2018.02.19,

Քննադատ

Ինչ սպասել 2018-ից

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Տարին դեռ նոր է սկսվում։ Բայց հիմա ամեն տարի փոփոխություն է բերում։ Օնլայն միջավայրը սկսել է շատ արագ փոխվել, սոցիալական մեդիա հարթակներն անընդհատ հիմնովին քաղաքականություն են թարմացնում, ինչը առաջացնում է տեղեկատվական հոսքերի վերաբաշխում։

Այսպիսով, ի՞նչ կարելի է սպասել հայաստանյան տեղեկատվական դաշտում։

Մոտակա ամիսներին տեղեկատվական հարթակների միջև մեծ մրցակցային պայքար է սպասվում, ինչը կապված է ֆեյսբուքյան ալգորիթմի հեղափոխական շրջադարձի հետ։

Խմբագրությունները փորձում են լսարանը պահել հիմնականում երկու միջոցով․ բացելով էջերին կից խմբեր և հրավիրելով ընթերցողներին հատուկ նշել Ֆեյսբուքում առաջնային դիտումների կոճակը (see first)։

Մեխանիկորեն իրականացվող այս երկու քայլերը դժվար թե մեծ օգուտ բերեն լրատվականներին․ այս քայլերը պետք է լինեն բազմաթիվ փոփոխությունների մի մաս, այլ ոչ հիմնական լուծում։

Այցելուների անկումն արդեն իսկ զգացնել է տալիս կայքերից շատերի համար։ Սա ազդում է նաև ֆեսյբուքյան գովազդի գների վրա: Արդեն նկատվում է գնային աճ, քանի որ մրցավազքը ստիպում է կայքերին (ոչ միայն լրատվական) ավելացնել գովազդային ծախսերը։

Եթե այս տենդենցը շարունակվի, ապա գովազդային գները կազդեն փոքր բյուջեներ ունեցող լրատվականների վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանի ֆեսյբուքյան լսարանը գրեթե չի աճում։

Իհարկե, լրատվականները սկսելու են այլընտրանքային թրաֆիկի ալիքներ փնտրել։ Սա նույնպես արդեն նկատելի է։ Մի շարք լրատվականներ բացել են ալիքներ Տելեգրամ մեսենջերում։ Այս տարի կլինի փորձարկումների ժամանակաշրջան․ լրատվամիջոցները կաշխատեն գտնել մոտեցումներ այլ հարթակներում գտնվող ընթերցողներին ներգրավելու։ Սակայն դեռ ընդունելի որոշումներ չեն նկատվում։

Անկասկած, այս զարգացումները կարող են միանալ մեկ այլ տենդենցին՝ վլոգինգի առաջխաղացման։

Կարելի է ենթադրել երկու տիպի ճանապարհ․ կամ վլոգերները կդառնան լուրջ մրցակից լրատվականներին, կամ կսկսվի համագործակցություն։

Հաշվի առնելով, որ վլոգինգի ֆինանսական հիմքեր Հայաստանում չեն դրվել դեռևս, այսինքն, վլոգերները բովանդակության մոնետիզացիայի հստակ լուծումներ դեռ չունեն, ավելի հավանական է, որ խմբագրությունները սկսկեն ներգրավել անհատներին։ Արդյունքում՝ նրանք կկարողանան բերել իրենց լսարանը Յություբից դեպի խմբագրություններ։

Ավարտելով՝ նշեմ ամենակարևոր հնարավոր զարգացումը․ սերունդների զատումը սոցցանցերում։

Սա արդեն երկար ժամանակ նկատվող զարգացում է՝ երիտասարդությունը միգրացիա է կատարում հիմնական հարթակներից դեպի նոր տիրույթներ, նույն Ինստագրամը, Յություբը, մեսենջերները։

Այս տարի այդ բաժանումը կարող է դառնալ «անդառնալի», այսինքն լսարանները պարզապես վերջնականորեն կբաժանվեն: Իհարկե, դա չի նշանակում, որ Ֆեյսբուքում կամ Օդնոկլասնիկիում երիտասարդներ չեն մնա։ Բայց բովանդակությունը և դրա սպառումը կսկսի բաժանվել ըստ հարթակների և տարիքի։

Ինչը ԶԼՄ֊ների տեսանկյունից նշանակում է նաև բովանդակային փոփոխություններ դեպի ավելի երիտասարդ սպառողը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *