2018.02.26,

Քննադատ

«Ստանդարտ». մեկ համար և այն էլ՝ թանգարանում

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

1924 թվականին, ճարտարապետներ Կարո Հալաբյանն ու Միքայել Մազմանյանը և գրող Եղիշե Չարենցը Մոսկվայում հրատարակեցին «Ստանդարտ» գրականության և արվեստի «ժուրնալը»:

«Ստանդարտ»-ը կոնստրուկտիվիզմի ուղղությունն ընտրած առաջին հայկական հանդեսն էր: Սակայն առաջին համարը դարձավ վերջինը: 16 էջանոց այս հանդեսի միայն մեկ օրինակն է պահպանվել:

Մոսկվայում Չարենցը ամսագրի մի օրինակ տվել է Ալեքսանդր Մյասնիկյանին:

«Մյասնիկյանը կարդացել էր ու մի լավ քննադատել մեր ամսագիրը՝ իր անընդունելի գաղափարների համար և խորհուրդ տվել ոչնչացնել բոլոր օրինակները: Չարենցը տխուր վերադարձավ ու հայտնեց մեր անելիքների մասին: Հենց նույն երեկոյան, հուլիսի 1-ին, վառեցինք մեր հանրակացարանի մեծ խոհանոցի մեծ պլիտան ու կրակի տվինք այնքան սիրով գլուխ բերած մեր «Ստանդարտ»-ը»,- գրում է Միքայել Մազմանյանը «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին» գրքում (Երևան, 1961):  

Փրկվել է «Ստանդարտ»-ի միայն մեկ՝ Կարո Հալաբյանի ստորագրությամբ Միքայել Մազմանյանին նվիրված օրինակը:

Այդ եզակի օրինակը պահվում է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: 

Բավականին մաշված այս օրինակի առաջին էջին շարժիչին կանգնած Լենինն է, իսկ որպես բնաբան ընտրված է Մարքսի այս միտքը.  

«Հնարավո՞ր է արդյոք Աքիլլեսը՝ վառոդի ու արճիճի հետ միասին կամ, ընդհանրապես, «Իլիականը»՝ տպագրական մամուլի ու մեքենայի կողքին: Յեվ մի՞թե պարբերական մամուլի լուրերի հանդես գալով՝ անխուսափելիորեն չեն վոչնչանում ավանդությունները, յերգերը և մուսաները, իսկ դրանով և՝ էպիքական պոեզիայի անհրաժեշտ նախատվյալները»:

«Ստանդարտ»-ի առաջին համարում Չարենցը ներկայացրել է ամսագրի հրատարակման նպատակը:

Ըստ այդմ՝ վաղուց արդեն անցել է կոմունիստական ռոմանտիզմի շրջանը, և ժամանակն է, որ պրոլետգրականությունը, «ելնելով տնտեսաքաղաքական այսօրվա անելիքների ընդհանուր կուրսից՝ թողնի իր ռոմանտիկ նեյնիմները» և զբաղվի կոնկրետ խնդիրներով, իհարկե, «պերեսպեկտիվ ունենալով մեր վերջնական նպատակը՝ կոմունիզմը».
 

«Մենք չենք պատկանում գոյություն ունեցող գրական-գեղարվեստական հոսանքներից և ոչ մեկին: Բոլոր հոսանքներից էլ մենք վերցնում ենք այն ամենը, ինչ  որ կարող է օգտակար լինել պրոլետարական հեղափոխության գործին: Մեզ համար գլուխգործոց է այն երկը, որը շինված է իր տեխնիկայի վերջին խոսքով, տարածում է կոմունիստական գաղափարներ, ագիտացիա է մղում մեր քաղաքական ու տնտեսական հերթական խնդիրների շուրջը, հարվածում, ծաղրում է դասակարգային թշնամում և լարում է պրոլետարիատի կամքը՝ հաղթանակի համար»:

Հիմք ընդունելով այն, որ պրոլետարիատի դիկտատուրայի ժամանակաշրջանում արվեստը ոչ թե պետք է արտացոլի կյանքը, այլ պետք է պայքարի,«Ստանդարտ»-ը գրականության և արվեստի ասպարեզում կողմնակից էր արվեստների բացառապես ակտիվ ներգործող տեսակներին՝ մերժելով արվեստի այն տեսակները, որոնք չեն կարող ակտուալ դեր խաղալ հենց այսօր, հենց հիմա.

«Ստանդարտ»-ը իջեցնում է արվեստը իր առանձնակի դիրքից և տալիս է նրան զուտ ուտիլիտար, գործնական նշանակություն»:

Միքայել Մազմանյանի հոդվածը՝ «Պլակատի արվեստը», գործնական խորհուրդներ է տալիս պլակատի վարպետներին.

«Թանգարանային նկարիչը, ելնելով իր զգացմունքներից, գունային ոչ մի շռայլության առջև կանգ չառնելով, արտադրում է եզակի գործեր, որոնց վրա երևում են «նրա վրձնի բոլոր շարժումները, նրա զարկերակի բաբախումը», ինչպես ամեն կուստար (кустарный, սիրողական, պրիմիտիվ -խմբ) իրի վրա: Պլակատի վարպետը կաշկանդված է. նրա արտադրանքը հասնում է սպառողին ոչ այն դրությամբ, ինչպես որ նա ստեղծել է իր սենյակում, այլ մեքենայորեն արտատպված հազարավոր օրինակներով… Պլակատը՝ իբրև մասսայական սպառման առարկա, պետք է էժան նստի: Ուստի պլակատի վարպետը տնտեսորեն պետք է օգտագործի նյութը՝ ամենասուղ միջոցներով ամենաուժեղ տպավորության հասնելով հանդերձ»:  

Պետհրատը 1924-ին հրատարակել էր Հովհաննես Թումանյանի «Գիքորը» մանուկների համար: Գրքի պատկերազարդումների հեղինակը նկարիչ Հակոբ Կոջոյանն էր:

Կարո Հալաբյանին չափազանց դուր չէր եկել Կկոջոյանի մոտեցումը.

«Նկարիչ Հ. Կոջոյանը իր առաջ դրած խնդրին մոտեցել է միանգամայն սխալ կերպով: Իլյուստրացիաներում խախտված են մանկական գրքերը պատկերազարդելու էլեմենտար սկզբունքները… Երեխան սիրում է սյուժետային նկարներ, նա սիրում է պայծառ, ուրախ գույներ: Երեխայի աչքը չի ըմբռնում կիսատոնը՝ իբրև գույն: Ռեալիստական չերտյոժի, պարզ ու համոզեցուցիչ գծի փոխարեն նա տվել է ավելորդ շտրիխներով ծանրաբեռնված, խառնաշփոթ ստիլիզացիաներ, պայծառ գույների փոխարեն՝ գունատ կիսատոներ, որոնք մրոտ շտրիխների հետ խառնված՝ անում են ցեխի տպավորություն»:

«Ստանդարտ»-ի առաջին և միակ համարի տպագրությունը չշարունակելով՝  ձախողվեց կոնստրուկտիվիստական հայկական հանդես հրատարակելու փորձը:  

 

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *