2019.06.14,

Քննադատ

Հարցազրույց աստղի հետ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային կապերը երբեք չի թերագնահատել, շփվել ու շփվում է տարբեր վայրերում ու հարցերի պատասխանում տարբեր ձևաչափերով ու տրամադրությամբ՝ հպանցիկ, հիմնովին, զվարթ կամ բարկացած, մեծ ասուլիսներով կամ փողոցային հանդիպումներով:

Երկար ժամանակ նրա նախընտրած ձևաչափը Ֆեյսբուքի լայվն էր (ասում էր, ինչ ուզում էր ու ավարտում զրույցը, երբ ուզում ու ինչպես ուզում): Այդպես էր նա նաև կոչեր անում հանրությանը:

Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը, որը հունիսի 13-ին հեռարձակեց «Շանթ» հեռուստաընկերությունը, բոլորովին այլ մակարդակ ուներ:

Իհարկե, սա առաջին դեպքը չէր, երբ Փաշինյանը արդեն վարչապետի կարգավիճակում դեմ առ դեմ հարցազրույց է տվել հայաստանյան լրագրողին:

Եղել է զրույց Թաթուլ Հակոբյանի հետ «Սիվիլնեթում», որը հանպատրաստից էր, գուցե նաև այդ պատճառով ոչ այդքան հետաքրքիր: Եղել է նաև զբոսազրույց կամ ճեմազրույց Տաթև Դանիելյանի հետ Հանրայինով, երբ քայլող մարդկանց հետ քայլում էին թիկնապահները ու ապացուցում լսարանին, որ սա բոլորովին դեմ առ դեմ զրույց չէ, այլ շոու-ծրագիր, որտեղ ղեկը լրագրողի ձեռքում է զուտ ձևականորեն:

Իսկ Արամ Աբրահամյանի հետ Փաշինյանի հարցազրույցը իրոք հարցազրույց էր, որտեղ ներկա էր լրագրողը ոչ ձևականորեն, և այդ լրագրողին լսելը հաճելի էր:

Անգամ կարելի է ասել, որ դա վարպետության դաս էր՝ բոլոր այն լրագրողների համար, որոնք կարծում են, որ հարցեր տալը արվեստ չէ: Որ բավարար է ընդամենը ցանկանալ հայտնի հյուրին «բռնացնել» վրիպումների վրա կամ մի սկանդալային հարց ուղղել նրան՝ սկանդալ գուժող ձայնով և դա բավարար է լսարանին գոհացնելու համար:

Հայտնի մարդկանց հետ հարցազրույց վարելու համար (լավ վարելու) իրականում շատ բան պետք չէ. պետք է լինել լրագրող:

  1. Հիշել, որ հարց տվողը ոչ սպասարկող է, ոչ ընդդիմադիր:

Եվ բնավ կարիք չկա հաճոյանալ հյուրին ու նպատակ դնել՝ ներկայացնել նրան միայն որպես կուռք ու անբեկանելի հեղինակություն (դրանով իսկ բարձրանալ սեփական աչքերում): Համենայնդեպս հիշում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը Գեղամ Մանուկյանի հետ այդ պատճառով էր նաև թույլ:

Լրագրողը հյուրի ընդդիմադիրը չէ, որ ասի՝ ես կարծում եմ, իսկ ես այդպես չեմ մտածում, բայց ժամանակին Դուք հակառակն էիք ասում և այլն:

Լրագրողը ղեկն իր ձեռքն է վերցնում, որ ինքը չերևա: Որ լինի ու պահի ղեկը, իսկ ներկայանա հյուրը:

  1. Միևնույն է աստղը հյուրն է (անգամ եթե աստղ չէ), իսկ լրագրողի ցանկությունը սեփական կարծիքը ակտիվորեն ի ցույց դնելը վատ նշան է:

Լրագրողը միայն ստվերում լինելով է փայլատակում: Այլ կերպ չի լինում: Դա գիտի նաև Արամ Աբրահամյանը: Եթե նայեք հարցազրույցը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նա կարողանում ոչինչ չասելով, շատ բան ասել:

«Պատշաճ չեմ համարում մեկնաբանելը»,- Փաշինյանի պատասխանին արագորեն ավելացնելը «Դա նույնպես պատասխան է» ու միանգամից տալ մյուս հարցը, կարող է միայն բարձր մակարդակի լրագրողը:

Դրանից հետո ցանկացած հյուր փորձում է հասկանալ, թե ինչու իր վրա այլևս չեն «հարձակվում», եթե ինքը լղոզած է պատասխանել կամ ընդհանրապես չի պատասխանել:

Հարցը կախելը կամ ընդհակառակը պնդելը լիովին կախված է լրագրողից: Եվ դա պիտի արվի գրեթե հովազային պլաստիկայով, այսինքն, առավելապես ճկուն, սահուն ոճով:

  1. Լավ լրագրողը գիտի, ինչպես ավարտել հարցը և երբ. դա թերևս ամենակարևոր ունակությունն է հեռուստատեսային հարցազրույցում:

Լրագրողները, որոնք եթերում են, սիրում են երևալ պերճախոս կամ ընդհակառակը՝ մտերմիկ-սովորական: Եվ որպես կանոն սիրում են լսել սեփական հարցերը: Խոսում են ու իրենք իրենց հաճույքով լսում:

Փաշինյանը երևի վաղուց հարցազրույց չի տվել լավ լրագրողներին և այդ պատճառով էլ երևում էր, որ նա կադրում մտածում է, քանի որ պատրաստի պատասխանները բավարար չէին, թեև բոլորը գիտեն, որ Փաշինյանը հրաշալի հռետոր է:

  1. Հարցազրույցը ճոճանակ է, որը շատ ճոճելը պատվաբեր չէ:

Կիսատոները, դադարները, թեմաների փոփոխությունները այն ունակությունն է, որը երևի կոփվում ու հղկվում է տարիներով: Արամ Աբրահամյանը կարող է կենսուրախ ձայնով ասել, որ ամեն ինչ լավ է, իսկ էկրանից այն կողմ նստած մարդիկ լսեն դրա տակ միտք, ոչ թե միայն բառեր:

Հարցազրույցի ամենահետաքրքիր մասը ստի ու ճշտի մասին էր: Լրագրողը որոշեց, որ մի քիչ փիլիսոփայությունը պետք էր: Հետո ինքը որոշեց, որ բավարար է: Եվ հասավ այն բանի, որ բարձրաստիճան, ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյան ինքը և մի քանի անգամ հարցեր ուղղեց լրագրողին՝ փորձելով համախոհ տեսնել նրա մեջ: Լրագրողը ընդամենը թափ տվեց ուսերը, քանի որ չի եկել եթեր հարցերին պատասխանելու համար:

Լավ բան է լավ լրագրող լինելը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *