Երևի ոչ մի լրագրողի մտքով անգամ չէր անցնի, որ մեկ ամիս շարունակ և դեռ անհայտ է, թե մինչև երբ, նա գրելու է միայն համավարակի մասին:
Գրեթե բոլոր լուրերն ու անդրադարձերը վարակի, վարակվածների ու ձեռնարկվող միջոցառումների մասին են: Եվ մեծ մասը հեռավար կառուցած:
Լրագրությունը, զրկվելով տեղաշարից, արագությունից ու բազմազան թեմաների ընտրանուց, մի կողմից դարձավ շքեղություն (տանը աշխատելը հնարավոր է և հարմար), իսկ մյուս կողմից՝ զրկանք (տանը աշխատելն այդքան էլ հարմար չէ և ոչ միշտ հնարավոր):
Հայտնվեցինք շատ տանջալի իրավիճակում, երբ պետք է սպասենք: Սպասենք երկար, անհուսալի՝ խախտելով մեծ ու փոքր պլանների վերջնաժամկետները: Փնտրելով մեր ձայնը լրահոսում ու փորձելով կարևոր գործ անել՝ նույնիսկ անշարժության պայմաններում:
Եվ քանի որ հիմա մեդիայում ցանկալի հյուր են հոգեբանները, փորձենք հոգեբանական տեսանկյունից նայել լրահոս կազմողների աշխատանքին ու այդ լրահոսը կարդացողների հոգեվիճակին:
Համավարակը մեզ ծանոթ աղետներից չէ
Երբ լրագրողները լուսաբանում են աղետները կամ դժբախտ պատահարները, նրանք ակամայից դառնում են վկա: Շփումը տուժածների հետ սթրես է նաև լրագրողների համար: Այդ պատճառով էլ լրագրողը նաև մի քիչ հոգեթերապևտ է, քանի որ ակամայից իր վրա է վերցնում իր նյութերի հերոսների կորուստի զգացումը, վախը, ցավը, բարկությունը:
Եվ վերցնելով իր վրա այդ բեռը, հաճախ չի կարողանում դրանից ազատվել:
Հիմա մեզ պատած համավարակը լուսաբանելը ավելի բարդ է, քան, օրինակ, վթարները, բնական աղետները կամ ահաբեկչական ակտերը: Կորոնավիրուսը ոչ թե արդեն ավարտված որևէ գործողություն է, այլ վտանգ է՝ ներկայում շարունակվող և ոչ տեսանելի: Ոչ միայն ուրիշի հետ եղած պատմություն է, այլ պատմություն, որը կարող է դիպչել անձամբ լրագրողին՝ դարձնելով նրան իր իսկ պատմության մաս:
Հայտնի է, որ զինվորները կամ նույն լրագրողները թեժ կետերից վերադառնալուց հետո կարիք ունեն մտքերի ու հույզերի ռիթմը փոխելու, ինչը ոչ բոլորին է հաջողվում: Բայց պիտի լինի «մինչ» և «հետո» ընկալման ռեժիմը, որ կարողանանք նորման տարանջատել ոչ նորմայից:
Բայց հիմա դա անհնար է, անգամ կարելի է ասել, որ նորմա է դարձել ոչ նորմալ վիճակը, կարգ՝ արտակարգը:
Իսկ արտակարգ իրավիճակներում երկար գոյատևելը բարդ է՝ առանց հիշելու, որ անհրաժեշտ է նոր, սեփական կարգ՝ աշխարհն ու ներաշխարհը որևէ կերպ հավասարակշռելու համար:
Բուժաշխատողներին ավելի հեշտ է, քանի որ, տեսնելով ցավն ու շփոթմունքը, նրանք կարող են հիմնավորել, որ իրենց աշխատանքի բնույթն է այդպիսին, որ կենսական նշանակության գործ են անում:
Լրագրությունն, իհարկե, նույնպես կենսական մասնագիտություն է, բայց այն դեպքում, եթե ինքներս մեզ չենք խաբում ու անընդհատ չենք վազում վարկանիշների ու հոգեցունց լուրերի հետևից: Դա բառիս բուն իմաստով նշանակում է՝ տեղում վազել։ Ու ուժասպառ լինել։
Տարածության գործոնը
Սոցիալական կապերը վառ պահելը մարդու հիմնական հոգեբանական պահանջներից է: Եվ երբ չենք հաղորդակցվում սովորական ռեժիմով, հոգեկան աշխարհը ենթարկում ենք լուրջ փորձության:
Իսկ լրագրողի համար անձնական շփումները, հանդիպումները աղբյուրների հետ, ընդհանրապես դաշտում աշխատանքը հնարավոր չէ լիովին փոխարինել օնլայնով: Հատկապես, երբ լրագրությունը վիզուալ է ու պարտադիր է թիմային աշխատանքը:
Լրագրությունը չի կարող լինել լիովին հեռահար, այն պահանջում է սոցիալական կապերի պահպանում ու դիտողական է իր բնույթով: Տանը նստած լրագրողը վաղ թե ուշ նյարդայնանում է ու զգում իրեն, ինչպես բանտում: Միաժամանակ հասկանում է, որ ֆիզիկապես հեռու լինելը դեպքի վայրերից (հիվանդանոցներից, մարդաշատ վայրերից և այլն) պարտադրանք է, որը խախտելով վտանգում է սեփական առողջությունը:
Ընդհանրապես, հիմա ողջ աշխարհն է վերանայում, թե ինչ է նշանակում լինել հեռու և ինչ է նշանակում լինել մոտ: Կարծես օնյալնում բոլորս կողք կողքի ենք, բայց մեկ վայրկյան անց՝ կրկին միայնակ, զրուցակիցները՝ հեռու: Իսկ միջավայրը միշտ նույնն է, դեպի աշխարհ տանող միակ պատուհանը մեր սարքերի էկրանն է:
Բաց տարածության պակասը լրացնելը համավարակի առաջացրած մարտահրավերներից է: Եվ այն լրացվում է կրկին տարբեր սարքերի էկրաններով և արտասովոր ակտիվությամբ՝ սոցիալական ցանցերում:
Պատահական չէ, որ շատ մարդիկ ակամայից ուզում են մնալ զերծ ու անդին կորոնավիրուսից՝ զբաղվելով խոհարարությամբ, այգեգործությամբ, արվեստով, սպորտով: Եվ այդ մասին հայտնել ու ցույց տալ սոցցանցերում: Դա փոքր-ինչ ընդլայնում է փակ տարածքը:
Հատկապես, եթե հիշենք, որ մեկուսացման պայմաններում կարող են նվազել մտավոր կարողությունները, քանի որ ուղեղի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ են տարաբնույթ ազդակներ ու խթաններ՝ արտաքին աշխարհից, տարբեր միջավայրերից:
Երկարատև մեկուսացումը կարող է ազդել հիշողության, ուշադրության վրա, թուլացնել ինքնատիրապետումը:
Ժամանակի գործոնը
Մարդուն հատուկ է պլանավորումը, քայլերի կազմակերպումը: Բայց հիմա որևէ մեկը չի կարող ազդել կյանքի ընթացքի վրա, անհայտ է, թե ինչ չլինի վաղը, մեկ շաբաթ անց, կես տարի հետո: Չեն գործում ժամկետներն ու խոստումները, թե երբ ենք վերադառնալու կյանքի այն ռեժիմին, որին սովոր էինք:
Տրավմայի բնորոշումը, իրականում, շատ պարզ է. դա իրավիճակը փոխելու անկարողությունն է:
Չենք կարող որևէ կերպ ազդել իրավիճակի վրա ու զգում ենք մեզ անօգնական: Ի հայտ է գալիս զգացողություն, որ կորցնում ենք վերահսկողությունը մեր ապագայի նկատմամբ, քանի որ ամեն ինչ անկանխատեսելի է:
Մենք հիմա ապրում ենք տրավմատիկ իրավիճակում՝ զրկված լինելով որևէ վերահսկողությունից արտաքին աշխարհի վրա: Բայց անգամ այս իրավիճակում անհրաժեշտ է ընտրել ձևեր՝ մնալու ակտիվ կապի մեջ թե՛ աշխարհի, թե՛ ինքներս մեզ հետ: Ժամանակը կազմակերպելու համար օգնում են առօրյա ծեսերը, ներքին աշխարհին ականջ դնելը:
Ներաշխարհը կազմակերպելով միայն կարող ենք պատասխանել արտաքին ազդակներին: Սա կանոն է հատկապես մեկուսացած մարդկանց համար։
Հոգեբանության մեջ նկարագրված է մի իրավիճակ, երբ մարդը ափսոսում ու սգում է այն կյանքը, որը կարող էր ունենալ, բայց հիմա ունենալ չի կարող: Ստիպված սովորում է ապրել առանց հստակ ապագայի հետ կապի: Իհարկե, դա շփոթեցնում է:
Սթրեսային իրավիճակը բաժանվում է հինգ փուլերի.
- Ժխտում ես, որ կա խնդիր,
- Ի հայտ են գալիս դեպրեսիայի ախտանիշներ,
- Բարկանում ես,
- Մտորում, գցում-բռնում ես, թե ինչ անել,
- Ընդունում ես խնդիրը
Վերջին փուլը՝ խնդրի հետ համակերպվելը, նշանակում է, որ այլևս չես պայքարում այն բանի հետ, որի վրա ազդել չես կարող:
Այս վիճակում շատ կարևոր է համբերությունն ու միանալու-անջատվելու ճիշտ ռիթմը: Ընդհանրապես, համբերելը բարդ է, բայց դա պետք է՝ վիճակը ընդունելու համար:
Այստեղ մեծ դեր ունի մեդիան: Անընդհատ լուրեր կարդալը (ինչ եղավ, ինչ է սպասվում, ինչ է փոխվում), նոր լուրերի սպասումը, սոցիալական մեդիան թերթելը առաջացնում է կախվածություն նորությունների սպառումից:
Այդ կախվածությունը խանգարում է ընդունել խնդիրն ու դրանով իսկ՝ հաղթահարել տրավմատիկ իրականությունը:
Կարևոր բան բաց թողնելու վախը
Գրեթե բոլորը, բայց հատկապես լրագրողները, անընդհատ փորփրում են տարբեր տեղեկատվական աղբյուրներ: Քնելուց առաջ էլ վերջին բանը, որ անում են, ստուգում են հեռախոսը, որ հանկարծ մի կարևոր բան բաց չթողնեն: Նույնն էլ անում են միանգամից արթնանալուց հետո:
Բայց համավարակի պայմաններում նորություններից որոշ ժամանակով անջատվելու ունակությունը առավել օգտակար է: Անընդհատ կապի մեջ լինելը՝ մտքով, հույզերով ու ժամանակով, լուրջ սթրես է:
Միայն ապարդյուն կսպառվենք, եթե գիտակցաբար չպատնեշվենք ինֆորմացիայից: Լավ կլինի, որ լինեն ժամեր, երբ տեղեկատվական քաղցը ոչ թե կհյուծի, այլ կլինի այլընտրանքային ժամանակահատված՝ նախատեսված լիցքաթափման համար:
Օրինակ, կարելի է կամքի լարումով որոշել, որ արթնանալուց միայն կես ժամ հետո ենք աշխարհը ներս թողնելու մեր մեջ, իսկ այդ կես ժամը միայն մենք ենք ու առավոտը: Թող վարակը չլինի առաջին բանը, որին կհանդիպենք արթանալիս ու վերջինը՝ քնելիս:
Այն հոգեվիճակը, որը կոչվում է FOMO (Fear of Missing Out), ինչ-որ կարևոր բան բաց թողնելու վախը, վնասում է առաջին հերթին ինֆորմացիայի հետ գործ ունեցողներին: Թե՛ սպառողներին, թե՛ ստեղծողներին:
Երբ պատկերացնում ես, որ հենց հիմա տեղի է ունենում բեկումնային ու կլանիչ մի բան, իսկ դու դրա մասին դեռ չգիտես, դառնում ես կախյալ մեդիայից:
Կախյալ վիճակում ստեղծած լրագրողական արտադրանքը դժվար թե լինի որակյալ, իսկ այն սպառողի միտքը՝ սթափ:
Ի վերջո, համավարակը երկար մարաթոն է, որտեղ պիտի կարողանալ փոխել ռիթմը, խմբագրել գրաֆիկները, տնօրինել ժամանակը: Մի խոսքով՝ լինել հոգեբան ոչ միայն ուրիշների, այլ հենց սեփական (սիրելի) անձի համար:
Հ.Գ. Նկարիչ Պետո Պողոսյանն իր նկարը անվանել է «Նորություն», քանի որ կանխազգում է, որ աշխարհը խտանում ու սեղմվում է միշտ նոր բան խոստացող հեռախոսի էկրանի մեջ: Ու թե ինչ կտեսնենք այդ էկրանին, մեծապես կախված է լրագրողներից:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: