2019.02.12,

Քննադատ

Սոցցանցերում սերունդների միջև անդունդ է առաջանում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան

Մեդիա հետազոտող

Հայաստանյան սոցիալական մեդիայի դաշտը անցնում է հետաքրքիր ձևափոխումների միջով։ Եվ հետաքրքիրն այն է, որ շատ փոփոխություններ հասարակության կողմից չեն գիտակցվում։

Պատճառն այն է, որ փոփոխությունները կատարվում են ավելի շատ երիտասարդների շրջանում։ Իսկ միջին տարիքի և մեծահասակ լսարանը սոցցանցերում առանձնապես չի զգում փոփոխությունները։

Վերջին ամիսներին պահպանվում են հիմնական տենդենցները․ Ֆեյսբուքը գտնվում է լճացման մեջ, լսարանը տատանվում է մոտավորապես 1,3 – 1,4 միլիոն ամսական ակտիվ օգտատերերի շրջակայքում, իսկ Օդնոկլասնիկին շարունակում է անկումը։

Հայաստանից ամենաայցելված կայքերը հունվարի տվյալներով, ըստ Similarweb֊ի: Օդնոկլասնիկները նահանջել են ևս մեկ կետով։ Դեռ մեկուկես տարի առաջ այն առաջին հորիզոնականում էր։

Մյուս կողմից, Ինստագրամը շարունակում է աճել կայուն կերպով և հիմնականում երիտասարդության հաշվին։

Այսինքն, նոր օգտատերերի՝ դպրոցականների, մեծ մասը այլևս չի էլ մտնում Ֆեյսբուք, շրջանցելով այն՝ անցնում է Ինստագրամ։

Արդեն մի քանի ամիս առաջ էր նկատվում, որ սոցցանցային խմբերը սկսում են իրարից անջատվել։

Արդեն գոյություն չունի մեկ հասարակական հարթակ՝ Ֆեյսբուք։ Նաև բարեկամների հետ շփվելու և ծանոթանալու ևս մի հարթակ՝ Օդնոկլասնիկի։

Ֆեյսբուքի գերքաղաքականացումը, որը ոչ միայն շարունակվում է, այլև՝ խորանում, պարտադրում է բոլոր նրանց, ովքեր ներքաշված չեն այս գործընթացների մեջ, պարզապես արտագաղթել այստեղից։

Փաստացի սկսվում է տարիքային բաժանում։

Մեծահասակների մեծ մասը տեղյակ էլ չէ, որ Յություբում երիտասարդությունը ակտիվ կյանք է վարում, որ այստեղ կան վլոգերներ կամ յություբերներ (անվանեք, ոնց ուզում եք), որոնք ունեն ավելի մեծ լսարան, քան լրատվականների մեծ մասը։

Իհարկե, սա չի նշանակում, որ իրենք ստեղծում են մրցակցություն։ Բովանդակությունը խիստ տարբերվում է։ Առայժմ տարբերվում է։

Վլոգերները մեծանում են, և նրանց հետաքրքրությունները կարող են փոխվել շատ արագ։ Վերջիվերջո, նրանց շուրջ է հավաքվում այն լսարանը, որը վաղ թե ուշ մտնելու է հասարակական կյանք։

Եվ սա այն սերունդն է, որը չի տարբերում քաղաքական գործիչներին իրարից, գիտի միայն Նիկոլին, որովհետև Նիկոլին գիտեն բոլորը, և լավ ճանաչում է Գալուստ Սահակյանին, որովհետև Գալուստ Սահակյանի խոսքին ծանոթ են բոլորը։

Բայց բոլոր մնացած հատվածներում սա լիարժեք սոցիալական աշխարհ է, որից մեծահասակները լրիվ կտրված են և տեղյակ չեն, թե ինչ է այստեղ կատարվում։

Այս հասարակական շերտերի իրարից հեռանալը գնալով՝ խորանալու է։

Շատերի համար անհայտ TikTok հարթակում այսօր կան հայաստանցիներ, որոնք ավելի շատ հետևորդներ ունեն, քան քաղաքական գործիչների մեծամասնությունը, Նիկոլին չհաշված։

Սոցիալական հավելվածների դիրքը Հայաստանում, ըստ Similarweb֊ի:

Բովանդակությունը TikTok֊ում ուշաթափության կհասցնի միջին վիճակագրական դպրոցի ուսուցչին։

Նույնը, երևի կարելի է ասել Յություբի կամ Ինստագրամի երիտասարդական հատվածի մասին։ Սա լավ է, թե վատ․ ասելը բարդ է։

Այսօր կարելի է հաստատել մի բան․ մինչ մեծահասակները իրար միս են ուտում՝ վիճելով անհավանական քաղաքական թեմաների շուրջ, երիտասարդությունը փորձում է ինքնուրույն ապրել սոցցանցերում։

Երբեք չեն եղել այսքան իրարից կտրված սերունդներ։

Ու այդ անջրպետը խորանում է, քանի որ մեծահասակները ժամանակ չունեն երեխաներով հետաքրքրվելու․ այնքան կարևոր բաներ կան քննարկելու…

Օրինակ, ով ում անձրևանոցն է ծխում, ով ում ֆեյքին է տուն տարել զուտ կերակրելու նպատակով, ինչու էր ժպտում Ալիևը և ինչու այլևս չի աղմկում գետը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *