2019.11.15,

Քննադատ

Քանակով ձևավորել կարծիք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեդիա դաշտի վերջին երկու տարվա կոնտրաստային բովանդակությունը ակամայից լսարանին դարձրել է գրագետ: 

Հիմա ավելի բարդ է լրատվական նետումներով ու մեդիա գրոհներով հասնել հանրային կարծիքի ցանկալի ուղղորդման, եթե գործի է դրվում ակնհայտ ապատեղեկատվությունը: 

Լսարանը ոչ միայն կարող է, այլև ցանկանում է ստուգել ապատեղեկատվությունը: Եվ դա անում է բավականին հեշտությամբ՝ հասկանալով, որ կայքերը նաև քաղաքական ուժի կամ գործարարի շահերի ծիրում են կազմում լրահոսը:

Բայց խնդիրն այն է, որ հաճախ մանիպուլյատիվ մեդիա բովանդակությունը ոչ թե ապատեղեկատվություն է կամ պարզապես սուտ, այլ առաջին հայացքից (նաև երկրորդ ու երրորդ) ճշմարիտ է: 

Այդ ճշմարիտ լուրը մանիպուլյատիվ է դառնում, երբ դրան անդրադառնալու հաճախականությունը, ոճը, հրատապության քողը գերազանցում է լուրի բուն նշանակությունը: 

Կարճ ասած՝ այնքան շատ են գրում նույն բանի մասին ու նույն տագնապալի-արդիական երանգով, որ ստեղծում են իրական տագնապ:

Լրատվամիջոցներն ունեն իրենց օրակարգային նախապատվությունները, որոնք վերածվում են դիտումների, մեկնաբանությունների, քննարկումների, աղմուկի, տագնապի, նորից դիտումների ու տարածումների: Դառնում են ծամոն, մակերես, հարթություն, ֆոն, որն ամեն վայրկյան պատրաստ է գտնել իր առևտրային գինը՝ լրատվամիջոցի սեփականատերերի համար:

Վերջին մեկ ամսում շատ լրատվամիջոցների համար նման կպչուն թեմա է դարձել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականի պահանջի արծարծումը ամենօրյա ռեժիմով:

Այդ ռեժիմի բանալի բառերն են «նախարար Արայիկ Հարությունյան»-ը և «հրաժարական»-ը: Դրանք այլևս ներկայանում են կողք կողքի, միասին ու դառնում սերիալի պես պատում: 

Օրինակ, կարող են վերնագիր դարձնել նախադասություն, որտեղ ասվում է՝ նախարարի հրաժարականը պահանջող մարդիկ կարծում են… Նախարարի հրաժարականի պահանջին զուգահեռ տեղի ունեցավ… Արայիկ Հարությունյանի հրաժարականը անհիմն են համարում…

Նպատակը մեկն է՝ այդ նախարարին ու հրաժարականը սոսնձնել իրար, որ որոնողական համակարգերում դրանք միասին հայտնվեն ու դառնան գերակշիռ:

Ըստ Rumors Monitoring որոնման հարթակի՝ 2019-ի նոյեմբերի առաջին երկու շաբաթվա ընթացքում օնլայն լրատվամիջոցներում ընդհանուր առմամբ եղել է մոտ երկու հազար անդրադարձ, որտեղ «նախարար» ու «հրաժարական» բառերը միասին են մատուցվել:

 

Կան լրատվամիջոցներ, որոնք օրական 5-6 նյութ են պատրաստել այդ երկու բառերի օգտագործմամբ, ինչը այդ կայքերի օրական լրահոսի գրեթե կեսն է:

Այն միտքը, որ քանակը կարծիք է ձևավորում, իհարկե, աշխատում է: Շատ գրելով մի բանի մասին, տպավորություն ես ստեղծում, որ այդ թեման առաջնահերթ է:

Իհարկե, երբ կան հրաժարական պահանջողներ, ինչու՞ չպիտի նրանց ձայն տալ կամ պատմել նրանց քայլերի մասին: 

Լրատվամիջոցները ճիշտ են: Բայց ավելի ճիշտ է լսարանը, որը տեսնում է, թե ինչպես են փորձում որոշ լրատվամիջոցներ քանակով խեղդել որակը: Հրաժարականի պահանջը թոփ թեմա են դարձնում, հետո այն սիրով ու եռանդով լուսաբանում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *