2019.07.26,

Քննադատ

Կանաչած Սևանը, սևացած արագիլները լուրերի էկոհամակարգում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Սևանի մասին ռեպորտաժներն ու լուրերը այնքան շատ են, իրար հակասող՝ ահազանգող ու հանգստացնող, մերթ պրոֆեսիոնալ, մերթ սիրողական կարծիքների մեջբերմամբ, որ թվում է, թե լրատվական էկոհամակարգում ամեն ինչ հնարավոր է: Որ ուղղությամբ ուզես, այդ ուղղությամբ էլ կթեքես լուրի տրամաբանությունը ու ապագայի մասին կանխատեսումները:

Սևանը ներկայացվում է որպես վիրավոր էակ, որը կա՛մ մահանալու վտանգի շեմին է, կա՛մ լրիվ ապաքինման ճանապարհին:

Հասկանալի է, որ թեման նուրբ է ու բազմակողմանի: Բնությունն ու մարդը տարանջատված են, դժվարությամբ են հասկանում միմյանց լեզուն, բայց բնությունը տարբեր մանրուքների համագումարն է, իսկ մարդը կարող է ընտրել, թե ինչը լուսաբանել, իսկ ինչը պահել թաքուն, ջրի հատակում: Մի խոսքով՝ մանիպուլացնել լսարանին:

Սևանի մասին պատմող այս ռեպորտաժը, որը պատրաստել է Հանրային հեռուստաընկերությունը, ուրախ տոնայնությամբ է: Իհարկե, ուրախ է, երբ լրագրողը քեզ ասում է, որ Սևանում հանգստացողների թիվը պակասել է և «պատճառը կեղծ լուրերն էին, թե լողալը վտանգավոր է»: «Սևանը կապույտ է հագել», «Սևանում կարելի է և՛ լողալ, և՛ հանգստանալ»: Բացի այն բանից, որ ռեպորտաժում երեք անգամ կրկնվում է «կապուտակ Սևան» արտահայտությունը, ասվում է նաև Մալդիվների հետ նմանության մասին (հանգստացողի կարծիքն է): Բլոգեր Լապշինն էլ նորմալ է համարում լճի վիճակը:

Եթե հավատանք Հանրային հեռուստատեսությանը, ուրեմն լողալու վտանգները «կեղծ» են: Մակաբույծների առկայությունը, ջրիմուռներով, տիղմով պատված ափամերձ տարածքները չեն կարող առաջացնել տարբեր աղիքային և մաշկային հիվանդություններ։

Եվ նա, ով պնդի հակառակը, կեղծ տեղեկություն է տարածում:

Օրինակ, տարբեր գիտնականներ, որոնք այլ ռեպորտաժներում և հոդվածներում հայտնում են Սևանի անառողջության մասին, հետևաբար նաև, ողջ էկոհամակարգի, ներառյալ մարդ արարածին:

Իհարկե, մեր հիշատակածը լրագրողական աշխատանքի ընդամենը մեկ նմուշ է, բայց այն այնքան ցայտուն է, որ կարելի է հիշել սովետական տարիների՝ «Ամեն ինչ կարգին է, քանի դեռ ձեզ հակառակը չեն ասել» մոտեցումը: Ամենավատ մոտեցումը, որը կարող է լինել բարդ կապերով միմյանց հետ կապված ու հոգատար հանրություններում:

«Սևացած» արագիլ

Այն, որ Հայաստանում շատ կարևոր բաներ են դուրս եկել իրենց շավղից, ցույց տվեց այս նրբանկատ ու մանրամասն նկարագրող հոդվածը

Էկոհամակարգը բզկտված է, կապերը կտրվել են, թռչունները վերածվել են թափառական կենդանիների և այլևս չեն թռչում:

Արագիլները, որոնք չեն կարող օդ բարձրանալ մարդկանց պատճառով, դառնում են ապոկալիպտիկ ավարտի լուռ զոհերը:

Թռչունները չեն կարող թռչել, քանի որ գետ է լցվում յուղոտ սև զանգված, որը փակում է թռչունների ծակոտիները, ծանրացնում փետուրները և դատապարտում նրանց սովի ու հողին կպած կյանքին:

Արագիլների անկման մասին հայտնեց Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը՝ ասելով, որ ուսումնասիրում է խնդիրը:

Հանրային հեռուստաընկերությունը առաջիններից էր, որ հայտնեց արագիլների հետ կատարվող անդառնալի փոխակերպումների մասին: Ռեպորտաժը նայելով, մենք հասկացանք, որ աղետը կարող էր պատահել նաև մեկ մարդու անզգույշ քայլով: «Հիմա արագիլների մոտ փետրափոխություն է, նորից անարգել կսկսեն թռչել ամբողջական վերականգնումից հետո»,- ասում է լրագրողը:

Բարդ է ասել, սա կե՞ղծ լուր է, թե՞ ոչ: Բայց խնդիրն այն է, որ ռեպորտաժը առավելագույն պարզունակացնում է խնդիրը: Երևի, որ լսարանի մոտ տպավորություն ստեղծվի, որ պարզ լուծումներ կան:

Փետուրները կփոխվեն, Սևանը կկապտի ու ամեն ինչ կմաքրվի…

Կարծես ասում են՝ մի մտածեք վատ բաների մասին, նայեք, օրինակ, Սևանից ջուր խմելու ֆլեշմոբն ու վստահեք վախվորած չինովնիկներին ու խրոխտ լրագրողներին, որոնք խոստանում են «ուսումնասիրել ու լուծումներ առաջարկել»:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *