Մեր վարչապետը նաև պոետ է, գրեթե «վարորդը նաև հսկիչ է» տրամաբանությամբ։
Էս դեպքում, պոետն ու պոլիտիկը ոնց որ Սիսն ու Մասիսը, որպես անհաս փառքի ճամփա, սահմանում են մի Արարատ՝ երկու գագաթ։
Պատահական չի, որ Քաղպայմանագրի տարբերանշանը ներառում է նույն Արարատ-մարդու երկու գագաթ-ափի ձեռքսեղմում։ Իրականում, երկուսը մեկում հեշտ չեն գոյակցում։ Պոետն ազատատենչ մեկն է, որ իր նախընտրած տաղից բացի, այլ չափ ու սահման չի ճանաչում, իսկ պոլիտիկը՝ կարգերի հեղինակն ու համակարգի սպասարկուն։
Ավելին, մեր պես լեզվահեն մշակույթներում պոեզիան հաճախ դատապարված է հաստատել իր անկախությունը պոլիտիկայի նմատմամբ՝ իշխանության քաշած «ապազգային»-ի տաբուավորված սահմանագիծը հատելով։
Քաղաքականությունը հնարավորի արվեստն է, պոեզիան՝ անհնարինի մասին խոսելու հնար, բայց երբ վերից վար իջնում է պոետի հանգը՝ իբրև պոլիտիկի հրահանգ, ուրեմն երկրում իրավիճակ է փոխվել։
Մեզանում, բախտի բերմամբ, թե պատահմամբ ազգայինը սահմանել են հիմնավորապես գրողները՝ պոետները և վիպասանները։ Ազգի դարդը քաշել ու դրանով տապակվել են նաև կարճ արձակն ու հրապարակախոսությունը։
Չուրանալով պատմիչներին՝ պիտի հասկանանք, որ հայոց պատմությունն առավելապես գեղարվեստականացված է յուրացվել ժողովրդի կողմից (սկսած Խորենացուց մինչև Րաֆֆի, Լեո և մի շարք այլ ազգակերտիչ հեղինակներ)։
Փիլիսոփայական դպրոց չձևավորած միտքը չի հանրայնացվել, քանի որ փիլիսոփայությունն ասմունքել ու երգել դժվար է։ Վառ օրինակ է, Նժդեհի խառնիճաղանչ, կուսակցականացված «ազգային գաղափարախոսությունը», որ էդպես էլ չդարձավ արժեհամակարգային, քանզի Սևակն ու Շիրազը 10-ով 0 հաղթած ունեն նրան՝ իրենց ժողովրդականությամբ։
Մի խոսքով, թե այլ ժողովուրդների հաշիշը կրոնն է, հայ ժողովրդինը՝ առաջին հերթին պոեզիան, նաև էն պատճառով, որ ազգային համարվող եկեղեցին համառորեն շարունակում է «խոսել» իր հոտի հետ անհասկանալի լեզվով։
Ուստի, ազգայինը՝ որպես «ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ո՞ւր ենք գնում» եռահարցի դյուրամարս պատասխան հիմնականում ձևակերպել են պոետները։
Պատահական չի, որ ազգային արժույթին հաճախ հենց իրենք էլ պատկերվում են (Չարենց, Թումանյան, Իսահակյան, Սևակ, և ոչ թե հենց նույն Րաֆֆին ու Լեոն)։
Ժողովրդի ձայնը հանգավորվել է, քանի որ էդպես ավելի հեշտ է անգիր մտապահել հիմնական ուղերձները։
Քաղցր 60-ականների ազգային զարթոնքը պայմանավորված էր ստալինիզմի աղետի վերապրման հրամայականով, որ հնարավոր դարձավ Կրեմլի թողտվությամբ, մի նախապայմանով՝ չլինել հակասովետական, քանի որ կոմունիզմը դեռ շարունակում էին կառուցել (Խրյուշովի սահմանած վերջնաժամկետը 1980 թվին էր)։
Եկեղեցին հաշիվ չէր, ուրեմն սովետահայ ազգայնականության վերելքն ապահովեցին հիմնականում երկու պոետ՝ Սևակն ու Շիրազը, որոնց գրչով սահմանվեց թե՛ ազգային երազանքը՝ «տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», և թե՛ ինքնությունը՝ «մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», իսկ ինչու՞ ենք քիչ, որովհետև «ուզեցին մի հայ թողնել, և այն էլ թանգարանում»։
Թշնամանքի վեկտորն անշեղորեն ուղղվեց երկաթե վարագույրից այն կողմ ու այլոց հիմնարար, դասական տեքստերը, ասենք, Աբովյանի «օրհնվի՛ էն սհաթը» վերանայելու կարիք չառաջացավ։
Հայոց պոլիտիկան միշտ էլ ինչ-որ իմաստով պոետիկ է եղել, և պոեզիայի վերադարձը քաղաքական տրամասույթ ավելի շատ օրինաչափ է, քան արտառոց մի բան։
Մյուս, ոչ պակաս կարևոր հանգամանքը քաղաքական խոսքի նկատմամբ վստահության բացարձակ կորուստն էր։ Քաղաքականությունը սուտ է և ճղճիմ, արվեստը՝ բարձր ու ճշմարիտ։
Ենթադրվում է, որ Համո Սահյանը չի ստում, և «Հայաստան ասելիս աչքերը լցվում են, իսկ ոտքերը ծալվում», իսկ Սերժ Սարգսյանը բացահայտ ստում է, երբ խոսում է կրկեսի վերածելու հայրենիք չունենալուց։
Ուստի, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն արտասանում է Չարենցի «Մահվան տեսիլը», իսկ հաջորդող Մարտի 1-ի ողբերգության զոհերից առաջինը ինքը չի լինում, ոմանք իրենց խաբված են զգում և ուզում են տեսնել «կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ»։
Ասած ասողի՝ չգիտեմ ինչու է այդպես։ Գուցե սրբազան գրերի երկրի ժողովուրդն իսկապես խնդիր ունի խոսքերից՝ ինչպես փրփուրներից կախվելու, քանի որ բառուբանից բացի ոչ մի ուրիշ հիմնարար արժեք չունի։
Գալով մեր օրեր։ Նիկոլի երգերը ծնվում են անելանելիության հետ բախումից, իբրև անհնարինի հնարավորություն։ Նախ որպես սեփական ներքին տագնապի կամ ճնշվածության հաղթահարում, ապա ուղերձ մենք-ին՝ կոլեկտիվ վախի հաղթահարման պլացեբո՝ համապատասխան էֆեկտով։
«Ձոն գարնանամուտի»-ն գրվել է Մարտի 1-ի ոգեկոչմամբ, «Իմ քայլը» իշխանափոխության անհնարինության միֆը կոտրելու մղումով, «Հայոց զորքը հարթավայրում»-ն Ապիլյան պատերազմի տրավմայի հաղթահարման փորձ է։
Էս շարքում առանձնանում է տնտեսական հեղափոխության անհնարինության հետ առնչումից ծնված «Ռանչպար»-ը, որ ավերակաց վրա իշխելու դատապարտվածի ոգու ճիչն է։ Հեղինակվել է արդեն վարչապետ Փաշինյանի կողմից, ուստի, ի տարբերություն նախորդ բանաստեղծությունների, էստեղ «մենք»-ի և «դուք»-ի տարանջատում կա, որտեղ հեղինակը դիմում է ռանչպարությանը։
Հայոց պաթոսն ավանդաբար հաղթում է լոգոսին։
Նոր Հայաստանի քաղաքական հռետորաբանությունում նույնպես լոգոսի բացը հաճախ լցվում է պաթոսով, իսկ արիստոտելյան իմաստով էթոսը հեղափոխության պատմությունը վերածում է ասքի, որտեղ թավշյա էլիտայի վարքուբարքը, առաջնորդի խարիզման, ընտանիքը և այլն դառնում են քաղաքական խոսակցության բովանդակություն։
Փաշինյանի բանաձևը պարզ է․ պաթոսը՝ ներսի համար, լոգոսը՝ դրսի։ Պարզ է չէ՞, որ Ղարաբաղի հարցով բանակցելիս չի ասմունքելու, այլ խոսելու է լոգոսի, տվյալ դեպքում՝ միջազգային իրավունքի լեզվով։
Ուրեմն պոեզիան բացառապես հայ ժողովրդի հետ նույն հուզական ալիքի վրա մնալու համար է, որովհետև հեղափոխական ոգևորությունը նվազելու է, քաղաքական պաթոսը մարդկանց ականջը գնալով ավելի է ծակելու, ուստի վերջին վհատվողի միակ լեզուն մնալու է պոեզիան։
Մարտի 21-ը պոեզիայի միջազգային օրն է, արժե խմել մեր բանաստեղծ ու հուզառատ ժողովրդի կենացը՝ իր բոլոր մեծ ու փոքր, երգված ու անտեսված պոետներով հանդերձ։
Արմեն Օհանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: