Հայաստանում ամենապահանջված ու նորաձև թեման լրատվական դաշտն է: Ով ինչի մասին խոսի, անպայման մի քանի բան ասում է կողմնակալ, ֆեյքառատ ու կարգավորման պակաս ունեցող մեդիայի մասին: Կամ ընդհակառակը՝ հիշեցնում է, որ կա ճնշում լրատվամիջոցների, հետևաբար նաև խոսքի ազատության հանդեպ:
Գրեթե բոլոր քաղաքական թեմաներն, ի վերջո, հանգում են մեդիայի դերի (կեղծ լուրերի, թաքուն ու ոչ այնքան սեփականատերերի ու նրանց թաքուն ու ոչ այնքան շահերի) մասին կարծիքների, քննադատությունների ու վերաիմաստավորման փորձերի:
Հեղափոխությունից մեկ տարի անց կարծես ոչ թե քաղաքական ուժերի, այլ լրատվամիջոցների վրա է դրվել առաջնագծում լինելու ու հարվածներ ընդունելու կամ հարվածներ նախաձեռնելու բեռը:
Ոչ թե քաղաքական ուժերը, այլ լրատվամիջոցներն են նախահարձակ՝ ելնելով այն փաստից, որ կուսակցություններն ու տարբեր այլ քաղաքական միավորումները դեռևս լուռ են ու աննկատ: Հազվադեպ են այն դեպքերը, երբ քաղաքական ուժը ուղերձով կամ հայտարարությամբ է հանդես եկել առանցքային հարցերում: Դա արվում է քողարկված՝ ներկայացվելով որպես լրատվամիջոցների ընտրություն:
Հայաստանում շատ բան է անցնում լուրջ ձևափոխումների միջով՝ պետական ապարատից մինչև հանրային կապեր:
Բայց այն ցնցումային իրավիճակը, որի մեջ հայտնվել են լրատվամիջոցները, ամենահետաքրքիրն է:
Տարիներ շարունակ լրատվամիջոցները եղել են քաղաքական ուժերի կցորդը, իսկ հիմա հանգամանքների բերումով ու արագորեն տեղի ունեցած վերադասավորման պատճառով, շատ լրատվամիջոցներ ստիպված են դառնալ ինքնուրույն խաղացողներ: Անգամ, եթե չունեն ո՛չ դրա ցանկությունը, ո՛չ անհրաժեշտ ֆինանսական աղբյուրները, ո՛չ էլ ներուժը:
Նախորդ քսան տարիների ընթացքում լրատվամիջոցների գոյատևման հիմնական աղբյուրներից մեկը եղել է քաղաքական պատվերը, որը շատ դեպքերում ներկայացվում էր իբրև զուտ առևտրային գործարք:
Կար լրատվական ապրանք, որը դրվում էր ցուցափեղկում, պահվում պահեստում կամ ծառայում էր որպես կլանային-բարտերային հարաբերությունների կարգավորման միջոց (ասենք, որպես գնացուցակ՝ լրատվական նյութերը հրապարակելու կամ չհրապարակելու դեպքում):
Մրցակցություն հիմնականում չկար:
Եթե անգամ կար, ապա միակ միջոցը քաղաքական պատվերին միանալու հնարավորությունն էր (լավ ես կատարում պատվերը, էլի կպատվիրենք): Եվ քանի որ իսկական մրցակցություն չկար նաև բիզնեսի ոլորտում, լրատվամիջոցներին սաստելու կամ պարգևատրելու միջոցը դարձել էր նաև գովազդային հոսքերը ավելացնելու/պակասեցնելու հեռանկարը:
Լրատվամիջոցների մեծ մասը գիտեր, որ կցորդ է քաղաքականությանը, անգամ եթե այդ մասին միայն մտքում էր խոստովանում:
Հիմա խաղի կանոնները փոխվել են, լրատվական դաշտը ոչ թե քաղաքականության ստվերում է, այլ քաղաքականությունն է պահում ու պահպանում իր ստվերի տակ:
Շատ լրատվամիջոցներ հիմա առաջնագծում են, քանի որ առաջնագիծը լավ տեղ է. հարկ եղած դեպքում կարելի է ասել, որ անկախ են, ազատ, քննադատում են, այլընտրանքային կարծիքներ որոնում, հիշեցնում սպառնալիքների ու վտանգների մասին: Եվ հենց այդ պատճառով էլ ճնշվում են:
Եվ քանի որ բոլոր ժամանակներում լրատվամիջոցներին ճնշելը վատ նախադեպ ու ամոթալի ցուցանիշ է, լրատվամիջոցներից շատերը՝ թիկունքում պահած քաղաքական ուժերին, ուզում են լինել «ճնշված» ու «ճնշումների զոհ»: Դա հիմա հարմար դիրքորոշում է, որը բարձր գին ունի այսօրվա խառնիճաղանճ քաղաքական շուկայում:
Լրահոսում որպես անվիճելի իրողություն ասվում է՝ «արշավ լրատվամիջոցների դեմ», «ազատ խոսքի ոտնահարում», «մեդիային ճնշելու փորձեր» և այլ նմանատիպ բառակապակցություններ:
Անգամ եթե հարց են տալիս տարբեր մեդիա անձերին, ապա հարցը սկսում են այդ պնդմամբ. «Հաշվի առնելով արշավը լրատվամիջոցների դեմ, ի՞նչ եք կարծում…»:
Ընդհանրապես կա հոգեբանական հաստատուն վիճակ՝ ավելի գերադասելի է լինել «զոհ», քան «դահիճ»:
Զոհին ներվում է այն, ինչը չի ներվում իշխանություն ունեցողին: Իսկ իշխանությամբ օժտվածը միշտ կնույնացվի դահիճի հետ, թեկուզ միայն այն պատճառով, որ նա ունի ճնշելու լծակներ: Եթե այդպես եղել է, նորից կլինի:
Եվ ուրեմն, պայմանական «Հայկական ժամանակը» կլինի «դահիճ», իսկ պայմանական «Հրապարակը» կամ «168ժամը»՝ «զոհ»:
Եվ դա ամենալուրջ մանիպուլյացիաներից է, որի մաս է նաև «Հայկական ժամանակը»: Այդ լրատվամիջոցը կարող էր դուրս գալ այս հոգեբանական խաղից՝ դառնալով «Իմ քայլի» պաշտոնական օրգանը՝ առանց ազատ լինելու հավակնությունների ու չհասկացված «զոհի» իր դիրքը ընդգծելու:
Բայց «զոհ» ուզում են լինել բոլորը: Գոնե պարբերաբար, գոնե մի քիչ:
Եվ երբ տարբեր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները խոսում են «զոհի» դիրքերից՝ ավելի շուտ ոչ թե զգում են իրենց որպես «զոհ», այլ հաստատում են, որ հավակնում են նոր քաղաքական-առևտրային գործարքների մաս դառնալ: Իսկ գործարքներում նոր իշխանությունների «զոհը» բարձր է գնահատվում: Անգամ ավելի բարձր, քան սեփական լսարանի համար վստահելի լինելը:
Մեդիա դաշտի հետ կապված գրեթե բոլոր քննարկումներում ասվում է նաև կոմպետենտ մեդիա սպառող ունենալու անհրաժեշտության մասին: Սպառողն ինքը պետք է այնքան իրազեկ ու հմուտ լինի, որ կարողանա ուղղորդվող լրահոսի զոհ չդառնալ (արդեն առանց չակերտների):
Չակերտներ բացելը արժե միշտ: Մանավանդ հիմա, հեղափոխությունից հետո, երբ սպասելիքների ու իրականության միջև ճեղքեր են հայտնվել, իսկ կապիտալն ու գաղափարներ շրջանառող մեդիա հարթակները մնացել են նույն մարդկանց ձեռքում, ինչ նախկինում էր:
Եվ կա հնարավորություն անելու այնպես, որ լսարանը ինքնուրույն խաղացող լինի՝ առանց հաշվի առնելու քաղաքական ստվերային փողերը, չակերտավոր պիտակավորումներն ու հաճախ նաև նոր պաշտոնյաների ոչ կոմպետենտ բացատրությունները:
Երբ լսարանն ավելի կոմպետենտ է, քան իրեն շրջապատող լրատվամիջոցները, փոփոխությունները ավելի ցայտուն են:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: