Կորոնավիրուսով մեր բառապաշար մտան մի քանի շատ գեղեցիկ բառեր՝ ինքնամեկուսացում, հեռահ(վ)ար, համավարակ: Նաև նոր որակ ստացավ «խուճապ» բառը, որը դուրս եկավ ավելի լայն դաշտ՝ արտակարգ դրության պայմաններով ստանալով արգելքի կնիք:
Խուճապ տարածելը մեդիայով արգելվեց:
Իհարկե, բարդ է որոշել, թե ինչը խուճապ է, ինչը՝ վախ, ինչը՝ տագնապ, ինչը՝ անաչառ տեղեկատվություն, ինչը՝ սեփական ներաշխարհի արտացոլում, ինչը՝ հանրային բարձր գիտակցություն, բայց խնդիրն այլ է:
Կան իրավիճակներ, երբ ինքնազսպումը (ինքնամեկուսացման առաջին քայլը), թանկ ունակություն է և միակ արդյունավետ վարքագիծը: Եվ հիմա մենք այդպիսի իրավիճակում ենք:
Կան բաներ, որոնք պարզապես պետք է արվեն, անգամ եթե խոսքի, տեղաշարժման, մեկնաբանության ազատության ակտիվ պաշտպաններ ենք: Չես ուզում վարակվել, եղիր հեռահար, սահմանափակվիր, դիստանցիա պահիր…
Այդպես չէր, հիմա այդպես է:
Կորոնավիրուսը ստիպեց վերադառնալ մարմնի սանիտարական նորմերին և դրանով իսկ՝ առավելագույնս պարզեցրեց անհատական ու հանրային վարքի կանոնները:
Թերևս, սա եզակի իրավիճակ է, որը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ (հին ու նոր ռեժիմների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, կապիտալի ու ինտելեկտի), քանի որ չկան հիերարխիաներ:
Վիրուսը դեմոկրատական ակունք ունի, հավասարապես բոլորինն է:
Եվ քանի որ Covid19 վիրուսից պաշտպանվելու համար ամենօրյա պարզ գործողություններ են պետք (սեփական մարմնի մասին հոգ տանելու ռեժիմ, ֆիզիկական շփման բացառում, անհատական կարգապահություն), ստեղծվում է նոր շփման մշակույթ: Այդ թվում՝ քաղաքական: Կամ ավելի շուտ՝ ապաքաղաքական:
Գործ ունենք ոչ թե գաղափարների ու շահերի, այլ մարմնի հետ, այն բանի, որ միայն ու միայն անձնական երևույթ է:
Հիմա պարզվեց, որ ոչ, անձնական չէ, նաև հանրային շղթայի մաս է:
Այդ բացահայտումն, իրականում, ամենաշոկայինն է (ու լավ կլինի, որ դա արագ գիտակցվի): Մանավանդ, երբ պետությունը առաջարկում է համատեղ տնօրինել մեր մարմինը, ենթարկվել մեկուսանալու, հեռավար դառնալու կոչին, քանի որ այլ ելք չկա:
Հակառակ դեպքում՝ վարակվածների շարքում կլինենք բոլորս:
Պետության որոշումների հետ կարելի է չհամաձայնել, դիմադրել ու վիճարկել դրանք, բայց դրանց պետք է ենթարկվել:
Հնարավոր է, որ կառավարությունն ավելի հստակ ու տրամաբանական արգելապատնեշներ դնի մեդիայի առջև՝ «խուճապային» բովանդակության տարածման համար ու ավելի օպերատիվ արձագանքի լրատվամիջոցների հարցերին: Բայց հնարավոր է, ոչ:
Միգուցե այսպես հախուռն ու անհասկանալի էլ անցնենք արտակարգ դրության միջով: Հարցն այն է, թե ինչ գնով:
Ինչպես տեսնում ենք, արտակարգ դրության օրերի համար ստեղծված Պարետատունը ստիպում է լրատվամիջոցներին հեռացնել հոդվածներ, իսկ սոցցանցերին ջնջել գրառումներ՝ որակելով դրանք «խուճապային» ու չվերարտադրող պետական տվյալներ:
Զուգահեռ դրան՝ պետական ապարատը աշխատում է դանդաղ ու միշտ չէ, որ պաշտոնյաները հասանելի են:
Պետական ապարատը միշտ է դանդաղ ու անարդյունավետ աշխատել, և այդպես կլինի երևի միշտ:
Բնականաբար, դանդաղին դժվար է վստահել (մտածում ենք՝ հաստատ, ժամանակ էր պետք խմբագրելու ու տվյալները մանիպուլացնելու համար), արագին հավատում ենք ավելի հեշտությամբ (զգում ենք՝ թարմը, արտահոսքն ու թեժը արժեքավոր են):
Եվ միգուցե հնչի հետադիմական, բայց հիմա արագ արձագանքողին առավել, քան որևէ մեկին, հարկավոր են դիմակ, ձեռնոցներ, ալկոգել և այլ սանիտարական պիտույքներ:
Այսինքն, զսպման ներքին ռեժիմ ու սոցիալական պատասխանատվություն:
Արագը հիմա մեդիան է, որի արբանյակներն ենք բոլորս, հատկապես, երբ կարանտին է և խուսափում ենք իրար դիպչել:
Չենք գրկում, համբուրում, մարմնական կոնտակտը խուճապի հոմանիշն է, իսկ միակ ապահով կոնտակտը թվայինն է՝ դիպչում ենք անվտանգ սարքերի կոճակներին՝ դնում լայք, սրտիկ, գրում մտքին եկածը… Նորից լայք ենք դնում, հետո տարածքում հավանածը:
Հայաստանում հիմա դժվար է բոլոր լրատվամիջոցներին՝ թե՛ միայն իշխանության որոշումների գովքն անողներին, թե՛ այդ որոշումները ամեն առիթով փնովողներին: Բայց լրահոսում ու սոցցանցերում կոչ անել անտեսել կարատինն ու դա բացատրել խոսքի ազատության իրավունքով, առնվազն դատապարտելի է:
Խուճապ ստեղծվում է, երբ քաղաքականացվում է ապաքաղաքական վիրուսը: Գոնե այս ժամանակահատվածում, երբ արտակարգ է ամեն ինչը:
Իհարկե, լրագրողները նեղսրտում են, որ չեն կարողանում աշխատել, քանի որ պետությունը դանդաղաշարժ է: Բայց միշտ էլ դիմակով ավելի վատ ես շնչում, իսկ ձեռնոցով կորցնում մատների զգայունությունը: Հիմա պետությունը նույնպես դիմակով է:
Ի վերջո, լրագրողները կկարողանան հարմարվել իրավիճակին ու խոսքի ազատության սահմանը չեն լղոզի քաղաքական պատվերի ջրերում (միգուցե):
Բայց ցանկալի է, որ ավելի արագ հարմարվեն սոցիալական մեդիայում մարդ-հեղինակությունները:
Անգամ այն դեպքում, երբ պետության սահմանափակումների զոհի կերպարն ավելի շահեկան է, կա ավելի պարզ վտանգ՝ դառնալ վիրուսի զոհ ու հայտարարել, որ կարանտինը կարևոր չէ, որ ազատ մարդը թքած ունի սահմանափակումների վրա:
Հայաստանում ամենամեծ սոցցանցային հեղինակությունը վարչապետն է, և հենց նրանից ենք սպասում խուճապը կասեցնելու կոչերին ու խնդրանքներին: Խուճապ չի լինի, եթե մարդիկ իրոք զգան, որ խուճապը թակում է բոլորի դուռը:
Այսինքն, արտակարգ իրավիճակ է, այլ ոչ թե գարնանային արձակուրդ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: