2020.01.13,

Քննադատ

Շնորհակալագիր ԱԱԾ-ին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Վերջին ամիսներին հայաստանյան ինտերնետ տիրույթում իրար հետևից տեղի ունեցան մի շարք իրադարձություններ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առաջարկ եղավ ներմուծել նոր կարգավորումներ, որոնք, ամենայն հավանականությամբ, բոլորովին պետք չէին ՀԾԿՀ֊ին, այլ պետք էին ուժայիններին։

Զուգահեռ ականատես եղանք Դիանա Հարությունյան պրոֆիլով ֆեյքացուի կայծակնային բացահայտման՝ ԱԱԾ-ի կողմից։

Ընդ որում՝ հետաքրքիրն այն էր, որ մինչ բացահայտումը շատերը սոցցանցերում աղմկում էին, պահանջում վերջապես բացահայտել երկրի անվտանգությունը խարխլողներին, վերջ տալ ամենաթողությանը։

Ֆեյքի բացահայտումին հետևեց հակառակ ալիքը, լսվեցին կոչեր այն մասին, որ Հայաստանում հերթական անգամ սկսվել է 37 թիվը, ոտնահարվում են մարդու իրավունքները։ (Հետաքրքիր պահերից էր նաև այն, որ հակադարձ հայտարարություններ անողները հաճախ նույն մարդիկ էին)։

Ինչևէ, արդեն հասկանալի է, որ հատուկ ծառայություններն ունեն անհայտ, բայց ազդեցիկ միջոցներ, որոնք թույլ կտան բացահայտել տեղեկատվական ահաբեկիչներին։

Այս ամենը մի հատվածին ուրախացնում է, թե բա, վերջապես, ամուր ձեռք, վերահսկողություն։

Մյուսներին՝ հակառակը: Քանի որ նրանք տեսնում են իրավունքների խախտում, խոսքի ազատության սահմանափակման փորձ և այլն։ Եվ նմանատիպ ֆեյքազերծման մեթոդների առկայությունը խոսում է նաև այն մասին, որ հնարավոր է, որ նույն գործիքակազմը թույլ տա բացահայտել այն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, որոնք ուզում են անանուն մնալով քննադատել իշխանություններին։

Ես ինքս էլ երկմտում եմ։ Բայց ավելի շատ նկատում եմ բացասական գործընթացներ։

Հասկանալով, որ մենք աշխարհից չենք կտրվի և քիչ-քիչ կհետևենք նաև գլոբալ տենդենցներին։ Իսկ աշխարհը, անկախ այն բանից, երկիրը ժողովրդավարական է, թե բռնապետական, շարժվում է դեպի ցանցի վերահսկողություն։

Մի երկիր ավելի արագ, մյուսը՝ դանդաղ։ Բայց տենդենցը հիմնականում միանշանակ է։

Բայց կա նաև դրականը։ Դրականը թեմաների զարգացումն է. անձնական տվյալների, խոսքի ազատության պաշտպանության և երկրի անվտանգության շուրջ։

Այս ամենի վերաբերյալ շատ քիչ քննարկումներ են եղել Հայաստանում։ Գրեթե միշտ նման թեմաները մեր երկրում դիտարկվել են զուտ ներքաղաքական պայքարի շրջանակներում։

Նույն մարդիկ, լինելով ընդդիմության կամ իշխանության մեջ, ուժայինների նմանատիպ գործողությունները դիտարկել են և դիտարկում են կա՛մ որպես ազգային անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված գործընթաց, կա՛մ որպես մարդու բոլոր հնարավոր իրավունքների խայտառակ խախտում։

Հաճախ իրադարձությունները գնահատվում են զուտ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով։ Մենք, փաստացի, չունենք քաղաքացիական հասարակության տեսանկյունից ազդեցիկ, տարածված մոտեցումներ անձնական տվյալների, արտահայտվելու ազատության մասին։

Շատ սահմանափակ է հասարակության այն հատվածը, որը դիտարկում է նման հարցերը անկախ քաղաքական իրավիճակից։

Երկու ծայրահեղ մոտեցումներն էլ, եթե դիտարկվեն իրարից առանձին, վտանգավոր են հանրապետության համար։

Ազգային անվտանգությունը՝ առանց վերահսկողության ինստիտուտների, շատ արագ կարող է դեգրադացվել՝ դառնալով կոնկրետ անձանց անվտանգության սպառնացող կամ ֆաշիստականի ձգտող գաղափարախոսության բազային հիմք։

Խոսքի ազատությունը որպես մեկուսացված, միայնակ սկզբունք, առանց գործող ինքնակարգավորման մեխանիզմների, հանրային մեդիագրագիտությանն ուղղված ջանքերի, հատուկ իրավիճակներին վերաբերող սահմանափակումների (չմոռանանք, որ Հայաստանը de facto պատերազմող երկիր է) կարող է ստեղծել հանրային վտանգներ։

Անվտանգության և ազատությունների միջև պետք է սահման գծվի։ Ընդ որում՝ այդ սահմանը չպետք է ինքնակամ գծեն մի կողմից ԱԱԾ֊ն կամ բանակը, իսկ մյուս կողմից՝  ՀԿ֊ներն ու լրագրողները։

Այն պետք է ձևավորվի երկու բևեռների միջև երկխոսության ընթացքում։ Իսկ հիմա մենք հասել ենք նման երկխոսության համար լավագույն կետին, քանի որ հենց զարգացումներն են թելադրում այն։

Բայց, երկխոսությունը սկսելու համար պետք է հավասար պայմաններ ստեղծել կողմերի համար։

Իսկ դրա համար պետք է առնվազն ձևավորել հանրային վերահսկողության մեխանիզմներ, որոնք թույլ կտան հասարակությանը որոշ չափով հետևել պետության գործունեության այն հատվածին, որը ընթանում է գաղտնիության շղարշի տակ։

Օրինակ, ԱԺ-ում կարող է լինել նման հանձնաժողով, որը հանրության անունից կվերահսկի այն, ինչը չի կարելի հանել արևի լույսի տակ՝ ելնելով երկրի անվտանգությունից։

Բայց մյուս կողմից՝ կրկին երկրի անվտանգությունից է բխում, որ այս հատվածը գոնե ինչ֊որ կերպ վերահսկվի, որպեսզի, ասենք, չօգտագործվի՝ ելնելով նեղանձնական կամ կուսակցական շահերից։

Ինչևէ, շնորհակալություն ԱԱԾ֊ին այս թեմաները ակամայից բարձրացնելու համար։ Մնում է, որ քաղաքացիական հասարակությունը չքնի։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *