2017.07.27,

Քննադատ

Ասուլիսացավ

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Երևի երկու տարի առաջ էր: Ասուլիսներ կազմակերպող մամուլի ակումբներից մեկի աշխատակցուհին զանգահարեց.

– Ուզում ենք հրավիրել ասուլիսի:

– Ի՞նչ թեմայով,- հարցնում եմ:

– Լրագրողական էթիկայի:

– Ինֆորմացիոն առի՞թ կա:

– Չէ, դեեեե…

– Բայց էթիկան ի՞նչ ասուլիսի թեմա է, գամ ի՞նչ ասեմ…

Պատասխան չստացա:

Պարզ էր՝ մարդիկ պիտի գործ անեն, հո սրահը պարապ չի՞ մնալու: Եվ ահա իրենց համար թեմա են հորինում: Բնականաբար, ասուլիսը չկայացավ և չէր էլ կարող կայանալ:

Այսուհանդերձ բոլորը չեն այսպես վարվում: Հրավիրեցին՝ վազում են: Ի՞նչ անենք, եթե ոչ մի առիթ չկա: Կարևորը երևալն է, «խելացի» մտքեր արտահայտելը: Անգամ ինֆորմացիոն առիթի դեպքում շատերը (հատկապես քաղաքական գործիչներն ու Պուտինի ժպիտից հեռուն գնացող քաղաքական եզրահանգումներ կատարող մեկնաբանները) կաղապարված ու ստանդարտ բաներ են ասում (փակագծերում ասեմ, որ ուսուցողական սեմինարների ժամանակ Ավետիք Իշխանյանի հետ նման ասուլիսների պարոդիա ենք անում. բնականաբար՝ ստանդարտ ու ծեծված նախադասություններով), շատ ժամանակ առանց փաստերի:

Իսկ առանց փաստի ի՞նչ պիտի անեն լրագրողները:

Այս հոդվածը գրելու օրը՝ հուլիսի 21-ին, տասնմեկ-տասներկու ասուլիս հաշվեցի. երկու ասուլիս կար տուրիզմի թեմայով, երեք ասուլիս՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի և Ղարաբաղի ընտրությունների, մեկը՝ Վարդավառի (թե ինչ նոր բան պիտի ասեին՝ չգիտեմ), մեկը՝ շոգին դիմանալու (վերջին ամսվա թոփ թեման), մեկական՝ ինչ-որ բիզնես ծրագրերի և սպորտային թեմաներով և այլն…

Լավ, քաղաքական գործիչները, քաղաքագետները, նաև որոշ մասնագիտությունների տեր մարդիկ երևալու խնդիր ունեն: Իսկ ի՞նչ խնդիր են լուծում այն լրատվամիջոցները, որոնք իրենց լրագրողներին ուղարկում են այս՝ մեծամասամբ ոչինչ չասող ասուլիսներին:

Ո՞րն է այն փաստը, որ պիտի դառնա լրատվության հիմք կամ լուր: Միայն այն, որ «իքսը» ասուլիս է տվել «իգրեկ» մամուլի ակումբո՞ւմ:

Զարմանալի է, բայց լրատվամիջոցների մեծ մասի հրապարակած «հաշվետվություններում» հենց այդպես էլ լինում է՝ գումարած մի քանի միտք ասուլիս տվողի «ասույթներից»: Հաճախ այդ ասուլիսը լինում է այնքան ճապաղ, որ լրագրողները անգամ հարց չեն տալիս. ճշտելու բան չի լինում:

Մինչդեռ ասուլիսը պետք է ունենար առնվազն ինֆորմացիոն առիթ:

Երկրորդ՝ ասուլիսը լրատվամիջոցի համար պետք է լինի ընդամենը տեղեկությունների (բառի լայն իմաստով. դրա տակ հասկանալով փաստ, կարծիք, դատողություն, մեկնաբանություն և այլն) մի աղբյուր, իսկ այդտեղից ստացածից միայն ամենահետաքրքիրները կարող էին դառնալ մեկ կամ երկու փոքր լուրի նյութ:

Ավելին, լավ կլինի, որ այդ նյութերն էլ մինչ հրապարակելը ստուգվեն, համեմվեն այլ կարծիքներով կամ այլ աղբյուրներից քաղված տեղեկություններով, համեմատություններով և այլն:

Բայց չէ. լրագրողները և լրատվամիջոցների ղեկավարները դրա ժամանակը չունեն, իրենք պիտի քանակ ու տեղ լրացնեն, պիտի հետ չմնան. հանկարծ մրցակից լրատվամիջոցն ավելի շուտ կգրի, որ «այսինչ ակումբում, այնինչը այդինչ բանն ասաց»… Ասածը կարևոր էլ չէ: Կարևորը հետ չմնալն է:

Մի կողմից ուզում եմ արդարացում փնտրել լրատվամիջոցների համար՝ մտածելով. «Բա ի՞նչ անեն, երբ երկրում ըստ էության ոչինչ չի կատարվում (վթարները, հրդեհները, գողությունները չհաշված)», ի՞նչը լուսաբանեն, եթե ոչ ասուլիսները:

Մյուս կողմից էլ ուզում եմ մեր լրատվամիջոցներին ասել. եթե գոնե երբեմն բոյկոտեք ոչինչ չասող ասուլիսները, մամուլի ակումբներն էլ գուցե կմտածեն, թե ում են հրավիրում և երբ:

Իսկ այսպես՝ մեկ էլ տեսնում ես՝ շնորհալի ուսանողդ, որ լավ լրագրող դառնալու հույսեր էր ներշնչում, այս անընդհատ վազքի մեջ խրվելով դարձել է ձայնագրող–սղագրող–նյութը կայք նետող «մեքենա»…

Միայն թե հասցնի…

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *