2020.03.20,

Քննադատ

Լրագրության անցյալից. վերակացուներ մի նշանակեք խմբագրությունում

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Չլինելով ՀՀՇ անդամ և այդպիսով ինձ դուրս դնելով որոշակի կաշկանդումներից՝ ես այդպես էլ չնշանակվեցի «Հայքի» գլխավոր խմբագիր: Թեև փաստացի կատարում էի խմբագրի պարտականությունները և պատասխանատու էի թերթի համար, սակայն առժամանակ ստորագրում էի թերթը որպես գլխավոր խմբագրի տեղակալ, այնուհետև՝ խմբագրի պաշտոնակատար:

Բնականաբար, շատերին դուր չէր գալիս թերթի ազատությունն ու ինքնուրույնությունը, դա հանդուրժելու լայնախոհություն ոչ բոլորն ունեին, և շուտով վարչությունը քայլեր ձեռնարկեց ինձ վրա վերահսկողություն սահմանելու: Անբարեհույսիս և անվերահսկելիիս վարչությունը հակակշիռ գտավ ու նշանակեց խմբագրի պաշտոնակատար: Ալեքսան Հակոբյանն էր, ՀՀՇ վարչության անդամ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ:

Մասնագիտությամբ Ալեքսանը պատմաբան էր, այդ շրջանում տարված էր 20-րդ դարասկզբի պատմական որոշ անարդարություններ շտկելու՝ իր համար սաստիկ ռոմանտիկ, իմ կարծիքով՝ անիրական գաղափարներով: Ամեն առավոտ, գնալով խմբագրություն՝ տեսնում էի ազգային փոքրամասնությունների երկու տասնյակ մտազբաղ ներկայացուցիչների, որոնց շարքերում անմիջապես նշմարում էի իմ միակ ծանոթի՝ քուրդ գրող Ալիխանե Մամեի վեհապանծ ու գանգրահեր գլուխը: Նա միանգամայն անմեղ դեմքով, սև, մանր ու խորունկ աչքերով ժպտում էր ինձ, և ես առավել սուր էի զգում, որ այդ օրերին խմբագրությունում անելիք չունեմ, այստեղ լուծվում են աշխարհաքաղաքական հարցեր, որ «Հայքը» ոչ թե խմբագրություն է, այլ ինձ համար անհասկանալի հարթակ, որը խնդիր է դրել լուծելու աշխարհաքաղաքական հարցեր և իրականացնելու ճնշված ժողովուրդների երազանքները… Այնքան անմիջական էր նկարագրված միջավայրը ու բնական՝ գրեթե ամենօրյա այս տեսարանը, որ ինձ սկսեց թվալ, թե ես ամեն առավոտ գնում եմ ոչ թե «Հայքի» հարազատ խմբագրություն՝ աշխատանքի, այլ «Ռյա թազա» թերթի թռուցկաժողովներին:

Բնականաբար, դա երկար չտևեց՝ Ալեքսանն իր ժողովները տեղափոխեց այլ սենյակ: Նա, սակայն, հասցրեց մի քանի ամիս թերթը հեղեղել պատմական հոդվածներով, նպատակ ունենալով մատաղ սերնդի մեջ սերմանել հայ և քուրդ ժողովուրդների դարավոր բարեկամության գաղափարը, ոգեշնչել մեր հերոսական անցյալի էջերով:

Շուտով նա, այնուամենայնիվ, ավելի կարևոր առաքելություն ստանձնեց ու հեռացավ խմբագրությունից, և վարչությունն այս անգամ հինգ հոգիանոց մի խորհուրդ ձևավորեց, որը պիտի ուղղություն տար թերթին: Դա ձևական մի բան էր, այս խորհրդի կազմից թերևս միայն Վահան Փափազյանն էր, որ երբեմն մտնում էր խմբագրություն, ժպտադեմ բարևում և հարցնում՝ լա՞վ ես: Ի պատասխան՝ ես էլ էի ժպտում, և նա գնում էր իր գործին: Այս փուլը նույնպես կարճ տևեց:

Ինչ-որ մի շրջան էլ «Հայք» գործուղվեց վարչության անդամ Արամ Մայիլյանը: Նրան էլ, օրինակ, զարմանք էր պատճառում, թե ինչու ենք նյութերը էջերում տեղադրում ոչ թե վերից վար, այլ փռում իրար տակ, էջերը «կիսում» ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական… (կամ՝ գուցե հակառակը. այնքան էլ լավ չեմ հիշում): Այս ու սրանից շատ չտարբերվող դիտողությունները ահագին զվարճացնում էին  ամենքիս:

Ամենաեռանդունը, սակայն, «Հայքի» գործերին միջամտում էր վարչության փոխնախագահ Ալբերտ Բաղդասարյանը, որը ՀՀՇ վարչության հերթական նիստերից մեկում նշանակվեց  թերթի տնօրեն: Ես հասկանում էի, որ վարչությունում ինձ առանձնապես չէին սիրում, այդ պատճառով էլ անընդհատ ինչ-որ մեկին պարտադիր պիտի գործուղեին խմբագրություն՝ իրավիճակը վերահսկելու համար… Շատերի հետ հարաբերությունները սառն էին, շատերին նյարդայնացնում էր իմ ինքնուրույնությունը, ոմանց ընկալմամբ՝ մեծամտությունը: Ոմանց դուր չէր գալիս, որ օրնիբուն չեմ փառաբանում իրենց, ոմանք չէին կարողանում հաշտվել, որ չեմ հիանում իրենցով… Եթե մերկապարանոց ու հակիրճ ձևակերպեմ՝ համոզված էին, որ թերթի հիմնական գործն ու պարտավորությունը իրենց գովաբանելն է ու իրենց հակառակորդներին նսեմացնելը:

Բայց վարչությունը բավականին խայտաբղետ էր, տարաձայնություններն ու վեճերը սովորական բաներ էին, և ներքին խոհանոցում չգտնվողներիս համար այնքան էլ պարզ չէր, թե ով ում համախոհն է, և ով ում հակառակորդն է, ով ինչ շարժառիթ ունի մյուսին մեղադրելու, և ով ինչ նպատակ է հետապնդում որևէ տեսակետ պնդելով ու դիրքորոշում հայտնելով… Այս փոխհարաբերություններում, գուցե ինտուիտիվ, ես որոշակի հեռավորություն ու սառնություն էի պահպանում գրեթե ամենքի հետ: Կոնկրետ Ալբերտ Բաղդասարյանի հետ այդ սառնությունը շուտով վերափոխվեց գրեթե թշնամության: Նա հաճախ էր փորձում միջամտել թերթի աշխատանքներին, երբեմն քամահրանքով էր խոսում այս կամ այն հոդվածի մասին, և դա խմբագրակազմին պահում էր լարվածության մեջ: Հաճախէլ տպարանի պարտքն էր ուշացնում, և տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը զանգում էր ինձ ու նախազգուշացնում, որ առաջիկա համարը չեն կարող տպագրել… Այս ամենից միակ ենթադրությունն այն պիտի լիներ, թե նրա նպատակը խմբագրության աշխատանքը կազմալուծելն էր: Ես, բնականաբար, վանում էի այդ ենթադրությունն ինձնից, մինչև որ մատուցվում էր հերթական տհաճությունը…

93-ի գարնանը ՀՀՇ հերթական համագումարն էր: Խնդրեցի վարչության ղեկավարությանը ելույթի հնարավորություն տալ ինձ: Չմերժեցին: Խոսեցի կիսադատարկ, բայց աղմկոտ դահլիճում: Նկարագրելով, թե ինչ խայտառակ պայմաններում ենք աշխատում՝ վերջում հանդես եկա ՀՀՇ վարչությանն ուղղված հորդորով. վերակացուներ մի նշանակեք խմբագրությունում, դրանով ոչ թե նպաստում եք թերթի աշխատանքներին, այլ խանգարում:

Ընդմիջմանը վարչության մի քանի անդամներ մոտեցան ինձ և բացահայտ սպառնալիքներ տեղացին: Հակասությունները այլևս հնարավոր չէր հարթել, և ես հասկացա, որ շուտով պիտի հեռանամ:

Այդպես էլ եղավ: Հրավիրվեց վարչության նիստ, բարեբախտաբար ինձ խարույկի վրա չայրեցին, բայց քննադատեցին անխնա: Երբ ես շնորհակալություն հայտնեցի այդ ամենի համար, բացեցի դուռը, որ դուրս գամ՝ Խաչիկ Ստամբոլցյանը ետևիցս ծաղրանքով կանչեց. «Մենակ թե դաշնակցական չդառնաս…»: Պատասխանը շողաց ակնթարթորեն, դանակի շեղբի պես. «Քո դիակի վրայով»: Ու հեռացա:

Հ.Գ. Այդ օրվանից անցել է ավելի քան քառորդ դար: Այս տողերը գրելիս Խաչիկ Ստամբոլցյանը բարեբախտաբար ողջ է: Եթե իմ կամքով լիներ՝ նա հանգիստ կարող էր դասվել անմահների շարքը:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *