Սամվել Մարտիրոսյան
Մեդիա հետազոտող

Սոցցանցերը Հայաստանում դանդաղ, բայց փոխվում են։ Ֆեյսբուքը, բնականաբար, մնում է հիմնական հասարակական-քաղաքական հարթակը։ Սա նաև ամենամեծ սոցցանցն է գրանցված և ակտիվ օգտատերերի քանակով։ Այստեղ են հիմնական քաղաքական գործիչները, լրագրողները, վերլուծաբանները, ինչը դարձնում է այն ամենաազդեցիկ ցանցը։ 

Մյուս կողմից, Ֆեյսբուքի լսարանի աճը դադարել է, այստեղ նկատվում է և քանակական, և որակական լճացում։ Բացի դրանից, երիտասարդությունը, նրանք, ում ոչ Հայաստանում այսօր կոչում են «Z սերունդ», արտագաղթում են Ֆեյսբուքից և գտնում այլ հարթակներ, որտեղ կարող են հեռու մնալ «մեծերի» անհասկանալի և անհետաքրքիր քաղաքական պայքարներից։ 

Ֆեյսբուքի դեպքում մենք ունենք ակնհայտ լճացում, քանի որ լսարանը դադարել է աճել, այն տատանվում է մոտավորապես 1․2 մլն-ից 1․3 մլն-ի միջև։ 

Այս պատկերը գոյություն ունի արդեն մեկ տարուց ավելի, այնպես որ դժվար է սպասել, որ լսարանի աճ կնկատվի։ Ավելին․ տատանումները վկայում են, որ հնարավոր է արտահոսքը ուժեղանա։ 

Աճում է LinkedIn ցանցը, որտեղ ակտիվ օգտատերերի թիվն արդեն գերազանցել է 210 հազարը։ Սա այն հարթակներից մեկն է, ուր մարդիկ արտագաղթում են Ֆեյսբուքից։ Այստեղ լսարանի կեսից ավելին 25-34 տարեկան մասնագետներ են, ինչը LinkedIn-ը դարձնում է շատ յուրահատուկ հարթակ։ 

Ինստագրամը նույնպես շարունակում է աճել։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանի լսարանը աճել է մոտ 100 հազարով՝ հասնելով մոտավորապես 750 հազարի։ Եվ լսարանի գերակշռող հատվածը երիտասարդությունն է։ Իսկ եթե դիտարկենք Ֆեյսբուքի և Ինստագրամի սթորիների (stories) դիտումները, ապա այստեղ լսարանները հավասարվել են՝ մոտավորապես 600 հազար։ 

Ընդհանուր միտումը շարունակվում է․ երիտասարդ լսարանը լքում է այն հարթակները, որտեղ չափից շատ է քաղաքական բովանդակությունը։ 

Սերունդների տարանջատման միտումները գնալով խորանում են։ 

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճում է TikTok ցանցը։ Հայաստսնում արդեն երկար ամիսներ այն զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Երիտասարդությունը, հիմնականում դպրոցականները, ակտիվ դիրքեր են զբաղեցնում այս հարթակում։ 

TikTok-ն, իմիջիայլոց, ներգրավվածությամբ այսօր առաջատար դիրքում է ողջ աշխարհում․ երիտասարդությունը այստեղ ամենաշատ ժամանակն է անցկացնում։ 

TikTok հավելվածի դիրքերը Հայաստանում, Social բաժնում, Android համակարգի համար։ iOS֊ի դեպքում այն  Entertainment բաժնում զբաղեցնում է առաջին տեղը։ Տվյալները ըստ 2019 դեկտեմբերի, Similarweb 

Մեսենջերների տեսանկյունից Հայաստանում տարիներ շարունակ առաջատարն է Վայբերը։ 

Երկրներում առաջատար մեսենջերները, ըստ Similarweb-ի, 2019 թվականի հունվարի տվյալներ

Չնայած, որ Տելեգրամի հետ կապված մեծ սպասումներ կային, որ այն իր տեղը կզբաղեցնի հայաստանյան տեղեկատվական հոսքերում, սակայն այսօր պետք է արձանագրել, որ այստեղ, առնվազն աճ չի դիտարկվում վերջին տարվա ընթացքում։ Չնայած, որ լրատվական կայքերը լայնորեն ներկայացված են, սակայն լսարանը դեռ մեծ չեն։ 

Սամվել Մարտիրոսյան