2019.11.08,

Քննադատ

Վախի խխունջում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Արդեն մի քանի օր է իսկական լրատվական գրոհի թիրախում է հայտնվել նախարար Արայիկ Հարությունյանը, որը հռչակվում է «ազգադավ», «կործանիչ» ու արժանանում բազմաթիվ այլ կոշտ ու ոչ կոռեկտ բնութագրումների:

Ստացվեց, որ հիմա գրեթե բոլոր լրատվամիջոցները առնվազն մի քանի անգամ անդրադարձել են ու դեռ հաստատ անդրադառնալու են.

Ա. «Հուզանք ու զանգ» փերֆորմանսին, որը տեղի ունեցավ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտակայքում,

Բ. Ծանրամարտի չեմպիոն Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նախագծին,

Գ. Հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը ոչ պարտադիր առարկա դարձնելուն բուհերում՝ թողնելով այն բուհերի հայեցողությանը:

Այս հիմնական «ազգադավ» գործողություններին գումարվել է նաև այն, որ դպրոցական ծրագրերից նախատեսվում է հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան՝ այն ներառելով «Հայոց պատմության» մեջ և հետ է կանչվել նախկին իշխանությունների կողմից դպրոց ներմուծված ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը:

Զանգվածային թեմատիկ գրոհի առանցքում այն միտքն է, որ հեղափոխական նախարարը ուզում է ջնջել ազգային ինքնությունն ու տարածել արատավոր մտքեր, կապեր, ճաշակ:

Օրինակ, ֆուտուրիստական գրականությունը (փերֆորմանսի դեպքում), ազգային նկարագրին դեմ գնալը (սեռը փոխած անձի մասին ֆիլմ ֆինանսավորելով) և իհարկե մայրենի լեզուն ուսանողների համար պարտադիրների շարքից տեղափոխելով ընտրության դաշտ:

Մի կողմ թողնենք այն իրողությունը, որ հենց նախարարը հստակ, համակրելի ու հասկանալի չէ իր հանրային ելույթներում՝ գերադասելով ոչ թե հակիրճ բացատրություններն, այլ քմծիծաղով ասված երկարաշունչ տեքստերը:

Խնդիրը այլ է:

Այն, թե ինչպես են հերթական անգամ քարանձավներից հանվում  հանրային վախերն ու ինչպես են դրանք կտրվում ռացիոնալ բացատրությունների դաշտից ու հասնում էմոցիաների վերին ստրատոսֆերաներ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, որը զգայուն ու խնդրահարույց ոլորտների պատասխանատու է, ամենահարմար թիրախն է այն լրատվամիջոցների ու քաղաքական ուժերի համար, որոնց առաքելությունը այդ վախերի լարերը պարբերաբար գործի դնելով՝ հանրային լարվածություն առաջացնելն է:

Լարվածությունը մեղմելու նպատակով Նիկոլ Փաշինյանը անձամբ անդրադարձավ փերֆորմանսին, ֆիլմի նախագծին ու հայոց լեզվի ուսուցմանը բուհերում:

Իսկ հետո նաև զրուցեց նստացույց անող ՀՅԴ երիտասարդների հետ, որոնք նախարարության շենքի մոտ պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականն ու խտացված կերպով ցույց տալիս այն բոլոր հանրային վախերը, որոնք տարիներ շարունակ շրջանառվել ու շահարկվել են տարբեր խմբերի կողմից և ամրապնդվել մեդիայում և մեդիայով:

Հիմնական վախը անբացատրելի, կպչուն ու ենթագիտակցական վախն է, որը ծագում է, երբ հանդիպում ենք տարբերին, օտարին, այլին, պատկերացրածի մեջ չտեղավորվող որևէ մեկին:

Չգիտենք, թե ուր նրան տեղավորել, ինչ սպասել նրանից ու արագորեն վանում ենք, դուրս շպրտում, գլխատում կամ մեկուսացնում՝ բացատրելով այդ ռադիկալ քայլը ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ: Բա՞ որ հանկարծ մի բան պատահեր…

Ասենք, այնպես, ինչպես ասաց ՀՅԴ երիտասարդներից մեկը վարչապետին՝ բա՞ որ հանկարծ երեխաները տեսնեն ֆիլմ սեռափոխված անձի մասին… Կամ էլ ինչպես մի քանի օր առաջ ասաց ֆուտուրիստական փերֆորմանսի դեմ պայքարող տղամարդը՝ մենք պաշտպանում ենք մեր ինքնությունը սատանայականից…

Տարբերից պաշտպանվելու բոլոր հղումները դեպի վախերն են:

Վախից են ծնվում ագրեսիվ վարքն ու չարությունը, ատելությունն ու արհամարհանքը:

Արգելենք, որ չիմանանք: Փակենք, որ չտեսնենք: Հեռացնենք, որ չլսենք: Եվ ոչ հակառակը՝ Բացվենք, որ տեսնենք: Զննենք, որ հասկանանք:

Հետաքրքիր է, որ ազգային ինքնության համար ներկայացում, ֆիլմ կամ բուհերի ազատ ընտրությունը արգելելու կողմնակիցները զգում են, որ եթե վերևից իրենց չհրահանգեն, իրենք չեն կարողանա ճիշտ որոշումներ կայացնել:

Որ ֆիլմը, պարը կամ ազատ ընտրությունը կարող են քայքայել ազգային ինքնությունը միանգամից ու անդառնալիորեն:

Արդյո՞ք «ազգադավ» քաղաքականության մասին խոսողները այն աստիճանի իրենք իրենց չեն վստահում, որ ուզում են, որ ընտրությունն արվի իրենց փոխարեն:

Ընդունված է մտածել, որ քննադատությունը միայն օգնում է հասարակությանը տեսնել կառավարության թերությունները, նպաստում է ավելի առողջ հարցադրումների ու թափանցիկ աշխատաոճի: Որ եթե կառավարությունը չի ստանում քննադատության որոշակի չափաբաժին, խխունջանում է, փտում, ճահճանում, ու ի վերջո, փչանում:

Այն քննադատական գրոհները, որոնց վերջին ժամանակ ականատես ենք Հայաստանում, բոլորովին այլ բնույթ ու նպատակ ունեն:

Դրանք ուղղված են ոչ թե խխունջից դուրս գալու, այլ խխունջի խորշերը մտնելու փորձերին:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *