2018.03.31,

Քննադատ

Հումորի՞, հիմարի՞, թե՞ խաբելու օր

author_posts/hovhannes-yeranyan
Հովհաննես Երանյան

Արձակագիր

Թե որտեղ է ծնունդ առել ապրիլի մեկը՝ որպես հումորի կամ կատակի օր նշելու ավանդույթը և ինչ պատմական իրադարձություն կամ ժողովրդական ըմբռնում է դրա հիմքում, շատ դժվար է ասել:

Բազմաթիվ վարկածներից ամենահավաստին այն է, որ գարնանամուտը, ուրեմն և Նոր տարին նշել են մարտի 31-ից ապրիլի 1-ը, ինչպես օրինակ, այժմ շարունակում են նշել մեր հարևան իրանցիները և առհասարակ Նովրուզ նշող այլ ազգերը:  

Իսկ Նոր տարվա տոնը միշտ ուղեկցվել է ուրախությամբ, կատակներով ու չարաճճիություններով, հատկապես եթե այն համընկել է գարնան գալստի ու բնության զարթոնքի հետ:

Ապրիլի 1-ը կատակի օր նշելու ամենահին վկայությունները վերաբերում են Հնդկաստանին: Սակայն ապրիլի մեկին միմյանց խաբելու, անշառ կամ չար կատակ անելու սովորույթի առաջին վկայությունները հուշում են Հին Հռոմում սկզբնավորված ավանդույթի մասին:

Եթե շատ երկրներում ապրիլի մեկը կոչում են հումորի օր, ապա Ռուսաստանում այն կոչվում է հիմարի օր (день дурака): Այս փաստը տարօրինակ չէ մի ժողովրդի համար, որի բանահյուսական մշակույթի ամենահայտնի հերոսներից մեկը Իվանուշկա Դուրաչոկն է: Մեր էպոսի հերոսն էլ բազմաթիվ մշակումներում Ծուռ Դավիթն է, սակայն նրա խենթուկ լինելը բացարձակորեն նման չէ Իվանուշկայի հիմարությանը:

Խորհրդային երկրում ապրած սերունդը կհիշի ապրիլմեկյան ամենաանմիտ, բայց ամենատարածված կատակը՝ քթիդ վրա մուր կա, եթե գործարանային միջավայրում է այն հնչում, կամ՝ քթիդ վրա կավիճ կա, եթե դպրոցում էին կատակում: Սրա ամենակրեատիվ  իմպովիզացիայի արդյունքում ամենաշատը կարող էր ստացվել «Մեջքդ սպիտակել է» տարբերակը:

Առհասարակ երիցս ճշմարիտ է այն պնդումը, որ ոչինչ այնքան պատկերացում չի տալիս մարդու մասին, քան այն, թե ինչի վրա է նա ծիծաղում:  

Դրան ասում են հումորի զգացում, որը ինչքան կրթությունից  ու դաստիարակությունից է կախված, տասնապատիկ ավելի տվածուրիկ շնորհ է: Բայց թե ինչի վրա է մարդը ծիծաղում, կախված է շատ ավելի մտավոր պաշարից ու հոգևոր նկարագրից, քան զուտ հումորի զգացումից:

Փողոցն անթույլատրելի տեղով հատող տարեց կինը մի ձեռքին ձեռնափայտ, մյուսին գնումների տոպրակներ,  մեքենաներից խույս տալով այս ու այն կողմ էր ցատկոտում: Մայթին կանգնած երիտասարդներից մեկը մատով ընկերներին ցույց տվեց կնոջը, և երեքն էլ սկսեցին ծիծաղել: Հետո կինը բախվեց մի մեքենայի, ընկավ, ձեռքի խնձորները սկսեցին գլորվել դեպի Մաշտոցի պողոտայի գետնուղի:

– Երկու օրից պառավի քելեխին  մի քանի հոգի լավ քեֆ կանեն, – ասաց ջահելներից մեկն, ու նրանց ծիծաղը հռհռոցի վերածվեց:

Ասել, թե այդ տղերքը բացարձակորեն զուրկ էին հումորի զգացումից, արդար չի լինի, բայց որ զուրկ էին խղճմտանքից, սեփական վարքը վերահսկող բարոյական նկարագրից ու դաստիարակությունից, դա արդեն անտարակուսելի է:

Ամբողջ մարտ ամսին հայությունը սոցիալական ցանցերում ու մամուլում քննարկում էր «Առաջին ալիքի» «Լավ երեկո» հաղորդման լրագրողի կանանց գաղութում մարտի 8-ի առիթով նկարահանած տեսանյութն ու եզրակացություններ անում, թե ինչի վրա կարելի է հումոր անել, ծիծաղել և ինչի վրա՝ ոչ:

Մինչդեռ իրականում հարցը ոչ թե ինչի վրան է, այլ՝ ինչպեսը:

Աներևակայելի էր, բայց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլած 1988-ի երկրաշարժից հետո, անեկդոտների նոր շարք առաջացավ: Եվ հումոր անողները հիմնականում հենց աղետյալ շրջանների բնակիչներն էին, հատկապես՝ գյումրեցիները:

Երկրաշարժից հետո դատում են շինանյութերին՝ իրենց գործը վատ անելու, փլվելու և զոհեր առաջացնելու համար: Պանելին տալիս են հինգ տարի, քարին չորս, ավազին՝ երեք, ցեմենտին՝ յոթ: Ցեմենտը վեր է թռչում տեղից ու բողոքում՝ ինչու՞  ինձ էդքան շատ, որ ճիշտ խոսենք, ես ընդհանրապես չեմ եղել էդտեղ:

Ավելին, հրեաները բազմաթիվ անեկդոտներ են հնարել իրենց Հոլոքոստի մասին:

Կոմիտասի ու Հայոց ցեղասպանության մասին պատմող իր «Վերելք» ներկայացման ընթացքում Վարդան Պետրոսյանը հումոր էր անում մեր պատմության ամենացավոտ  էջի շուրջ:

Թուրքերը գյուղից-գյուղ իրար ձայն են տալիս.

– Ահմեդ, Ալի, թողեք եկեք էս գյուղ, էստեղ հայերը շատ են, չենք հասցնում կոտորել:

– Մի տասը հոգի են մնացել, սպանենք, գանք,- պատասխանում են էս մի գյուղից:

– Չէ, էկեք էստեղ, էստեղ շատ-շատ են,- պնդում ենք գոռալով:

– Գալիս ենք, գալիս ենք…- պատասխանում են ու դառնում հայերին.- Տեղ չգնանք, մերոնց օգնենք, գանք, հանկարծ չփախչեք:

– Հանգիստ գնացեք ձեր գործին, Ահմեդ  ջան, մենք էստեղ կսպասենք, բա ո՞ր օրվա հարևանն ենք, որ ձեզ խաբենք, – պատասխանում են:

Վարդան Պետրոսյանն առայժմ միակն է, որ համարձակվել է այդ չսպիացող ցավի մասին, թեև դառը, բայց կատակ անել: Այս մեկն էլ ցույց է տալիս, որ չկա թեմա, որին անթույլատրելի լինի հումորով վերաբերվել:

Եթե հայտնի դարձած Արուսիկի աղմկահարույց ռեպորտաժում չնչին չափով ցավ զգացվեր ճաղերի հետևում հայտնված դժբախտ կանանց նկատմամբ, նրա   չակերտավոր հումորը ցինիկ չէր թվա, ծաղր չէր ընկալվի և հեռուստադիտողի արձագանքն էլ ցավոտ չէր լինի:

Իսկ ընդհանրապես, հեռուստատեսային հումորի մակարդակը ժամանակի ընթացքում այնքան արագ անկում ապրեց, որ չհասցրեցինք էլ նկատել, թե երբ հայտնվեց գռեհկության գրկում:  

Եվ որքան շատ է հումորը պակասում, այնքան շատանում է ձայնագրված ծիծաղը:

Սիթքոմ լինի, թե որևէ զվարճալի ժամանցային  հաղորդում, չգիտես ինչու, ամբոխի ծիծաղի ձայնագրություն է հնչում ամեն հաջող կամ անհաջող կատակից հետո, ասես հուշելով, թե այստեղ հումոր կար: Եվ որքան պակասում է հանրության ծիծաղելու պահանջը, այնքան շատանում են այդպիսի հաղորդումները:

Ասում են, թե անհումոր մարդուց վտանգավոր բան չկա: Իրականում կարող է ամենահումորով մարդն անգամ կատակի սիրտ չունենալ: Ուրիշ հարց է, որ կան մարդիկ, որոնք նույնիսկ ժպտալու սիրտ չունեն կլոր տարին, ամբողջ կյանքում:  Դեմքին մեռելային լրջություն տված՝ մշտական մռայլության մեջ են:

Եվ այդպիսինները նույնպես շատանում են այնքան արագ, որ շուտով մեծամասնություն կկազմեն մեր հասարակության մեջ:

Հասարակություն, որն արդեն ահագին ժամանակ է  կատակելու, ծիծաղելու սիրտ չունի: Նրա համար ապրիլի մեկը ոչ հումորի օր է, ոչ՝ հիմարի:

Խաբվելու օր է, ինչպես տարվա մնացած բոլոր օրերը:

Հովհաննես Երանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *