Տարբեր երկրներում իշխանությունները, օգտագործելով համավարակն ու արտակարգ իրավիճակը, սահմանափակում են լրատվամիջոցների հասանելիությունը տեղեկատվությանը: Զուգահեռ դրան՝ արգելափակում կամ վարկաբեկում են այն անկախ լրատվամիջոցներին, որոնք փորձում են ինֆորմացիա պեղել ոչ պաշտոնական աղբյուրներից:
Դա առավել ցայտուն ու վտանգավոր է այն երկրներում, որտեղ մեդիայի մեծ մասը վերահսկվում է իշխող քաղաքական ուժի կողմից ու լրագրողներն արդեն ընտելացել են աշխատել ինքնախմբագրման ու ինքնագրաքննության ռեժիմով:
Այդ ֆոնին հատուկենտ անկախ լրատվամիջոցները շատ հստակ են թիրախավորվում, ենթարկվում հետապնդումների ու արժանանում տուգանքների:
Կան երկրներ, որոնք հենց համավարակի օրերին ընդունեցին լրատվամիջոցներին սաստող օրենքներ: (Արժե համեմատել Հայաստանի հետ, որտեղ արտակարգ դրության ժամանակ «խուճապ տարածելու» կետը շատ արագ հանվեց շրջանառությունից ու չստացավ այն շարունակությունը, որը եղավ ավտորիտար կամ կիսաավտորիտար այլ պետություններում):
Օրինակ, Հունգարիայում, որտեղ մեդիայի մեծ մասը գտնվում է իշխող կուսակցության վերահսողության տակ (անձամբ վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա մերձավորների):
Հունգարիայում հիվանդանոցների աշխատակիցներին ու պետական մարմիններին արգելված է ուղիղ խոսել լրատվամիջոցների հետ, իսկ ասուլիսներն անցնում են առանց լրագրողների: Հունգարիայում «ֆեյք» տարածելու համար (այսինքն, կեղծ ինֆորմացիա՝ ըստ իշխանությունների) կարելի է հայտնվել բանտում, հինգ տարով:
Ընդհնարապես, ապատեղեկատվության դեմ իշխանությունների հայտարարած պայքարը վտանգավոր է ոչ միայն հնարավոր բռնաճնշումներով, այլև լրատվամիջոցների ինքնագրաքննությամբ:
Լրագրողն ինքը կարող է խուսափել հայտնել իր մոտ եղած ճշտված ու ամբողջական ինֆորմացիան, եթե իմանա, որ կարող են իր դեմ դատական գործեր բացվել և տուգանքներ կիրառվել:
Պատիժները զգուշավորության պատճառ են դառնում, ինչը հատկապես ճգնաժամի ժամանակ ու կենսական պահերին կարող է աղավաղել մեդիայի դերը:
Ի վերջո, մեդիան, իր սեփականատերերի կցորդն ու բարձրախոսը չէ, այլ ունի հանրային առաքելության դեր: Եվ հատկապես այն երկրներում, որտեղ մեդիա դաշտի վերահսկողությունը ավանդական մոտեցում է իշխանությունների համար:
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը խոսել է «շոկային դոկտրինի» մասին, երբ առաջնորդները կարող են «օգտվել այն փաստից, որ քաղաքականությունը դադար է վերցրել, հասարակությունը քարացած է, բողոքի ցույցեր չկան, որպեսզի կիրառեն միջոցներ, որոնք սովորական ժամանակներում անհնար կլինեին», – ասել է նա:
Հայաստանի համար հատկանշական է Ռուսաստանի օրինակը, քանի որ ռուսական մեդիան Հայաստանում ունի մեծ լսարան ու հաճախ է հղումներով հյուսվում մեր համատեքստին՝ համարվելով անբեկանելի փաստ կամ արժանահավատ տեղեկատվական աղբյուր նույնիսկ այն դեպքերում, երբ ակնհայտ է հակառակը:
Ռուսաստանյան լրահոսից են Հայաստան հասնում նաև մեծ ծավալի մանիպուլյատիվ լուրեր, միֆեր, դավադրապաշտական վարկածներ ու պետական միակողմանի քարոզչություն:
Հաճախ դրանց ակունքը դրվում է դաշնային լրատվամիջոցներում, որոնց փոքրաթիվ անկախ մեդիան դժվարությամբ է կարողանում պատասխանել՝ պարզապես կորչելով աղմուկի մեջ:
Կորոնավիրուսը Ռուսաստանում դարձավ այն թեման, որը իշխանությունները կարողանում են օգտագործել՝ անցանկալի (և իրոք շատ փոքր քանակի) լրատվամիջոցներին չեզոքացնելու համար: Հատուկ կորոնովիրուսի օրերին ընդունված օրենքը հզոր ճնշման լծակ տվեց Ռուսաստանի իշխանություններին:
2020-ի մարտի վերջին ընդունված օրենքը ենթադրում է ազատազրկում կեղծ տեղեկատվության տարածման համար, նախատեսված են խոշոր տուգանքներ ու հրապարակումների արգելափակումներ, եթե պետությունը համարի, որ դրանք անհարգալից են հասարակության հանդեպ կամ վարկաբեկում են պետությանը: Հասկանալի է, որ դա արվում է՝ վկայակոչելով պետական անվտանգությունը:
Ռուսաստանի լրագրողների «Սինդիկատ 100» միավորումը բաց նամակ տարածեց, որտեղ ասաց գրաքննության անթույլատրելիության մասին՝ համավարակի ժամանակ:
«Խնդիրների լուծման առաջին քայլը այդ խնդիրների մասին իրազեկ լինելն է: Լռելով խնդիրների մասին, միայն խորացնում ենք դրանք: Հասկանալի է, որ պատմելով դրանց մասին, մամուլը կամա թե ակամա մատնանշում է խնդրի մեղավորներին… Եվ հաճախ դրանք կոնկրետ մարդիկ են՝ անուն-ազգանուններով, լիազորություններով օժտված, բայց այդ լիազորությունները չկատարող ոչ կոմպետենտ լինելու կամ այլ պատճառներով: Վիրուսը կհեռանա, իսկ նրանք կմնան: Անկախ և հավստի տեղեկատվությունը կատաղեցնում է նրանց, ովքեր ճգնաժամի պայմաններում ունեն լիազորություններ, բայց վատ են անում իրենց աշխատանքը»,- ասված է նամակում:
Ռուսաստանյան լրագրողները ասում են, որ իշխանությունները խոսում են մամուլի հետ՝ օգտագործելով ռազմական բառապաշարն ու ուղղակիորեն սպառնալով:
Դրան նպաստում է նաև հապճեպ ընդունված օրենքը՝ կորոնավիրուսի ժամանակ ֆեյքերի տարածման համար քրեական պատասանատվության ենթարկելը, խոշոր տուգանքները:
Օրինակ նման խոշոր տուգանքներ են սպառնում մարզային լրատվամիջոցներին՝ Կրասնոյարկսի TBK ալիքին, որը ցույց էր տվել կադրեր «Պուտինի ջոկատներ»-ի տարածած հավաքից, թե վիրուսը հնարել է Դոնալդ Թրամփը, ինչի համար ալիքը մեղադրվեց մամուլի ազատությունը չարաշահելու մեջ:
Նաև «Про Уфу» հարթակին, որը գրել էլ, թե ինչպես են գերեզմանոցներում թաղում կորոնավիրուսից մահացածներին: Այդ տեղեկությունը Ռոսկոմնադզորը համարեց «ֆեյք», մինչդեռ աղբյուրը հենց քաղաքային իշխանություններն էին:
«Հակաֆեյքային» օրենքը հարվածեց նաև Սանկտ Պետերբրուրգի լրագրող Տատյանա Վոլտսկայային, որը հարցազրույց էր արել բժշկի հետ՝ խոսելով առողջապահական համակարգի անմխիթար վիճակի մասին:
Լրագրողների նամակում ասվում է, որ կորոնավիրուսի ժամանակ աղբյուրները երբեմն նաև անանուն են (օրինակ բժիշկները, որոնք վախենում են կորցնել աշխատանքը, այդ պատճառով էլ տեղեկատվություն են փոխանցում անանուն):
Նամակում կա կարևոր կետ, որով լրագրողների միավորումը հիշեցնում է, որ հակաֆեյքային օրենքը ոչ թե ուղղված է կեղծ տեղեկատվությանը, այլ ընդհանրապես տեղեկատվությանը: Այսինքն, ընդդեմ բոլոր լրագրողների:
Ռուսաստանյան Ռոսկոմնադզորը համավարակի ընթացքում «վնասազերծել է» 300 «ֆեյք» և ստիպել հեռացնել 80 հրապարակում:
Օրինակ, եղել է դեպք, երբ Արխանգելսկ քաղաքի բնակչուհուն տուգանել են և պարտադրել հեռացնել աղբանոց կառուցելու դեմ ուղղված բողոքի երթի մասին սոցցանցային գրառումը, պնդելով, թե դա ֆեյք լուր է: Մինչդեռ նման բողոք եղել է, և կան դրա լուսանկարները:
Ֆեյքերի դեմ պայքարող օրենքը կիրառվեց նաև vademec.ru բժշկական կայքի դեպքում, որը գրել էր, թե ինչպես կարելի է վճարել բուժման համար, եթե հաստատվել է կորոնավիրուսը: Կայքը արգելափակվեց, քանի որ այդ տեղեկությունը պետությունը համարեց կեղծ, իսկ խմբագրությունն այդ քայլն անվանեց «կոշտ գրաքննություն՝ հանրային բարորության անվան տակ քողարկված»:
Հետաքրքիրն այն է, որ վճարովի և անվճար բուժման մասին տեղեկությունը հասանելի էր բաց պետական աղբյուրներում:
Սակայն ամենամտահոգիչ վիճակում հայտնվեց «Նովայա գազետա» թերթի լրագրող Ելենա Միլաշինան, որին պատերազմ հայտարարեց ու ուղիղ կերպով սպառնած սպանել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Կադիրովին դուր չէր եկել Միլաշինայի հոդվածը Չեչնիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին, և լրագրողն ու նրան ուղեկցող իրավաբանը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել էին ծեծի:
Կադիրովը վիդեոուղերձ հրապարակեց, որտեղ խոստացավ, որ «ազգի թշնամիներ» լրագրողներին կարող են նաև լռեցնել՝ անգամ հանցագործության դիմելով:
Արդյունքում Ռուսաստանի դատախազությունն արգելանք դրեց «Նովայա գազետայի» հոդվածին՝ համարելով այն սպառնալիք հասարակական անվտանգությանը: Աղմուկ բարձրացրած հոդվածում նկարագրված էր, թե չեչենական հիվանդանոցները պաշտպանիչ միջոցների կարիք ունեն, իսկ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու պատրվակով զանգվածային կերպով ձերբակալվում են շատ մարդիկ և ենթարկվում խոշտանգումների:
Ավելի ուշ իրավապաշտպաններն ու հայտնի մարդիկ նամակ գրեցին Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով պաշտպանել Միլաշինային և քրեական գործ հարուցել Կադիրովի դեմ, քանի որ պաշտպանելով Կադիրովին՝ իշխանությունները դառնում են հանցագործության մասնակից:
«Անպատժելիությունը պետք է կասեցվի»,- ասված էր նամակում:
ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանեց, որ «ոչ մի արտառոց բան չի եղել», իսկ Կադիրովի խոսքերում չկա «ոչ մի անօրինական կամ արգելված բան»:
Համեմատելով Ռուսաստանի ու Հայաստանի վիճակը մեդիայի ու վարակի փոխահարաբերությունների տեսակետից՝ կարելի է տեսնել, թե որքան կոշտ են քայլերը Ռուսաստանում և որքան մեղմ՝ Հայաստանում:
Թեև մեծ հաշվով, երկու պետություններում էլ լրահոսի խառնաշփոթն ու տարբեր խմբերի շահերը վնասում են որակյալ լրագրությանը: Նաև նվազում է լրագրողների հանդեպ վստահության աստիճանը:
Ռեպրեսիվ մեթոդների ու ինքնակարգավորման ներքին մղումի միջև հավասարակշռությունը համավարակի օրերին անընդհատ խմբագրվում է:
«Ինչպե՞ս պատմել համավարակի մասին» հարցը գրեթե հավասար է «Ինչպե՞ս բուժել կորոնավիրուսը» հարցին:
Թե՛ լրագրողները, թե՛ բժիշկները փնտրում են ելքեր, որոնցից կախված է բոլորիս առողջությունը: Իսկ վախեցած, խեղճացած ու կենսական պարագաների կամ բարենպաստ միջավայրի պակաս ունեցող բժիշկն իր գործը չի կարող լավ անել: Ինչպես նաև լրագրողը:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: