93-ի նոյեմբերի 12-ի «Ազգում» տպագրվեց «Ինչու գնացին խմբագիրները» վերնագրով մի հոդված, որի հեղինակը ընդարձակ նախաբանից հետո ներկայացնում էր այդ հարցին «Ար» շաբաթաթերթի նախկին խմբագիր Տիգրան Պասկևիչյանի, «Երկիր» օրաթերթի նախկին խմբագիր Աղվան Վարդանյանի և իմ պատասխանները:
Ամենաորոշակի և կարճ պատասխանը Տիգրանինն էր՝ հեռացել է ֆինանսական պատճառով: Ես և Աղվանը, յուրաքանչյուրս մեր չափով, բացատրել էինք կատարվածի խորքային պատճառները, չկամենալով, սակայն, մանրամասներ բացահայտել և հարցը հնարավորինս հեռացրել էինք անձնական փոխարաբերությունների, կուսակցական խոհանոցի տիրույթներից…
Բայց հոդվածի հեղինակ Աննա Իսրայելյանը մինչ մեր բացատրությունները իր ինֆորմացիան էր ներկայացրել: Մեջբերեմ. «Հայքում» վճռորոշը փոխհարաբերություններն էին՝ անկուսակցական խմբագրի և թերթի գլխին զանազան ժամանակներում կարգված «հավատաքննիչների» (Ալբերտ Բաղդասարյան, Արամ Մայիլյան, այլք): Անուններ թվարկեցի, որովհետև խիստ կարճ ժամանակ անց նույն անձնավորությունները մի թևի մեջ միավորվեցին՝ ընդդեմ ՀՀՇ վարչության տիտղոսավոր անդամների»: Սրանից բացի՝«… ոչ միադեմ ՀՀՇ վարչությունը թերթի՝ որպես քարոզչության միջոցի դերի ըմբռնման ու դրա կարևորության անտեսման հարցում խիստ միադեմ է: Այստեղից էլ բխում են «Հայքի մյուս, մեծ մասամբ տնտեսական խնդիրները»:
Ինչ վերաբերում է «Երկիրին»՝ «Ազգի» թղթակիցը նախ հստակեցնում է, որ այստեղ տնտեսական խնդիրներ բնավ չեն կարող լինել. «Դաշնակցությունը մամուլի հարգն ու պատիվը իմացող կուսակցություն է, ու «Երկիրն» ու նրա աշխատակիցները կուսակցական մյուս թերթերի համեմատ միշտ առավել բարենպաստ վիճակում են եղել: Ուղղակի «Երկիրի» դաշնակցական, բայց բանաստեղծ-ազատատենչ խմբագրի հոգին չհամակերպվեց ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ի որոշ անդամների՝ ամեն ինչ վերահսկելու, գրեթե գրաքննելու, ամեն ինչին միջամտելու մարմաջին: Այսինքն, ի վերջո, հիմքում սա էլ է փոխհարաբերությունների խնդիր: Զարմանալիորեն նման դասավորվեցին երկու հակադիր թերթերի խմբագիրների ճակատագրերը: Իմ կարծիքով, հետագայում այդ թերթերն էլ նմանատիպ փոխվեցին՝ մասամբ կորցրին իրենց յուրօրինակությունը, համն ու հոտը, խմբագրության հեղինակային աշխատանքը սկսեց ընդամենը 2-3 հոդվածով երևալ, իսկ առավելագույն տեղը սկսեց զբաղեցնել անարյուն լրատվությունը»:
Անկախ դրդապատճառներից՝ այդ հրապարակման մեջ երեքս էլ նույն տեսակետն էինք հայտնել՝ անկախ մամուլը չի կայացել:
Իմ խոսքից. «… չորրորդ իշխանության հանդեպ պետության անտարբեր-հայեցողական վերաբերմունքը վաղուց է հայտնի, հայտնի են նաև մամուլի առջև ծառացած համընդհանուր հիմնախնդիրները… ՀՀՇ կազմակերպության բազմանշանակ վերաբերմունքի մեջ (թերթի հանդեպ.-հեղ.) գերակշռում էին աղմկոտ դիլետանտիզմն ու դեմագոգիան…»:
Տիգրան Պասկևիչյանի խոսքից. «… հիմնադիրների, թերթը ֆինանսավորողների կողմից քաղաքական, գաղափարախոսական ճնշում չի եղել՝ այդ պատճառով եմ «Արը» անկախ թերթ համարում: Իսկ այսօր Հայաստանում այդպիսի թերթ, կարգին մամուլ պետք չէ: Մամուլն ընդամենը կուսակցական, պետական գործունեության մասն է, գործիքը: Իսկ առանձին մամուլ, որպես քաղաքացիական հասարակության մաս… դե, չկա այդ հասարակությունը, չի լինի և ճիշտ, ազգային մամուլը»:
Աղվան Վարդանյանի խոսքից. «…Հայաստանի Հանրապետությունում դեռ երկար չորրորդ իշխանություն չի լինելու, որովհետև դեռ երկար չի լինելու կիրթ քաղաքական միջավայր, միմյանցից անկախ առաջին, երկրորդ, երրորդ իշխանություն: Հայաստանին այսօր ազատ, ուժեղ մամուլ պետք չէ: Ներքաղաքական կայունություն է պետք, իսկ դա ապահովում են արդեն հայերեն կրկնօրինակվող հարյուրմասանոց մեքսիկական ֆիլմերը…»:
Դիտելով իրենց պահած լրատվամիջոցը սեփական գովքն անելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու միջոց, քաղաքական ուժերը, կարելի է ասել, մեկ այլ բացասական դերակատարություն էին ստանձնել. դասակարգային հակասության մեջ էին մտել լրագրողական աշխարհի հետ: Բայց սա նրանց առանձնապես չէր անհանգստացնում: Նրանք լրագրողներին բաժանում էին յուրայինների և օտարների, մերոնքականների և հակառակորդների: Լրագրողներից շատերն ընդառաջ էին գնում այս դերաբախշմանը և իրենք էլ իրենց հերթին էին քաղաքական ուժերին բաժանում ազգայինների և ապազգայինների, հայրենասերների և հայրենադավների: Մթնոլորտը, այսինքն, թունավորվում էր ամեն կողմից, և այս պայմաններում, խաղի այս կանոններով դժվար, գրեթե անհնար էր պահպանել ողջախոհությունը, համերաշխությունը, երբեմն նույնիսկ բարեկրթությունը: Ահա այս էր պատճառը, որ թերթերը հաճախ գրում էին միմյանց դեմ, թշնամական նյութեր հրապարակում, և վատն այն էր, որ սա դուր էր գալիս ընթերցողներին:
Ամենացավալի և ոչ մի կերպ չհաղթահարվող արդարացում-պատճառաբանությունը, թե մեր պատվիրատուն ընթերցողն է, հետևաբար՝ մենք ընթերցողին մատուցում ենք այն, ինչը պահանջված է,- հետևողականորեն փչացրեց ու գետնին հավասարեցրեց չափանիշներ ու ճաշակ, միտք ու մակարդակ: Ամբոխահաճությունը դարձավ թելադրող, դարձավ նշաձող, և դեռ էն գլխից այս աղետի դեմը չառնելը անդունդը գլորեց մամուլը, հեռուստատեսությունը, սրանց հետևից՝ մշակույթն ու արվեստը, ի վերջո՝ նաև կրթությունն ու գիտելիքի հետ կապված ամեն ինչ:
Այս ամենի, առհասարակ բոլոր վատ բաների համար իշխանությունը մի բացատրություն կամ, եթե կուզեք՝ պատճառաբանություն-արդարացում ուներ. պատերազմը: Այսինքն, քանի դեռ պատերազմ է, ժամանակը չէ մնացած բաներով զբաղվելու: Բայց անգամ այս բացատրությունը չէր ներկայացվում հանրությանը: Ավելին. իշխանությունն անում էր ամեն ինչ, որ պատերազմի շունչը չհասներ մայրաքաղաք… Թերևս միակ բանը, որ այդ տարիներին իսկապես հաջողվում էր իշխանությանը. մայրաքաղաքը գրեթե անհաղորդ էր, թե ինչ է կատարվում հանրապետության սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում:
Վասակ Դարբինյան
շարունակելի
Հոդվածաշարի նախորդ մասը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: