2017.05.16,

Քննադատ

Ընտրությունները և սոցցանցերը․ ինչպես ալգորիթմը հաղթեց Գիքորին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Բազմաթիվ ընտրություններն ավարտված են։ Առջևում երկար անընտրական տարիներ են։ Այդ ընթացքում դժվար է ասել, թե ինչ կլինի, բայց կանոնավոր ընտրություններ հաստատ չեն լինի։ Իսկ երբ կգա դրանց հերթը, մեդիադաշտը լրիվ ուրիշ կլինի։ Մոտակա երեք-չորս տարում կփոխվեն և՛ օնլայն մեդիան, և՛ սոցցանցերը: Կհայտնվեն նոր տիպի հարթակներ։ Բայց արդեն կարելի է քննարկել, թե այս ընտրություններին ինչպես կիրառվեցին սոցցանցերը, սոցիալական մեդիան։

Այն, որ Հայաստանում հիմնական քաղաքական ուժերը գերադասում են մտնել Ֆեյսբուք և այնտեղից դուրս չգալ՝ հայտնի փաստ է։ Այն, որ առանձնապես հետաքրքիր, անսովոր, կրեատիվ բաներ մենք չտեսանք՝ էլի փաստ է։

Բոլորը Ֆեյսբուք «լայվ» էին օգտագործում և Ֆեյսբուքում գովազդ էին տարածում։ Իհարկե, կային իրենց տաղտկալիության ու ողորմելիության մեջ հանճարեղ գովազդներ, որոնց առկայությունը մտցնում էր արարիչ քաոսի տարրը։

Ինչ-որ չափով քարոզարշավը ընթացավ նաև Ինստագրամում, բայց ավելի շատ որպես Ֆեյսբուքի կցորդ։ Քանի որ այստեղ Ֆեյսբուքին զուգահեռ, նույն գովազդային հարթակի միջոցով կարելի է գովազդ տեղադրել։

Կարևոր հարթակ է Յություբը։ Այն վաղուց առանձին սոցիալական ցանց է՝ իր բովանդակություն արտադրողներով, մեկնաբանություններ գրողներով։ Սակայն քաղաքական ուժերն Յություբի լսարանի հետ ուղղորդված աշխատանք գրեթե չեն իրականացնում։ Յություբը ավելի շուտ ընկալվում է որպես տեսանյութերի հոսթինգային հարթակ, իսկ դրանց տարածման համար կրկին օգտագործվում է Ֆեյսբուքը։

Ընտրական փուլի ավարտից հետո հարցեր են ծագում՝ արդյո՞ք սոցիալական մեդիա հարթակներում քարոզարշավները արդյունավետ էին: Եթե այո, ապա որքանո՞վ։ Արդյո՞ք Հայաստանում կան գործիքներ և մեթոդաբանություններ, որոնք թույլ են տալիս պատասխանել այս հարցերին։

Այսօր հաճախ կարելի է հանդիպել մտքին, որ իրական կյանքը և իրական քաղաքացիները տարբերվում են Ֆեսյբուքից։ Արդյո՞ք դա այդպես է։ Եվ՛ այո, և՛ ոչ։

Առաջին կարևոր քանակական փաստն այն է, որ միայն Ֆեյսբուքում Հայաստանից մեկ միլիոնից ավելի ակտիվ օգտատեր կա։ Այդ մեկ միլիոնի առկայությունն արդեն բավական է, ընդունելու համար, որ օֆլայնն ու օնլայնը իրարից անջատելը ճիշտ չէ։ Փաստացի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հասնալի է սոցիալական ցանցերի միջոցով։ Միգուցե ոչ անմիջական, սակայն բարեկամի կամ ծանոթի միջոցով սոցիալական մեդիայում տարածվող մտքերն ու փաստերը արագ կարող են հասանելի լինել բոլորին։ Եթե միավորենք բոլոր սոցիալական ցանցերը, ապա Հայաստանի գրեթե յուրաքանչյուր ընտրող հասանելի է քարոզարշավի համար։

Մյուս կողմից, սոցիալական մեդիա հարթակները անցած հինգ տարիների ընթացքում շատ են փոխվել։

Հիմա սոցմեդիայում լրահոսները ձևավորում են ավելի շուտ ոչ թե մարդիկ այլ մաթեմատիակական, սոցիոլոգիական և հոգեբանական ալգորիթմերը։

Նույն Ֆեյսբուքի ալգորիթմը անընդհատ հետևում է օգտատիրոջը և իր շրջապատին, հաշվի է առնում ցանցային վարվելակերպի հազարից ավելի չափանիշներն և ըստ դրանց է ձևավորում լրահոսները։ Արդյունքում՝ մենք մեր ֆեյսբուքի պատին տեսնում ենք այն, ինչով մեզ որոշում է «կերակրել» ֆեյսբուքյան արհեստական ինտելեկտը։ Իսկ այդ գործիքը այնպես է ծրագրավորված, որ մարդն իրեն առավել լավ զգա սոցցանցում։

Որպես հետևանք՝ մարդիկ սկսում են տեսնել հիմնականում այն ընկերներին, որոնց կարծիքը իրենք կիսում են, կարդում են ու տարածում նմանատիպ լուրեր, նմանատիպ կայքեր և այլն։ Եվ հենց այստեղ է թաղված շան գլուխը․ ալգորիթմը սկսում է խաբել քաղաքական գործիչներին, համոզել նրանց, որ բոլորն իրենց կողմնակիցն են, որ մրցակիցը մարգինալիզացված է, քանի որ նրա կարծիքը ոչ մեկի գրեթե չի հետաքրքրվում։

Ձևավորվում է կուսակցական պղպջակ, որտեղ բոլորը  հա՛մ ասում են «ջան», հա՛մ լսում։ Սա ալգորիթմի առաջին հաղթանակն է։

Երկրորդ փուլում ալգորիթմը հաղթում է, որովհետև Հայաստանում գրեթե չեն կիրառվում սոցիալական ցանցերում մոնիթորնգի, տվյալների գնահատման գործիքներ։ Դրանց անվճար կամ էժան տարբերակները լավը չեն, վճարովիները սարսափելի թանկ են, գումարած դրան՝ հայերենով շատ վատ են աշխատում։ Այսինքն, իրավիճակի վերլուծությունը հիմնականում իրականացվում է հարցուփորձ անելով և մատից հոտ քաշելով։

Երրորդ փուլում ալգորիթմը հաղթում է, երբ հասկանալի է դառնում, որ Հայաստանում կուսակցությունները չեն կարող իրենց թույլ տալ որակյալ սոցիոլոգիական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա հնարավոր կլինի գնահատել ներկա իրավիճակը, հասկանալ դինամիկան, հաշվարկել աշխատող գաղափարները, ուղերձները։ Ինչի հետևանքով քարոզարշավը սկսում է հենվել ինքն իր վրա․ գնահատվում է այն, ինչը լավ էր աշխատում մինչ այդ պահը և շարունակվում է դրա առաջխաղացումը։ Իսկ այս ամենի հետևում արդեն ամենազոր ալգորիթմն է։

Որպես հետևանք՝ ամեն մեկն իր յուղով է տապակվում։ Եվ օֆլայնը հաղթում է, քանի որ օնլայնը պարզապես իր ներուժը չի օգտագործում։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *