2019.03.29,

Քննադատ

Համարակալած մեդիադարդեր

author_posts/armen-ohanyan
Արմեն Օհանյան

Արձակագիր

Էլ ո՞ւմ պատմեմ հայկազուն մեդիադարդերս, եթե ոչ media.am-ին։

Մեդիադարդ N1. Մի ուրվական է շրջում աշխարհում՝ fakenews-ի ուրվականը։

Մեդիայի բոբոն է լրակեղծարարությունը, իրականում, ինչպես բոլոր ուրվականները՝ ծնված վախից, վախով սնվող։ Նաև գլոբալ թրենդ է դարձել քաղաքական պարտությունները կեղծ լրատվությանը վերագրելը։

Հիմքում ընկած է էն ծեծված միտքը, թե մարդս մոլորյալ ձեռնածու է, ուստի «դիփս էլ խաբում ինք ու խաբված ինք»։

Ահագին, խելքը գլխին մարդ առաջարկում է fake կոչված անդեմ ուրուների դեմ անհաշտ պայքար ծավալել, անգամ դրանց համարել տեղեկատվական ազգային անվտանգության սպառնալիք։

Ինչ խոսք, ՏՏ դարում կիբերանվտանգության հարցեր կան, կիբերգործակալներ էլ կլինեն, բայց եկեք նախ fake-ին fakenews-ից տարանջատենք։

Fake-երն ամենուրեք են, սեքսի կամ թե շփման կարոտ ուրուներ են հալածական, ով իմանա՞ համացանցի բավիղներում՝ ինչ են կորցրել, ինչ են փնտրում։ Ու նրանց միայն մի փոքր մասն է լծված լրակեղծարարության փողաբեր գործին։

Հենց էդ տեղական «արտադրողին» էլ իր հացից կտրելու մի ձև կա՝ ստվերից հանել հայկական լրատվական շուկան (գրեթե նույն տրամաբանությամբ, ոնց որ ողջ տնտեսությունը)։ Մնացածը՝ շվաքի վախ է։ Լոռեցի Սաքոյին գժվացրին չարքերը, Լուլույին հալածում են fake-երը (չնայած՝ fake-երը նաև բարի են լինում), էս հարցի հուզական կողմն է։

Fakenews-ից նեղված քաղաքական գործիչը նման է գնդակից վախեցող ֆուտբոլիստի։

Անհիմն սկանդալը քաղաքական գործչի մուրազն է, հանրային ուշադրության կենտրոնում հայտնվելու հրաշալի առիթ։ Խելամիտ գործելու դեպքում, թե՛ պղտոր ջրից չոր դուրս կգաս, թե՛ վարկանիշդ կաճի։ Արսեն Թորոսյանը՝ ձեզ օրինակ, որի դեմ արշավն անփառունակ վախճան ունեցավ։

Քաղաքական գործի՞չ եք, պատրաստ եղեք ծաղրուծանակվել։

Ժողովրդի անեծքն ու օրհնանքը դնենք մի կողմ։ Հենց նույն ԶԼՄ-ները մերօրյա ոչ մի քաղաքական գործչի էդքան չեն սևացրել ու զրպարտել, որքան Լևոն Տեր-Պետրոսյանին։ Եվ ի՞նչ։ Ոչ մի լրատվամիջոցի կամ լրագրողի երբևէ դատի չի տվել։ Բայց, երբ իր օրոք քաղաքական լրջագույն հիմնավորմամբ փակվեցին որոշ լրատվամիջոցներ, փաստը դարձավ մատի փաթաթան՝ առայսօր դիտվելով իբրև խոսքի և արտահայտման ազատության ոլորտում ետքայլ։ Էս է՛, դասեր քաղեք։

Լրակեղծարարն էլ մարդ է, երևի մանկուց երազած գործը չի անում, բայց փող է ստանում, աղքատությամբ լցված գլուխը պահում։ Դժվար է ասել, թե քանիսն են էս սև վիրտուալ շուկայում բանում, բայց հարցի սոցիալ-տնտեսական կողմը չարժե անտեսել։

Թե տնտեսական բառերով խոսենք՝ խաբվելու, մոլորեցվելու սպառողական պահանջարկ չկա, ուստի առաջարկածին էս շուկայի շարժիչը պատվիրատուն է, ոչ թե ստահոդ լուրերի հավատավորը։

Կեղծիքի մշակույթը Հայաստանում շնչահեղձ է լինում, իսկ ազատ համացանցն ապահով թաքստոց է «դեմ առ դեմ» կռվում պարտվածի համար։ Օրինաչափ է էս տիրույթում կեղծարարների աշխուժացումը, քանի որ այլ «ավանդական» շուկաներում, օրինակ՝ ընտրակեղծարարության, էլ գործ չկա, փող չի ֆռում։ Զարգանում ենք, փաստորեն, աշխարհից հետ չենք մնում։

Ամեն դեպքում, ստվերի դեմ պայքարը լույսի տակ կանգնելով կլինի։

Մեդիադարդ N2. Ինչո՞ւ ապշած ես ՀՀՌ

Հանրային հեռուստառադիոխորհրդի բախտն է որոշվում, իսկ իր ալիք ու եթերում չեն հայտնվում 23 թեկնածուները, ոչ էլ նրանց ծրագրերն են հանրայնացվում։ «Ազատությունն» է էդ գործն ընտրողաբար առաջ տանում՝ հրավիրելով թեկնածուներից մեկին կամ մյուսին։

Հ1-ը չխոսկան հարսի պես լռում է, ում մարդի տան՝ կգնա։ Կարգն էդ է՝ հանձնաժողովը ոնց որոշի։

Բա հանրությո՞ւնը, լավ, գոնե փորձագիտական համքարությունը բանից անտեղյակ մնա՞։ Անգամ ամենաանաչառ, մրցակցային հանձնաժողովի որոշումը շահագրգիռ լսարանի համար համոզիչ է դառնում, երբ առաջարկվող ծրագրերը հանրայնացվում են, ավելին՝ հանրությունն ականատես է լինում բանավեճի, այլապես միշտ գործելու է «իրանց մարդուն անկացրին»-ը։

Էնպես, որ Պետրոս ջան, ուշքի արի, հերթով կանչի խոսեցրու, կամ էլ խմբով՝ կռվեցրու։

Մնում է հուսալ, որ հանձնաժողովը կհետևի կառավարության օրինակին ու իր ամփոփիչ նիստը կանցկացնի դռնբաց։ Մենք էլ կտեսնենք, ինչ են ասում-խոսում, ոնց են հիմնավորում իրենց որոշումը։

Ամեն դեպքում, չզարմանաք, թե ներքին խոհանոցում եփած ճաշը չուտվի։

Մեդիադարդ N3. Մեդիա-պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

Մեր լրատվամիջոցները նման են էն միամիտ հայ գյուղացուն, որն իր սեփական հողը ժամանակին վաճառել, իսկ հիմա ստիպված բատրակություն է անում էդ նույն հողի վրա։  

Մեծ առուծախն ի՜նչ հեշտ կուլ տվեցին։ Լրագրող ու խմբագիր ի՜նչ հեշտ զինվորագրվեցին ներքաղաքական մեդիա-պատերազմին։

Առանց երկմտանքի զիջեցին օրենքով իրենց վերապահված ու հեղափոխությամբ վերադարձված չորրորդ իշխանության դիրքերը։

Փոխակերպվող «փեսամեդիան» ու նորաթուխ «վոյինլուրը» ձեռք ձեռքի տված «փաշիզմի» դեմ կենաց մահու կռվի են ելել: Բանակից էլ մարտունակ են ու ռազմատենչ, բայց արի ու տես, որ հակառակորդը խաղաղասեր է, հակահարված չի տալիս։

Պարզ է չէ՞, որ Քաղպայմանագիրը խնդիր չունի սեփական հեռուստաալիք բացելու։ Բարձրաստիճան մեդիա-սպայակազմը տարակուսում է՝ բա հաշվեհարդար չի՞ լինելու, Նիկոլը մեզ չի՞ փակելու, չի՞ ճնշելու, մեր «հավաստ»-ի աղբյուրներից արյան գետեր չե՞ն հոսելու։ Ու շարունակում են կրակել սպիտակ դրոշ պարզածի վրա։ «5-րդ ալիք»-ը, «Արմենիա TV»-ն, նույնիսկ «Երկիր Մեդիան», վարչապետի երկարաշունչ ասուլիսին անգամ մի հարց չհնչեցրին, իսկ Հ1-ը շարունակում է հարթակ տրամադրել մերժված ՀՀԿ-ականներին։

Անկախ ելքից, էս պատերազմում գլխանց պարտվածն էլի լրատվամիջոցներն են, որ միջոցից դարձան գործիք ու շարունակում են սեփական դաշտն ականապատել, ապա տրաքել իրենց իսկ դրած ականի վրա։ Չեզոք «դասալիք»-ներին չի հաջողվում եղանակ փոխել։

Երևի մեդիա-խաղարարներ են մեզ պետք։

Մեդիադարդ N4. Մեդիաբիթի հանրությունն ու անգրագետ մեդիան

Սովետի «լիկբեզ»-ի հարյուրամյակն է։ Հիշելիս կլինեք՝ 8-50 տարեկան բոլոր-բոլորը լենինյան «սովորե՛լ, սովորե՛լ, ու վերստին սովորե՛լ» կոչին անսալով գրել-կարդալ պիտ սերտեին։ Լիկբեզի դարն անցել է, բայց շատերի համար «իդեա-ֆիքս» է դարձել «մեդիա-լիկբեզը»՝ կարծես գիտության ողջ գրանիտը կրծված է, ու մնացել է մարսել մեդիաոլորտի նուրբ լարերը։

Հեշտ չի հանրությանը կրթել, երբ կրթական համակարգդ ավերակ է։

Դժվար է նաև պատկերացնել տակավին անգրագետ մեկին, որ կփայլի բացառապես մեդիագրագիտությամբ։ Պարզ է՝ օրվա հրամայականով դպրոցական առարկա կդառնա նաև մեդիագրագիտությունը, բայց տեսնելով, թե ինչպես է դասավանդվում ինֆորմատիկան, կասկածների գիրկն ես ընկնում։

Ու չգիտես՝ ո՞րն է ավելի մեծ սարսափ՝ անգրագետ լրագրո՞ղը, թե՞ մեդիագրագիտության ցուցափայտով ուսուցչուհին։

Ամենևին չնսեմացնելով մեդիագրագիտության կարևորությունը, պիտի փաստենք, որ էսօր էդ գրագիտության պակասն առաջին հերթին հենց մեդիային է վերաբերում, իսկ հանրությունը՝ թեպետ մեդիա-գրագիտությամբ չի փայլում, բայց ահագին մեդիա-բիթի է։

Օրինակով պարզաբանեմ։ Մենք սեռական կրթություն, առավել ևս՝ դաստիարակություն չենք ստանում, չափից շատ պոռնո ենք նայում (ըստ էության սեքսի մասին ապատեղեկատվություն, առանց «չփորձեք տանը կրկնել» նախազգուշական ենթագրի), բայց դա մեզ չի խանգարում կյանքում մի կերպ՝ սեփական փորձով կամ հարցուփորձով կողմնորոշվել։

Նույնն էստեղ է․ վատից-լավից հանրությունն ինքնակրթվել է, յոլա է գնում։ Նույնիսկ մեդիաանգրագետ մեր ժողովուրդը տեղն եկած տեղը թացը չորից տարբերում է։

Երկու տասնամյակ մեր ուղեղները լվացել, շրիշակին փռել չորացրել, հարթուկել ու աղացել են, բայց ամեն անգամ հույսի մի շողից մենք ոգեշնչվել, արթնացել ենք, մտքներս՝ պայծառ, դուխներս՝ տեղը, առաջացել, առաջացել ենք ու էդպես էլ առաջացել են Հայաստանի հպարտ քաղաքացիները՝ ահագին անգրագետ, բայց ընդհանուր առմամբ բիթի մի հանրույթ, որն էդքան էլ հեշտ չի տրվում մեդիա խարդավանքներին։

Հետևողականորեն ինքնակրթվող մեդիա դաշտն ինքնաբերաբար ազդելու է նաև իր լսարանի վրա։ Ոչ մի կրթնախ ու դասագիրք չի սահմանելու էս նշաձողը։

Խեղդվողների փրկությունն իրենց ձեռքում է։

(Շարունակելի)

Արմեն Օհանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *