Հեռուստատեսային նովելները դարձել են ոչ միայն ամենապահանջված, այլև ամենահետաքրքիր վիզուալ արտադրանքը: Շատերն արդեն ձգձգված «օճառային» ծամոն չեն, ավելի շուտ՝ զանգվածային ձևաչափով ներկայացրած բազմաշերտ ստեղծագործություններ: Եվ պատահական չէ, որ հեռուստատեսային դաշտ են տեղափոխվում լավագույն ռեժիսորները, սցենարիստներն ու դերասանները: Եվ ամենակարևորը՝ այնտեղ են խոշոր գումարները:
Սերիալները հզոր գործիք են մեդիա մենեջերների ձեռքում: Իհարկե, այդ գործիքը կարելի է կիրառել լսարանին թմրեցնելու (ժամերով էկրանին գամելու և պարզեցված կրքերի մեջ սուզելու) նպատակով, բայց կարելի է նաև անել հակառակը՝ արթնացնել ու բորբոքել:
Կարճ ասած՝ նիրհելու փոխարեն առաջարկել ընկղմվել բարդ (հետևաբար՝ որակյալ) իրականության մեջ:
Հայաստանում սերիալներ նայում են բոլորը, բայց այն, ինչը ցույց է տալիս մեր հեռուստատեսությունը, շատ դեպքերում չափազանց երկրորդական և հնաոճ մի նյութ է, որի նպատակը ոչ այնքան հենց այսօրվա մասին հետաքրքիր պատմություն պատմելն է, որքան կյանքն ու դրա մասին եղած պատկերացումները հնարավորինս իրարից հեռացնելը: Տպավորություն է, որ հենց այդ հեռացումն էլ սերիալամոլներին դուր է գալիս: Մոտավորապես այսպիսի բացատրություն կա՝ ուզում ենք չմտածել, այլ ուղղակի լիցքաթափվել:
Հետաքրքիրն այն է, որ առանց մտածելու լիցքաթափվել չի ստացվի: Թեկուզ միայն այն պատճառով, որ ամենազգայուն օրգանը ուղեղն է, և նրան գործ է հարկավոր, որ կարողանա լիցք ընդունել և լիցք փոխանցել: Ուղեղը շնորհակալ կլինի, եթե իրեն պարբերաբար բարդ ու անկանխատեսելի արդյունք ենթադրող աշխատանքի լծենք:
Մոտ ժամանակներս շատ լավ (թարմ ու թանկ) նոր սերիալներ են մեզ սպասում: Փորձենք դուրս գալ հայաստանյան հեռուստատեսության առաջարկից ու ընտրենք այն սերիալային արտադրանքը, որը նեղացնելու փոխարեն, ընդլայնում է մտքի, ուղեղի ու ներաշխարհի հորիզոնները:
Նաև բաց թողնենք խելակորույս հաջողություն ունեցող «Գահերի խաղերն» ու «Շերլոկ Հոլմսը», որոնց հերթական եթերաշրջանը սպասվում է այս տարի: Խոսենք նորույթների մասին: Եվ սկսենք ամենալեգենդար հեռուստատեսային սերիալից:
«Թվին փիքս», Twin Peaks
Սա իհարկե, սերիալների արքան է, որի երկու եթերաշրջանները լույս են տեսել 1990 թ. և 1991 թ.: Իսկ հիմա 25 տարի անց խորհրդավոր ու գաղտնիքներով լի «Թվին փիքսը» վերադառնում է: Եվ ամենակարևորն այն է, որ շարունակության հեղինակը կրկին ռեժիսոր Դեվիդ Լինչն է, որը տարիներ առաջ ստեղծեց այնպիսի էկրանային աշխարհ, որը մինչ այսօր էլ վերծանվում, շփոթեցնում ու հիացնում է:
«Թվին փիքսը» դուրս է սերիալային բոլոր կանոններից: Այն սկսվում է սպանությամբ (սպանվածը գեղեցկուհի Լորա Փալմերն է), սպանությունը հետաքննվում է (հետաքննողները շերիֆն ու ԿՀՎ գործակալ Քուփերն են), բայց, իրականում, ավելի է խճճվում միստիկայի ու տարբեր գիտակցական շերտերի հատումներով, և, ի վերջո, ավարտվում է անհայտ մի կետում (սպիտակ ու սև վիգվամներում): Զուգահեռաբար, իհարկե, ջրի երես են դուրս գալիս փոքրիկ քաղաք Թվին Փիքսի բնակիչների կեղտոտ գաղտնիքները, վախերն ու երազները:
Այս սերիալում ընդհանրապես ոչինչ միանշանակ չէ: Անգամ հակառակը՝ ամեն ինչ խաբուսիկ է: Սովորական բաները (սուրճը, կեռասով թխվածքը և դասական ամերիկյան փքաբլիթները) դառնում են հիացմունքի պաշտամունք, իսկ հսկաների, թզուկների ու Տիբեթյան մենավորների խորհուրդները օգնում են մարդասպանի որոնումներում: Եվ դա ընկալվում է այնքան բնական, որքան գերանի հետ զրուցելը, բվերի հավաքներին հետևելն ու տիեզերքից պատասխաններ ստանալը:
Փոքր գավառական քաղաք Թվին Փիքսում ծավալվող կյանքը նշմարեց այն փխրուն կետը, որից կախված են թե՛ մարդկային էակները, թե՛ կյանքի տարբեր մակարդակները, թե՛ ամենօրյա հաճույքը: «Ամեն օր ինքներդ ձեզ փոքր նվերներ արեք»,- ասում է հատուկ գործակալ Քուփերը (Քայլ ՄաքԼոհլեն):
«Թվին Փիքսը» բարդ իրավիճակում հայտնվեց վերջին սերիաներում, երբ արտադրողները ստիպեցին Դեվիդ Լինչին բացահայտել մարդասպանի անունը: Լինչը կտրականապես հրաժարվեց անել դա, և ստիպված լքեց սերիալը: Հետո, երբ պարզ դարձավ, որ սերիալը փլվում է առանց Լինչի, նա կրկին վերադարձավ վերջին սերիայում ու գլուխկոտրուկ հիշեցնող իր պատմությունը կրկին արժանի դարձրեց գլուխ կոտրելու:
Ամեն դեպքում, «Թվին Փիքսից» հետո սերիալի ժանրն այլևս փոխվեց: Ո՛չ հատուկ էֆեկտները, ո՛չ թանկարժեք դերասանները, ո՛չ էլ ահռելի գովազդը չեն կարող փոխարինել «համեղ» պատմությանը հետևելու հաճույքին: Եվ հիմա սպասում ենք, թե ինչեր են կատարվելու եղևնիների սոսոփյունով ու բվերի կռնչյունով հագեցած Թվին Փիքսի կյանքում:
Եվ մինչ նոր սերիալի հայտնությունը (2017թ. մայիսին), կարող ենք ըմբոշխնել այս կարճ անոնսը, որտեղ Դեվիդ Լինչը լսողության խնդիրներ ունեցող գործակալի դերում ըմբոշխնում է իր հերթական փքաբլիթը:
Այս անգամ անվանի ռեժիսորին տրված է լիակատար ազատություն, և ուրեմն նոր սերիալը կամ կհիացնի, կամ էլ կհիասթափեցնի: Միջինը չկա, ինչպես չկա աշխարհի գաղտնիքների միակ ու ճիշտ բացահայտման եղանակը, քանի որ ցանկացած դետալ արդեն իսկ մի տիեզերք է:
«Մաքրություն», Purity
Սա այն դեպքն է, երբ էկրանավորվում է արդեն հայտնի բեսթսելլերը՝ Ջոնաթան Ֆրանզենի «Փյուրիթի» վեպը, որը կարծես բազմաշերտ պատասխան է՝ ուղղված ինտերնետին: Կարելի է այսպես ասել՝ փորձելու ենք հասկանալ, թե ինչ անել, երբ ինֆորմացիան ավելի շատ է, քան գիտելիքները:
Փյուրիթին երիտասարդ աղջիկ է, որի անունը թարգմանվում է որպես «մաքրություն»: Եվ թեև սպասելի է, որ հենց նա է վեպի, հետևաբար նաև սերիալի գլխավոր հերոսուհին, բայց դա այդպես չէ: Փյուրիթին (կարճ՝ Փիփ) յուրահատուկ կամրջի դեր է կատարում երկու հիմնական հերոսների միջև: Առաջինը՝ նախկին սոցիալիստական Գերմանիայի դիսիդենտ, իսկ հետագայում փաստաթղթերի հսկայական արտահոսք կազմակերպած (WikiLeaks-ի նման) միլիոնատեր Անդրեաս Վուլֆն է: Իսկ երկրորդը՝ մեդիա գործակալության ղեկավար, ամերիկացի լրագրող Թոմ Աբերանթն է:
Այս երկու հերոսները նախկինում ընկերներ էին, հետո՝ անտոգոնիստներ: Վուլֆը նպատակ ունի բացահայտել աշխարհում եղած կոռուպցիան ու խոչընդոտներ չի տեսնում հրապարակելու համար «ոչ մաքուր» կերպ հայթայթած ինֆորմացիան: Նա ցանցի հզորությունը օգտագործող, նևրոտիկ ու հմայիչ անձ է, որն անցել է Շտազիի հետապնդումներով, մասնակցել է Բեռլինի պատի քանդմանն ու փաստաթղթերի գաղտնազերծմանը: Եվ, ի վերջո, եկել հասել Բոլիվիայի անտառներ, քանի որ տարբեր երկրներում համարվում է անցանկալի անձ (Ջուլիան Ասանժի պես):
Ի տարբերություն նրան՝ Աբերանթը դասական հետաքննող լրագրող է, որը գիտե, որ ինքնուրույն պեղված ինֆորմացիան ավելի թանկարժեք է, քան նվեր ստացվածը:
Այս սերիալը (և առաջին հերթին վեպը) հատկապես պետք կգա տեղեկատվության մեջ ապրողներին: Օրինակ, լրագրողներին: Ֆրանզենի բոլոր հերոսները աշխարհի հանդեպ խորը անվստահություն ունեն, և միշտ կասկածում են, որ իրենց ուզում են խաբել: Ընդհանրապես ցանկացած մարդ երկու հակադարձ մղումներ ունի. ուզում է իր գաղտնիքները պահել փակի տակ և միաժամանակ՝ գաղտնազերծված լինել: Ինչպես ասում է վեպի հերոսներից մեկը՝ մեր ներաշխարհը վաղ թե ուշ վկաների կարիք է ունենում:
«Փյուրիթին» կառուցված է կինոյի սկզբունքով՝ շատ տարբեր ու խճճված սյուժետային գծերը պարբերաբար հեռանում են միմյանցից, հետո գալիս ու միանում են: Սեր, զավակների ու ծնողների հարաբերություններ, հայրերի և մայրերի հետ լարված հարաբերություններ և, ի վերջո, ֆիզիկական ու վիրտուալ աշխարհների խզում. Ահա այսպիսի լայն մակերեսով է ներգործում «Փյուրիթի» վեպը:
Պարզ է միայն, որ կեղտոտ ինֆորմացիան ի ցույց դնողները իրականում անում են դա՝ ձգտելով մաքրության: Բայց դե, դա գրեթե անհնարին ձգտում է, ավելի շուտ՝ գայթակղություն ու պատրանք…
Եվ պատահական չէ, որ ինտերնետը համեմատվում է տոտալիտար ռեժիմների կառուցվածքի հետ: Երկուսից էլ դժվար է անջատվել և գրեթե անհնարին է դուրս գալ, քանի որ համատարած վերահսկողությունը ինքնակամ է արվում: Եվ եթե սոցիալիզմը փոխարինենք գլոբալ ցանցով, կստանանք ինտերնետը:
Ասենք, եթե ինտերնետում չես, ուրեմն չկաս:
Սերիալում Անդրեաս Վուլֆի դերում հանդես կգա Դենիել Քրեյգը, որը հայտնի է Ջեյմս Բոնդի իր կերպարով:
«Սուր առարկաներ», Sharp Objects
Այս նոր կրիմինալ դրամայի գլխավոր հերոսուհին ոչ շատ հաջողակ լրագրող Քամիլլա Փարկերն է, որը պետք է սենսացիոն լուրեր հաղորդի փոքր գավառական քաղաքում կատարված սպանությունների ընթացքի մասին: Նա վերադառնում է իր հայրենի քաղաքն ու սուզվում մանկության հուշերի մեջ, որոնք լի են մղձավանջով, բարդ հարաբերություններով և չհաղթահարված վախերով:
Լրագրողի գործն, ընդհանրապես, դժվար է, մանավանդ, եթե դրաման ոչ միայն նրանից դուրս է, այլև՝ ներսում: Եվ երբ ստիպված ես նույնացնել քեզ զոհերի հետ, որոնց մասին գրելը մասնագիտական պարտքն է:
Սերիալը արժե նայել նախևառաջ դերասանուհի Էմի Ադամսին տեսնելու համար, քանի որ այս դերասանուհին զարմանալի հետաքրքիր կերպարներ է ստեղծում ու կարծես լրացնում է մեծ կինոյում ստեղծված ինտելեկտուալ աստղերի պակասը: Էմի Ադամսը վերջին տարիներին փայլում է մեծ կինոյում, իսկ հիմա արդեն տեղափոխվում է հեռուստասերիալի ձևաչափ՝ ենթադրաբար կրկին փայլելու ակնակալիքով:
Սերիալի գրական հիմքը Գիլիամ Ֆլինի (Gillian Flynn) համանուն վեպն է, իսկ ռեժիսորը Ժան-Մարկ Վալլեն:
«Խնջույք ճամփեզրին», Roadside Picnic
Ստալքերի մասին պատմությունը հայտնի է Անդրեյ Տարկովսկու ֆիլմից, որը Ստրուգացկի եղբայրների ֆանտաստիկ վեպը վերաձևեց ու դարձրեց փիլիսոփայական-այլաբանական ֆիլմ՝ զուգահեռներ տանելով փակ հասարակարգի (զոնայի) և անհատի (ուղեկցորդի) միջև:
Իսկ այս նոր սերիալի հեղինակները խոստացել են ավելի քիչ հեռանալ օրիգինալ տեքստից ու մանրամասներ բաց չթողնել:
«Ստալքեր» բառը սահուն մտավ խոսակցական լեզու հենց Ստրուգացկի եղբայրների շնորհիվ՝ բնութագրելով մի մարդու, որը շրջանցելով արգելքները, մուտք է գործում արգելված գոտի, հայտնաբերում տարբեր (բուժիչ և կործանիչ) արտեֆակտներ և վաճառում դրանք: Տարկովսկին այդ բառի իմաստը ընդլայնեց՝ տալով դրան նաև բարոյական ենթատեքստ: Մի աշխարհից դեպի մյուսը անցում կատարող մարդը միշտ կանգնած է ընտրության առջև: Եվ դա ամենաբարդ ընտրությունն է (գրեթե լինե՞լ, թե՞ չլինելը): Ի վերջո, եթե խախտում ես անորսալի ու անձևակերպելի օրենքները, պիտի պատրաստ լինես ամեն ինչի:
Օրինակ, այն բանի, որ կարող են իրականանալ վտանգավոր ենթագիտակցական ցանկությունները: Իզուր չեն ասում՝ եթե երկար նայես անդնդին, անդունդը կնայի քեզ: Եվ եթե երկար ժամանակ գտնվես զոնայում, առանց զոնա այլևս չես կարողանա շնչել:
Ամերիկյան սերիալում ստալքեր Ռեդրիկ Շուխարտի դերը կկատարի Մեթյու Գուդը, ռեժիսորն է Ալան Թելյորը («Գահերի խաղի» մի քանի սերիայի հեղինակը): Սպասելի է, որ «Խնջույք ճամփեզրին» սերիալը մասշտաբային ու էպիկական պատմություն կլինի՝ հատուկ էֆեկտներով ու լարված ինտրիգով:
Սերիալները արտադրողները հաճախ են ընտրում լավ գրական ստեղծագործություններ, իսկ լավ գրողներն էլ ձգտում են իրենց պատմությունները տեսնել լավ էկրանավորված ու լավ մարմնավորված:
Կարելի է ասել, որ լավն է այն սերիալը, որը դիտելիս, ուզում ես, որ այնտեղ պատկերված կյանքը դառնա քոնը: Առնվազն մի քանի երեկոների ընթացքում, երբ ոչ թե վերացարկվում ես իրականությունից, այլ կլանելով իրականությունը, նույնանում ես հնարված կյանքի հետ:
Լավ սերիալը լավ գրքից քիչ է տարբերվում, պարզապես այն ընթերցվում է ոչ միայն բառերի, այլև պատկերների միջոցով:
Հիմա պատկերացրեք հակառակը՝ այն, ինչը ցույց են տալիս հայաստանյան ալիքները դուք ոչ թե նայում եք, այլ կարդում: Կարդում եք որպես երկխոսություն, պատում, նկարագրություն: Կստացվի՞: Դժվար թե:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: