Խորհրդարանական ընտրությունները դեռ երկար կքննարկվեն ու կվերլուծվեն տարբեր տեսանկյուններից։ Սակայն արդեն կարելի է մի քանի հետևություններ անել քաղաքական գործընթացներում ցանցային տիրույթի կիրառման վերաբերյալ.
Ա․ Քաղաքական ուժերն այս անգամ շատ ակտիվ կիրառեցին սոցիալական մեդիան։ Սոցցանցերում նկատվում էր մասնագետների թիմային աշխատանքը։ Մյուս կողմից՝ կային մի քանի կարևոր թերություններ.
- Որպես աշխատանքային հարթակ հիմնականում օգտագործվում էր Ֆեսյբուքը։ Ինստագրամը պարզապես ներգրավված էր որպես Ֆեյսբուքի կցորդ հարթակ։
- Գլխավոր շեշտը դրվել էր վճարովի գովազդի վրա։ Ընդ որում՝ գովազդվող նյութերի գերակշռող մասի թիրախը «Հայաստանում ապրող, 18 տարեկան և բարձր» օգտատերերն էին։ Այսինքն՝ թիրախավորումը չէր իրականացվում ըստ բովանդակության, ինչը սոցցանցերի գովազդային հնարավորությունների մեխն է։
- Շատ քիչ քաղաքական գործիչներ օգտվեցին սոցցանցերում ուղիղ եթերի հնարավորությունից։ Իսկ կիրառողներն էլ հաճախ չարաշահում էին այն:
- Գրեթե չօգտագործվեցին հետաքրքիր ու անսպասելի լուծումներ, որոնց հնարավորությունը տալիս է հենց սոցիալական մեդիան։
- Ակտիվությունը սոցցանցերում անհավասար էր, ակտիվիստները մե՛կ գերակտիվանում էին՝ ընդհուպ մինչև օգտատերերին ձանձրացնելն ու հոգնեցնելը, մե՛կ՝ գրեթե անհետանում։
- Կուսակցական ակտիվի մեծ մասը լավ չէր պատկերացնում, թե ինչպես պետք է օգտվել սոցիալական ցանցերից և գործում էր մեխանիկորեն։
- Ռեյթինգային թեկնածուների առաջխաղացումը իրականացվում էր իրենց սեփական ուժերով և խայտաբղետ ու քաոտիկ շարժում էր հիշեցնում։
Բ․ Լռության օրը, փաստացի, դարձավ ֆիկցիա։ Իհարկե, հեռուստաընկերություններն ու ռադիոն պահպանում էին օրենքի պահանջը, սակայն համացանցը ողողված էր գովազդով ինչպես ապրիլի 1-ին՝ լռության օրը, այնպես էլ հենց ընտրությունների օրվա ընթացքում։ Ընդ որում՝ գովազդը ներկա էր ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ՝ կայքերում, որտեղ Գուգլի գովազդային հարթակ էր տեղադրված։ Քանի որ այս տիրույթը անվերահսկելի է, հաճախ հնարավոր չէ միանշանակ պարզել, թե ով է տեղադրել գովազդը, ապա ընդհանուր առմամբ լռության օրվա վերաբերյալ երկու լուծում կարելի է ենթադրել ապագայում․
- Ընդհանրապես հրաժարվել լռության օրվա գաղափարից, քանի որ համացանցն այն անիմաստ է դարձնում, առավել ևս, որ արտաքին գովազդը նույնպես չի հեռացվում այդ օրերին, և վերահսկելի են մնում միայն հեռուստատեսությունը, ռադիոն ու տպագիր մամուլը։ Վերջինի ազդեցությունը մինիմալ է։ Իսկ հեռուստատեսությունը և ռադիոն արդեն վաղուց զուգահեռ աշխատում են համացանցում։ Եվ, առնվազն, դրանց արխիվները մնում են հասանելի և տարածվում են սոցիալական մեդիայում։
- Գնալ ջենթլմենական պայմանավորվածության ճանապարհով, երբ բոլոր քաղաքական ուժերը կպարտավորվեն պահպանել լռությունը ցանցում։ Այս տարբերակը բավականին դժվար է իրականացնել՝ հաշվի առնելով հնարավոր սադրանքներն ու մեքենայությունները։
Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ քաղաքական ուժերը օգտվում են համացանցի հնարավորություններից, սակայն դեռևս չեն օգտագործում դրա բոլոր գործիքները։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: