2018.01.08,

Քննադատ

Սոցցանցային էսկապիզմը, էլիտարիզմը և էգալիտարիզմը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արդյո՞ք հեշտ է սիրել սոցցանցերը մեր մեջ, այլ ոչ մեզ սոցցանցերում։ Եթե թատրոնում դեռ կան քիչ թե շատ հստակ սահմաններ, որոնք բաժանում են բեմը իրական կյանքից, սոցիալական ցանցերում այս սահմանները վաղուց լղոզվել են։

Դեռ մի քանի տարի առաջ ինտերնետ մտնելու ու գրառում անելու համար պետք էր գալ, նստել, միացնել համակարգիչը, սպասել, մինչև օպերացիոն համակարգը բեռնվի, հետո միանա բրաուզերը, հետո նոր կարելի էր սկսել տպել մեր հիանալի մտքերը և վերջում սեղմել կախարդական կոճակը, որը գրառումը կտեղադրեր ինտերնետում։ Հիմա մի քանի կես վայրկյանը բավարար է․ հեռախոսը բացում ես, սարքին թելադրում ես տեքստը ու հոպլյա․ մեզ արդեն լայքում են, մեզ արդեն ատում են, մեզ սիրում են ու զզվում մեզանից։ Դե արի ու հասկացի, թե երբ ռեալ կյանքը դառավ վիրտուալ։

Բնականաբար, մենք արդեն դադարում ենք զգալ ոչ միայն օֆլայնի ու օնլայնի,  այլև անձնականի և հանրայինի միջև սահմանը։ Արդեն վաղուց ոչ ոք չի զարմանում, երբ իր գրառման տակ մեկ էլ մեկնաբանում է մեկը, ում ոչ միայն հեղինակը ծանոթ չէ, այլ նաև իր բոլոր ընկերները։ Նորմալ է՝ բոլորս էլ համակերպվել ենք, որ ֆեյսբուքյան ալգորիթմը զբաղվում է բաբելոնյան պրոֆիլների խառնաշփոթով։

Ու ցանցային հարթակի կանոնները սկսում են մեզ թելադրել մեր վարվելաձևը։ Մենք էլ ենք սկսում խառնել անձնականն ու հանրայինը, ներքինն ու արտաքինը։ Ու մարդիկ, շատ մարդիկ սկսում են անծանոթներին արդեն մեսենջերով շնորհավորել՝ մոռանալով, որ սա արդեն անձնական տարածք է, որ մի բան է, դու գրառում անես շնորհավորանքով, մի բան է անծանոթին նամակ ուղարկես։ Ինքն էլ նամակ՝ առանց բարև֊բարի լույսի, առանց անձնավորելու․ միանգամից ստացեք աուդիո֊նամակը և վերջ։ Ու դրա դիմաց էլի ուրիշ մարդիկ, շատ մարդիկ սկսում են այս ամենի մեջ մեղադրել բոլոր հավատացյալներին, քրիստոնեությունը, անձամբ Հիսուսին, ինչպես նաև Գաութամա Բուդդային, որը նույնպես կասկածելի անձնավորություն է։

Բայց երբ բոլոր սահմանները լղոզվում են, մարդ սկսում է գծել նոր սահմաններ։ Ու քանի ռեալն ու վիրտուալը սկսում են իրարից չտարբերվել, մենք մեզ տարբերում ենք ըստ սոցցանցային խմբավորումների։ Ֆեյսբուքում համարում են, որ Օդնոկլասնիկիի ժողովուրդը հետամնաց է ու հաստատ ավելի ցածր քաղաքակրթական դիրք ունի, քան ֆեյսբուքյան զանգվածը։ Չնայած, որ հաստատ Ֆեյսբուքի կեսը նստած է Օդնոկլասնիկում ու դրանք նույն մարդիկ են, պարզապես կապույտ և նարնջագույն շրջանակների մեջ։ Թվիթերում համարում են, որ Ֆեյսբուքում արդեն Օդնոկլասնիկիից էլ վատ մասսա է հավաքվել։ Ինստագրամում էլ կարծում են, որ մնացած բոլոր ցանցերում բոլորը գեշ են ու անճաշակ։

Եվ միայն Սնեփչաթի ժողովուրդն է, որ ամեն ինչից գոհ է, քանի որ ընտրության հնարավորությունը իջեցված է մինչև նվազանգույն բազայինը․ նապաստակի, եղնիկի թե շնիկի ականջներով և քիթիկով սելֆի։ Ահա սա է երջանկության մեխանիկան․ ընտրությունը հասցնել նվազագույնի կամ ընդհանրապես այն բացառել։ Ընտրեք Սնեփչաթը և այլևս ընտրելու կարիք չեք ունենա։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *