիպի 54 հրթիռ, 8 համազարկ է տրվել S12 թնդանոթներից: Կան զգալի ավերածություններ: Ամբողջովին ավերվել ու հրդեհվել է Կասպարով փողոցի N 21 տունը: Տարբեր շրջանի մարմնական վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել 4 մարդ»:

«Գիշերը կրկին պայթեցվել է Ստեփանակերտի գլխավոր ջրմուղը, որն անցնում է Շուշվա շրջանի տարածքով» («Արցախ», 1992, N 2-3):

Մայիսի 9. «Գիշերվա ժամը 2-ն անց 30 րոպեից սկսված Ստեփանակերտի շրջակայքում գտնվող ադրբեջանական զինյալների կրակակետերի վնասազերծման գործողությունները պսակվել են հաղթանակով: Ճնշված են թշնամու կրակակետերը: Մարտեր են ընթանում Ջանհասան և Կարագյավ գյուղերի շրջակայքում» («Արցախ»,  1993, N 1-2):

«Շուշիի ազատագրումից հետո, կեսօրին, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանը՝ նախագահության անդամների ուղեկցությամբ, այցելեց ազատագրված Շուշի: Նա ծանոթացավ քաղաքի իրավիճակին, այցելեց ռազմատնտեսական նշանակություն ունեցող օբյեկտները: Ադրբեջանական բանակի կողմից զինապահեստի վերածված Ղազանչեցոց և Ամենափրկիչ եկեղեցիներում Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը մատուցեց հոգեհանգստի պատարագ՝ Շուշիի ազատագրման մարտերում զոհված հայ մարտիկների հիշատակին» (նույն տեղում):

«Շուշին ազատագրված է, և 3 հազար շուշեցիները կարող են և պետք է վերադառնան իրենց տները: Ղարաբաղի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը  սրբագործեց քաղաքը, և Ղարաբաղի ղեկավարները Շուշիից թարմ ծաղիկներ տարան-դրեցին Արթուր Մկրտչյանի շիրիմին: Իսկ խաղաղությունը դեռ հեռու է. դեռ մեծ պայքար է սպասվում: Փառք բոլոր մարտիկներին՝ հին ու նոր , նահատակված ու պայքարող» («Ազգ»,1992, մայիսի 13):

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *