Երբ 2017-ի վերջին Time ամսագիրը տարվա անձ ճանաչեց ոչ թե մեկ անհատի, այլ սեռական բռնության ենթարկված կանանց հավաքական կերպարը, պարզ դարձավ, որ աշխարհն այլևս նոր դիսկուրսի մեջ է ընկղմվում: Եվ հոլիվուդյան հեղինակավոր պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի՝ սեռական ոտնձգությունների համար մեղադրանքը հենց այնպես չի մարի ու անցնի:
Ամսագիրն այդ կանանց անվանեց «Լռությունը կոտրողներ», քանի որ նրանք հրապարակային խոստովանել էին, որ ենթարկվել են բռնության, հետապնդման և ընդհանրապես սեքսն իրենց նկատմամբ օգտագործվել է որպես կառավարելու գործիք:
Հարվի Վայնշթեյնի գլխին սև ամպեր կուտակվեցին հետաքննական հրապարակումից հետո, որը հիմնված էր մի քանի դերասանուհիների խոստովանությունների վրա:
Այդ խոստովանությունները չեն դադարում մինչ օրս, շղթայական ռեակցիան վարակել է աշխարհը (իհարկե, բացառությամբ Հայաստանի, որը շղթայից դուրս է ու գտնվում է առանձին օղակում):
Այսօր Վայնշթեյնը ամենաքննարկվող թեման է մեդիայում: Եվ այդ թեման կարծես պրոեկցիա է լինում տարբեր երկրներում՝ դառնալով առիթ խոսելու նախկինում չխոսելու դրդապատճառների մասին: Հիմնականում՝ վախի, ամոթի ու խաղի կանոններին լուռ ենթարկվելու:
Կանայք պատմում են իրենց պատմությունները՝ օգտագործելով #metoo հեշթեգը, որը միավորում է սեռական հարձակումների ու ոտնձգությունների թեման՝ լուրջ քաղաքական համատեքստում:
Սեքսը քաղաքականություն է մի պարզ պատճառով. այն միշտ ցույց է տալիս, թե ով է իշխողը տարբեր խմբերում: Սեռական գործողությունները միջոց են ստորացնելու, թելադրելու, նաև՝ կարիերա սարքելու, եթե պատրաստ ես ստորացվել ու հետևել թելադրանքներին:
Եվ եթե 1960-70թթ. սեռական ազատություններն ու ոտնձգությունները համարվում էին նորմ (նույնիսկ եթե կշտամբանքի ենթակա, բայց բոլոր դեպքերում, նորմի պես մի բան), ապա հիմա արդեն նորմ չեն: Խաղի կանոններն են փոխվել: Եվ առաջին հերթին քաղաքական խաղի:
Սկզբից ազդեցիկ ամերիկյան մեդիան, իսկ հետո նաև տարբեր սոցիալական հարթակները արդեն մի քանի ամիս է ողողված են մեղադրանքներով՝ ուղղված կշիռ ունեցող տղամարդկանց հասցեին: Հիմնական թիրախում են կինոյում իշխանություն ունեցող մարդիկ, բայց դա արդեն տարածվում է կինոյի սահմաններից դուրս: Բյորկը մեղադրում է սեռական ոտնձգությունների մեջ Լարս ֆոն Տրիերին, անգամ հետմահու մեղադրվեց Ալֆրեդ Հիչքոքը: Լուրջ մեղադրանքներ ներկայացվեցին բրիտանական խորհրդականներին:
Ֆրանսիայում շարժումը տարածվեց նոր հեշթեգով #BalanceTonPorc (Հանձնիր կամ մատնիր խոզին), իսկ ֆրանսիական մեդիան սկսեց հետաքննություն տպագրել, թե որքան շատ են բռնացողները կինոյում, մեդիա դաշտում, կուսակցություններում, հիվանդանոցներում, դպրոցներում և հանրային տրանսպորտում:
Միայն Le Monde պարբերականը Վայնշթեյնի գործից հետո ավելի քան 300 հոդված է հրապարակել սեռական բռնության մասին: «Խոզերից» ազատվելու կոչերն ավելի լսելի են դառնում, քանի որ հիմնականում ուղղված են իշխանություն ունեցող տղամարդկանց դեմ: Դիրքը օգտագործելն է քննադատելի:
Սեքսը դառնում է գործարքի պես մի բան, որտեղ պայմանները ազնիվ չեն: Տղամարդը գիտի, որ ինքը ցանկալի չէ, բայց դիմում է շանտաժի՝ լավ հասկանալով, որ կարող է անել դա:
Հարվի Վայնշթեյնը ազատվեց աշխատանքից իր իսկ կողմից հիմնադրած պրոդյուսերական ընկերությունում, դադարեցվեց նրա անդամակցությունը երկու ամերիկյան կինոակադեմիաներին, նրան լքեց կինը, և դա դեռ ամենը չէ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն ու մի քանի քաղաքական գործիչներ հայտնել են, որ Վայնշթեյնից ստացված հանգանակությունները փոխանցելու են կանանց իրավունքների համար պայքարող խմբերին:
Վայնշթեյնը նոր խաղի կանոնների արդյունք է, այնպես, ինչպես քաղաքական նոր կանոնների հիմնադիրն է Դոնալդ Թրամփը: Դրանց էությունը այն է, որ եթե իշխանություն ես ձեռք բերել, ուրեմն իրավիճակը քեզ ենթարկելու անձեռնմխելիություն ունես: Օրինակ, բռնաբարում ես (կամ՝ կողոպտում) ու վստահ ես, որ պատասխանատվություն չես կրի, քանի որ դիրքը դա թույլ է տալիս:
Հասարակությունը կարծես դադարեց հանդուրժել դա: Հասարակությունը սկսեց խոսել:
Եվ դա բավականին էֆեկտիվ քաղաքական խոսակցություն է: Ինքնամաքրման պես մի բան: Նախագահին ամեն դեպքում ձեռք չենք տալիս, բայց փոքր, աղմկոտ, լկտի ու ինքնասիրահարված «նախագահների» հետ մաքրում ենք մեր հաշիվները:
Վայնշթեյնի էֆեկտն այն է, որ առանց պաշտոնական հետաքննության ու անտեսելով անմեղության կանխավարկածը` մեղադրվող տղամարդիկ սկսեցին մեղքերը խոստովանել, խոստանալ, որ կուղղվեն (օրինակ` ասել, որ պատրաստ են բուժվել սեռական կախվածությունից), իսկ դերասան Քեվին Սփեյսին ներողություն խնդրեց 30 տարի առաջ տեղի ունեցած սեռական կապի համար:
Սփեյսին ուղղակի քանդեց իր կարիերան՝ սկզբից ասելով, որ նման բան չի հիշում, հետո բացատրեց, որ հարբած է եղել: Իսկ հետո հայտարարեց, որ ոչ միայն նույնասեռական է, այլև սեռական ոտնձգությունն է կատարել դեռահասների նկատմամբ:
Գուցե պատմության մեջ առաջին անգամ անխոցելի պատրիարքալ իրավունքը՝ տիրանալու, կնոջը պոռնիկ դարձնելու, ենթարկելու, թելադրելու շատ արագ փլուզվեց ինչպես քարտային տնակը՝ մեկ հպումով:
Եվ ինչպես ամերիկյան լրագրողները, հայտնվելով Թրամփի հարձակումների թիրախում, հանկարծ հասկացան, որ իրենք իրոք լրագրող են, այնպես էլ ամերիկյան հասարակությունը (թեկուզ դեռ կինոյի հատվածում) սկսեց վերաիմաստավորել իր ապագան: Կանանց միջոցով:
Իսկ #metoo շարժումը սկիզբ դրեց նոր հանրային քննարկումների: Օրինակ, թե որքան երկար կարելի է լինել մի բան, բայց ներկայանալ բոլորովին այլ: Ասենք` խոսել կինոյի (ազգի, պետության) բարօրության մասին, իսկ իրականում ընկնել մանր անձնական շահերի ու հաճույքների հետևից: Ավելին՝ փայփայել այդ հաճույքներն ու դարձնել նորմ:
Պարզվեց, որ այդ հին նորմերի ժամանակն անցել է: Դրանց փլուզումը տեղի կունենա բոլոր դեպքերում: Բավական է, որ մարդիկ սկսեն խոսել, իսկ խոսողներին տրվի խոսելու դաշտ:
Իշխանությունը ունի սեռական ձգողականություն, սովոր ենք ենթարկվել իշխանավորների քմահաճույքին: Հայաստանում անգամ ավելի շատ ենք սովոր, քան ԱՄՆ-ում: Երևի մեզ էլ է հարկավոր մեր փոքր, տեղական Վայնշթեյն:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: