2018.09.18,

Քննադատ

Ահն ու ատելությունը սոցցանցերում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանը կրկնակի նախընտրական փուլում է։ Հիմա անցնում ենք ավագանի ընտրելուն, որն էլ իր մեջ պարունակում է խորհրդարանական ընտրությունների խորհուրդը։

Քարոզարշավը սկսվել է վաղուց, իսկ այժմ այն նաև պաշտոնական է։ Եվ ընթանում է մեկ ավելի մեծ գործընթացի շղարշի տակ, որը շատ պայմանական կարելի է կոչել հեղափոխական և հակահեղափոխական ուժերի պայքար։

Սա, իհարկե, շատ տեխնիկական անվանում է, քանի որ ոչ մի ուժ, որին հեղափոխականները անվանում են հակահեղափոխական, իրեն այդպիսին չի համարում։ Ավելին, դա մեկ ուժ չէ, մի շարք քաղաքական հոսանքներ են, որոնք հաճախ կամ իրար դեմ են, կամ իրար մեջ են ներհոսում։

Այս խառը քաղաքական և հասարակական իրավիճակը ձև է տալիս նաև այն ամենին, ինչ կատարվում է մեդիադաշտում և սոցիալական ցանցերում։ Եվ իր հերթին ստեղծում է հետաքրքիր մետամորֆոզներ, որոնցից մի քանիսի մասին կուզեմ խոսել։

Առաջինն այն է, որ հանրությունը ուշադրությունը սևեռել է դեպի սոցիալական ցանցեր։ Շատերը հասկանում են, որ իրական, հետաքրքիր քաղաքական պայքարը ընթանում է հենց սոցցանցերում։

Նույնիսկ ավելին․ շատ իրադարձություններ կատարվում են միայն սոցիալական ցանցերում, անգամ դուրս չգալով իրական օֆլայն կյանք։

Այսինքն, իրավիճակն այնքան է փոխվել, որ մարդիկ սոցցանց մտնում են ոչ միայն իրենց հավեսի, բարեկամներին գտնելու համար, այլ՝ ստիպված։ Որպեսզի կյանքից հետ չմնան։

Փաստացի, միայն վերջին մի քանի ամսվա ընթացքում հարյուրավոր ու հազարավոր մարդիկ տեղափոխվել են սոցիալական հարթակները։

Մյուս հետաքրքիր բանը ֆեյքոֆոբիան է։ Հայ ժողովուրդը վերջին տարիներին հաճախ էր փորձում իր մեջ ուժ գտնել ֆեյքերի դեմ պայքարելու։ Հիմա դա համատարած բնույթ է կրում։ Յուրաքանչյուր օգտատեր, որն արտահայտում է այլ մակնիշի կարծիք, հայտարարվում է ֆեյք, անիծվում է, ենթարկվում կիբեր֊հալածանքների։

Շատ դեպքերում մարդը բացարձակ ֆեյք չի էլ լինում։ Ավելին, շատ բարդ է հասկանալ, թե ֆեյք ասելով, ինչ նկատի ունենք։ Երևի, հիմնականում՝ այլախոհ։ Վհուկների որսին զուգահեռ ընթանում է ֆեյքերի որս։

Մեկ այլ խիստ ուշագրավ երևույթ է հասարակական կլաստերների, խմբերի վերաձևավորումը։

Գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցերը խիստ ձևով սրում են նույնիսկ զուսպ և կիրթ մարդկանց համակրանքներն ու հակակրանքները։ Այսինքն, իրական կյանքում մի մարդը կարող է բավականին չեզոք վերաբերվել մյուսին, որն իր նման չէ։ Նման չէ իր քաղաքական հայացքներով։ Կամ կրոնական։ Եվ այլն։

Բայց հերիք է նույն մարդիկ հանդիպեն որևէ սուր գրառման մեկնաբանություններում, կարող են միմյանց վիրտուալ կոկորդները կրծել։

Հիմա, հասկանալի պատճառներով իրար դեմ դուրս գալու հատկությունը խիստ սրված է։ Բայց հետաքրքիրն այն է, որ սրվում է նաև սերն իրար հանդեպ։ Այն դեպքերում, երբ մարդը հայտնաբերում է, որ ինչ֊որ մեկն իր նման կարծիք է հայտնում։

Կարելի է տեսնել, թե ինչպես բազմաթիվ մարդիկ բացարձակապես մոռացել են, թե ինչպես են իրար կոկորդ կրծել վիրտուալ տիրույթում, մեկը մյուսին համարել անգութ և լպրծուն արարած։ Եվ հիմա այդ նույն մարդիկ իրար սիրում են։

Լայքում են մեկմեկու բոլոր ստատուսները՝ նույնիսկ անիմաստ, աննպատակ կենցաղային ստատուսները։ Քանի որ այդ մարդիկ հիմա իրար սիրում են՝ միավորվելով մեկ ուրիշի դեմ։

Անհնարին բավականություն կարող է պատճառել մարդկանց լայքերի ուսումնասիրությունը: Հատկապես, երբ հայտնաբերում ես այնպիսի քաղաքական սեր, որը չի ճանաչում սահման, որը ապացուցում է ռուսական ասացվածքը այն մասին, թե սերը կարող է լինել չար, և մի օր էլ դու կարող ես սիրել մի էծի, քանի որ ինքը քո ուզած ստատուսներն է գրում։

Այսպիսով, մենք հիմա գտնվում ենք շատ հետաքրքիր սոցցանցային իրավիճակներում, որոնք դեռ մեծ բացահայտումներ են խոստանում: Մինչև այն այն պահը, երբ ի վերջո, կհասնենք խորհրդարանական ընտրություններին։ Որոնցից հետո կբացվեն նորանոր հեռանկարներ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *