2016 թվականի ղարաբաղա-ադրբեջանական ապրիլյան պատերազմի լարված օրերից հետո Հայաստանում կենսական պահանջ դարձավ տեղի ունեցածը բացատրելն ու որոշ չափով արդարացնելը:
Համատարած հանրային տագնապը պետք էր քիչ թե շատ հոգեբանորեն ընդունելի բացատրություն ստանար, քանի որ տագնապի վիճակում մարդը երկար ապրել չի կարող մի պարզ պատճառով. դա անբնական է: Մարդը կա՛մ հյուծվում ու հիվանդանում է, կա՛մ դուրս է գալիս տագնապի վիճակից ու փորձում ինքն իրեն ներդաշնակել բարդ աշխարհի հետ:
Մարդը ապրելու համար է, ոչ թե ինքնակործանվելու: Եվ նա բացատրություն է ուզում:
Իսկ ինչպե՞ս կարելի է բացատրել, առավել ևս՝ արդարացնել մահը, հատկապես երբ խոսքը 18-20 տարեկան տղաների մասին է, ովքեր մահացան խաղաղ պայմաններում, բայց հակամարտության ընթացքում:
Անցյալ տարի այս օրերին մահն ու կյանքը առերեսվեցին՝ առաջ բերելով գոյաբանական ծուղակային հարցադրում՝ հանուն ինչի՞… Հանուն ինչի ապրել և հանուն ինչի մահանալ:
Այս տարի ապրիլի սկզբին այս հարցը կրկին ծագեց, քանի որ, զուգադիպությամբ, թե ոչ, բայց ԱԺ ընտրությունների օրը համընկավ պատերազմական գործողությունների մեկամյա ամփոփման հետ և դարձավ մեկ տարի ձգվող շփոթմունքի, մահվան պատճառների որոնման ու հեռանկարների վերաիմաստավորման առիթ:
Քարոզչական արշավների ավարտն ու ընտրությունների բուն օրը ստացվեցին սիմվոլիկ՝ կոպիտ խախտումներ ու բռնության դեպքեր չարձանագրվեցին, բայց խորացավ հանրային ճնշվածությունը:
Ի վերջո, եթե ամենից շատ ձայներ ստացավ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ուրեմն ռազմական գործողություններում մահվան պատասխանատվությունը շարունակեց քողարկված մնալ հանրային գիտակցության մեջ:
Երբ ՀՀԿ-ի կողմից առաջ քաշվեց ու ձևակերպվեց «ազգ-բանակ» հասկացությունը, տպավորություն էր, որ փորձ է արվում ընդհանրական գաղափարներով չեզոքացնել ու մարել պատերազմի ու մահվան պատճառների շուրջ դիսկուրսը՝ հակադրելով իրար անհատի կյանքն ու «ազգային» նպատակները:
Հանրային տագնապը զսպվեց ու ավելի խորացավ, երբ ավելի հեշտ գտնվեցին մահանալու, քան ապրելու արդարացումները:
2016 թվականի ապրիլին բավական էր լսել տարբեր հանրային անձերի խոսքերը, նայել մեդիա անդրադարձներն ու սոցցանցերի գրառումները՝ համոզվելու համար, որ ըստ հանրային հռետորիկայի՝ հայրենասեր լինելը ենթադրում է հանուն հայրենիքի զոհվելը, նահատակվելը, արյուն թափելը, անհետանալը: Եվ ոչ ապրելը, կառուցելը, սովորելը…
Այսինքն՝ կոնկրետ անձի վերացումը աշխարհի երեսից բացատրվեց ծայրահեղ աբստրակտ գաղափարներով: Կարծես մանկուց մահվան պատրաստ լինելը բնական է, ինչպեսև բնական է կյանքին պատրաստ չլինելը:
Եվ 2017 թվականին, հատուկ քաղաքական քարոզի համար շրջանառված «Անվտանգություն ու առաջընթաց» ՀՀԿ-ի կարգախոսը միտված էր հուշել, որ հենց այս երկու ոլորտներում էլ թերացում կա, որն էլ իշխանությունները պատրաստ են կարևորել:
Գունեղ ու թանկարժեք մեդիան՝ հեռուստատեսությունը, ապրիլի առաջին օրերին ուղիղ կապ ստեղծեց պատերազմական հուշի, պատերազմավտանգ ներկայի, միլիտարիստական ատրիբուտների, ռազմատենչ հռետորաբանության և ընտրելու գործընթացների միջև: Եթերում հիմնականում բանակային երգեր էին, բանակի, զինվորական կյանքի ու զինամթերքի մասին պատմող սյուժեներ, ռազմական նվաճումների մասին ակնարկներ:
Ամենից շատ զինտեխնիկա ու կամուֆլյաժային հագուկապ հայտնվեց Հանրային հեռուստատեսության եթերում, անգամ ՀՀ նախագահն էր ելույթներ ունենում զինվորական համազգեստով:
Ապրիլի 2-ի գրեթե բոլոր հաղորդումներն այն աստիճանի ռազմաշունչ էին, որ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունը ոչ թե պատրաստվում է խոհրդարանական ընտրություններին, այլ ռազմի դաշտ մեկնելուն: Եվ քանի որ պատերազմը ներկայացվում էր որպես կյանքի ամենօրյա ֆոն, լսարանի մոտ տպավորություն էր ստեղծվում, թե ընտրությունները մարտական գործողությունների շարունակությունն են:
Ռազմական թեման ճնշում է կյանքի մասին խոսակցությունները: Երբ, օրինակ, եթերից լսում ես, որ նորածին երեխաները բնութագրվում են որպես ապագա զինվորներ, կամ երբ դպրոցական տարիքի տղան ասում է, որ երազում է զինվոր լինել, ծագում է ենթագիտակցական վախ, թե ապագա չկա:
Ի վերջո, պատերազմը ապագայի տեսլական չէ, այն ընդամենը փուլ է դեպի այդ տեսլականը: Եվ նոր ծնված մարդը պիտի պատրաստ լինի ապրել, այլ ոչ թե զոհվել:
Բայց երբ ռազմական թեման ներկայացվում է որպես նորաձև և արդիական (անգամ գլամուրային ու առատ դիմահարդարմամբ երգչուհիների բեմական զգեստներն էին այդ օրը եթերում կամուֆլյաժային), դա դառնում է մանիպուլյատիվ շահարկում (ինչպես, օրինակ «Իսքանդեր» հրթիռային համակարգին նվիրված հեռուստահաղորդումը): Եվ առաջին հերթին շահարկվում է ապագայի տեսլականը:
Փաստորեն, մենք ընտրում էինք ապագայի կառավարիչներին՝ միլիտարիստական մթնոլորտում: Ինչը դժվար բացատրելի է հանրության համար, բայց հասկանալի՝ իշխանությունների տեսանկյունից:
Իշխանությունների համար շատ կարևոր էր «կոնսերվացնել» եղած իրավիճակը ևս մի քանի տարով, իսկ դա հնարավոր է անել նաև մահվան պատճառների ու բանակի խնդիրների փոխարինումով ավելի պաթետիկ, հերոսական ու վերացական տեքստերով ու պատկերներով:
Եվ ինչպես տեսաք, այդպես էլ եղավ: Մենք կոնսերվացվեցինք չձևակերպված տագնապի ու չհայտարարված պատերազմի մեջ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: