Ֆեյսբուքը ոչ միայն հետաքրքիր և օգտակար սոցիալական ցանց է, այլև ամենամեծ գովազդային հարթակներից մեկը, որն անընդհատ մեր մասին տեղեկություն է հավաքում։
Ֆեյսբուքի գովազդային համակարգը վիճակագրական բավականին ծավալուն տեղեկատվություն է տալիս գովազդատուներին։ Հայաստանի վերաբերյալ տրամադրվող տեղեկատվությունը թույլ է տալիս հետաքրքիր եզրակացություններ անել։
Այսօր Ֆեյսբուքում Հայաստանի տարածքից (Արցախը վիճակագրության մեջ ներառված չէ) ակտիվ օգտատերերի թիվը հասնում է 1 միլիոնի։ Ֆեյսբուքը ակտիվ է համարում այն բոլոր օգտատերերին, որոնք 30 օրվա ընթացքում գոնե մեկ անգամ մուտք են գործել սոցցանց։ Հասկանալի է, որ այս թիվը ներառում է նաև այսպես կոչված ֆեյքերը։ Սակայն ֆեյքերի թիվը համաշխարհային մակարդակով միջինում չի գերազանցում 5%-ը։ Հայաստանի դեպքում այս ցուցանիշը նույնիսկ ավելի ցածր կարող է լինել, քանի որ այստեղ ֆեյքերն ավտոմատացված չեն ստեղծվում, ամեն մեկը ձեռքով է արտադրվում: Ընտրությունների մոտենալուն զուգահեռ մենք, իհարկե, կունենանք ֆեյքերի ավելի մեծ բանակ, սակայն հունվարին նման ակտիվություն դեռ չկար:
Սեռական բաշխվածությունը հայաստանյան ֆեյսբուքում հավասար է։ Մյուս կողմից` կարելի է նկատել, որ երիտասարդների շրջանում ավելի շատ տղամարդիկ են ակտիվ, իսկ 45 տարեկանից սկսած՝ կանայք։
18-34 տարեկանները կազմում են ֆեյսբուքի լսարանի կեսից ավելին, իսկ 13-34 տարեկանները` հայաստանյան լսարանի 72%-ը։ Նշենք, որ տվյալները հիմնվում են օգտատերերի ներկայացրած տարիքային տվյալների վրա։ Նաև պետք է հաշվի առնել, որ Ֆեյսբուքը 13 տարեկանից ցածր երեխաներին թույլ չի տալիս գրանցել, և նրանք այլ տարիք են նշում՝ արգելքը շրջանցելու համար:
Ֆեյսբուքյան ակտիվության ընդհանուր տվյալները բավականին տպավորիչ են։
Ֆեյսբուքից ակտիվ օգտվողներին միշտ թվում է, թե մարդիկ, ընդհանուր առմամբ, լայնորեն ներգրավված են քաղաքական կամ հասարակական ընթացիկ քննարկումներում։ Սակայն, ըստ Ֆեյսբուքի տվյալների, այդ 1 միլիոն ակտիվ օգտատերերը 30 օրվա ընթացքում միջինում գրել են ընդամենը 1 մեկնաբանություն, հավանել են 8 անգամ (like), տարածել են 1 գրառում (share)։ Միևնույն ժամանակ 9 անգամ են գովազդային նյութ բացել։ Նման տվյալներից կարելի է եզրակացնել, որ 1 միլիոն օգտատերերի մեծամասնությունը (եթե չկա արտակարգ իրավիճակ) կա՛մ խաղ է խաղում, կա՛մ պասիվ ընթերցող է ու չի մասնակցում քննարկումներին։
Ֆեյսբուքից օգտվելու եղանակը նույնպես հետաքրքիր է։ Այսպես, մարդկանց միայն 17%-ն է միայն համակարգչից մուտք գործում Ֆեյսբուք: Իսկ Ֆեյսբուքի օգտատերերը, որոնք օգտվում են միայն հեռախոսներից և թաբլեթներից, 33% են կազմում։
Միգրացիան դեպի շարժական սարքերը զուգորդվում է սմարթֆոնների և թաբլեթների քանակի աճով, ինչը պետք է մտահոգի բոլոր այն կայքերի ղեկավարներին, որոնք իրենց արտադրանքի որակյալ շարժական տարբերակը դեռ չունեն։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: