TikTok-ի մասին մի քանի անգամ գրել եմ: Ուղիղ մեկ տարի առաջ անդրադարձա այն հանգամանքին, որ սերունդների միջև անդունդ է առաջանում, քանի որ մեծահասակները, որոնք Ֆեյսբուքում քաղաքական թեժ պայքարների մեջ են, տեղյակ էլ չեն, թե ինչով են զբաղված ուսանողները Ինստագրամում և դպրոցականները TikTok, Likee սոցցանցերում։
Մի տարում իրավիճակը փոխվեց, Ֆեյսբուքը սկսեց լճանալ։ Փաստացի, այստեղ լսարանը երկար ժամանակ է, ինչ չի աճում։ Իրականում, դեպի Ֆեյսբուք, ամենայն հավանականությամբ, դեռ կա ներհոսք։ Սակայն նույնչափ էլ կա արտահոսք․ երիտասարդությունը լքում է այս հարթակը։
Եթե դիտարկենք Ֆեյսբուքի չափահաս լսարանը, ապա վերջին երեք տարում կան ակնհայտ փոփոխություններ։ 2017 թվականի հունվարին տարիքների բաշխումը ֆեյսբուքում այսպիսի տեսք ուներ․ 18-24 տարեկան կանայք օգտատերերի 27%-ն էին կազմում, տղամարդիկ՝ 32%։
Ներկա պահին իրավիճակը լուրջ փոխվել է․ Ֆեյսբուքից օգտվող 18-24 տարեկանների քանակը զգալի նվազել է։
Երիտասարդների թիվը Ֆեյսբուքում նվազել է։ Անչափահասների արտահոսքն էլ ավելի մեծ է։ Ֆեյսբուքն ավելի ծեր է դարձել։
Աճ կար Ինստագրամում, որը սակայն դանդաղել է։
Իսկ ահա պայթունային աճ ունեցող ցանցը TikTok-ն է։ Այն արդեն ամիսներ շարունակ ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում դիրքավորվել է ամենաշատը ներբեռնվող հավելվածների շարքում։
Եթե մեկ տարի առաջ TikTok֊ի մասին խոսում էին որպես դպրոցականների հարթակ, ապա տվյալ պահին այստեղ արդեն լուրջ ներհոսք է նկատվում այլ տարիքային խմբերից։ Եթե անցյալ տարի Ինստագրամն էր Ֆեյսբուքից արտագաղթելու հիմնական հարթակը, ապա մոտակա ժամանակ TikTok-ը կարող է բավականին մեծ լսարան գրավել այլ սոցիալական մեդիա հարթակներից։
Եվ սա միայն հարթակների փոփոխության հարց չէ։ Նաև տեղեկատվության սպառման հարց է․ տեսանյութերը ավելի ու ավելի մեծ դեր են ստանում ու ստանալու սոցիալական մեդիայում։ Այնպես որ, սովորությունների ընդհանուր փոփոխությունը մի կողմից, TikTok-ը՝ մյուս, կհանգեցնեն նրան, որ վիդեոն ավելի մեծ պահանջարկ կունենա, ինչը իր հերթին կխթանի Յություբի զարգացմանը։
Շարունակվում է լրատվականների և վիդեոբլոգերների աճը։ Սակայն վլոգինգում կան բազմաթիվ ուղղություններ, որոնք Հայաստանում դեռ սպասում են իրենց վլոգերներին։ Զարգանալու տեղ կա։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: