Դերասան Մերիլ Սթրիփի շնորհակալական խոսքը, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ընթացքում վաստակի համար մրցանակ ստանալու ժամանակ, ցնցող էր:
Նախ՝ նրա խոսքը անսպասելի էր (շնորհակալությունը որպես կանոն մեղմ ու անատամ է լինում, բազում գեղեցիկ, բայց շարունակություն չենթադրող բառերով), և միաժամանակ՝ շատ սպասված (դեր ստանձնելու և խաղալու պատասխանատվությունը վաղուց էր հարկավոր շեշտադրել):
Մերիլ Սթրիփն ուղերձ ուներ ասելու, և ասաց այն: Նա նույն հարթության վրա դրեց Հոլիվուդը, օտարերկրացիներին և մամուլը: Եվ հիշեցրեց այն դեպքը, երբ իր երկրում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնել պատրաստվող մարդը նմանակեց հաշմանդամություն ունեցող լրագրողին՝ ներկայացնելով նրան ծաղրական կերպով:
Ընդ որում՝ Մերիլ Սթրիփը չնշեց ո՛չ ամենաբարձր պաշտոնյայի, ո՛չ էլ ծաղրանքի ենթարկված լրագրողի անունը: Նա պարզապես առաջարկեց մտածել, թե ինչ է լինում այն դեպքերում, երբ իշխանություն ունեցող մարդն իրեն թույլ է տալիս նսեմացնել ֆիզիկապես իրեն ոչ հավասարին, իրեն ոչ նմանին, իսկ ավելի լայն ասած՝ այլին, ուրիշին, տարբերվողին:
Երբ նման բան է տեղի ունենում, հասարակությունը արտոնագրի պես մի թուղթ է ստանում՝ ընդունելով, որ այլևս կարելի է նույնը անել:
«Մինչ օրս մտքիցս դուրս չի գալիս, քանի որ ֆիլմում չէր, իրական կյանքում էր: Մարդը, ով հավակնում է մեր երկրում ամենապատվաբեր պաշտոնին, ծաղրեց հաշմանդամ լրագրողին, մի մարդու, որին ինքը գերազանցում է արտոնություններով, իր ունեցած իշխանությամբ և հակահարված հասցնելու կարողությամբ: Եվ երբ նվաստացնելու բնազդը մոդելավորվում է հանրային հարթակներում, իշխանություն ունեցող մեկի կողմից, այն տարածվում է նաև բոլորի կյանքում, քանի որ մյուսներին էլ է իրավունք տալիս նույն կերպ վարվելու»:
Մերիլ Սթրիփը նկատի ուներ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն ու շարժուձևը, երբ նա ծաղրեց «Նյու Յորք Թայմսի» լրագրող Սերժ Կովալևսկուն, որը տեսանելի շարժողական սահմանափակումներ ունի:
Իհարկե, բոլորն են դերեր խաղում և գրեթե միշտ: Բայց հարցն այն է, որ դերը կարող է լինել ոչ լավը, բայց էֆեկտիվ: Այսինքն՝ արձագանք ստանալ և ինչպես ասաց դերասանուհին՝ ստիպել լսարանին ծիծաղել ու ցույց տալ ատամները: Եվ արդյունքում՝ իջեցնել մարդկային արժանապատվությունը հարգելու նշաձողը:
Ծաղրելով այլին՝ ինքդ քեզ ես փակուղի գցում, քանի որ անպայման, ի վերջո, բնազդը ջնջելու է գիտակացությունը: Եվ բացելու է դարպասը անգիտակցական ագրեսիայի ներթափանցման ու տարածման առջև:
«Անհարգալից վերաբերմունքը ծնում է անհարգալից վերաբերմունք, բռնությունը բռնություն է սադրում, և երբ իշխանություն ունեցողները օգտագործում են իրենց դիրքը՝ ստորացնելու համար, մենք բոլորս ենք պարտվում»,- Մերիլ Սթրիփի այս խոսքերը ամենահաճախ մեջբերվածներն էին մեդիայում:
Հետաքրքիր է, որ դերասանուհին իր ճառի կեսը նվիրեց գործընկերների անուններն ու նրանց ծննդավայրերը թվարկելուն: Բոլորը շատ տարբեր են, ծնված ու մեծացած տարբեր երկներում ու տարբեր մշակութային միջավայրերում: Եվ հենց այդ տարբերությունն էլ ընդգծում է Հոլիվուդի ուժն ու բազմազանությունը:
Ուժը միշտ բազմազանությունն է, ոչ թե նույնը լինելու պաշտամունքն ու կույր հավատը, որ նույնը լինելը ինդուլգենցիայի պես մի բան է, որը թույլ է տալիս քարկոծել այլերին, կամ էլ առնվազն նրանց նայել վերևից՝ միատարր ամբոխի դիրքերից: Եվ երբ, օրինակ, Հայաստանում ապրող որոշ հայաստանցիներ սվիններով ընդունեցին հայկական միջավայրում ու հայկական տարազով արված օտարազգի տղամարդու ընտանեկան լուսանկարը (#հայուգեն հեշթեգով հայտնի), նրանք իրականում խոսեցին արդեն իսկ պարտվածի դիրքերից: Դա ուժի դիրք չէր, ընդամենը սեփական թուլությամբ հիանալու տենչ: Եվ որքան այդ տենչն ուժեղանում ու զանգվածային է դառնում, այնքան ընդգծվում է հասարակության թուլությունը:
Ուժը տարբեր լինելու հաճույքը ընդունելն է: Կամ էլ՝ գոնե հարգելը: Չհարգեցիր, բնազդի հեղեղի մեջ կխեղդվես (կդառնաս կա՛մ գազան, կա՛մ ծաղրածու):
Հայաստանում չգտնվեց Մերիլ Սթրիփի նման ստեղծագործող, որը կարողանար հանրային ուշադրությունը այսպես նրբանկատորեն բերել հասցնել ամենացավոտ կետին. պատասխանատվությանը:
Նաև՝ ցույց տալ, որ այժմ այդ պատասխանատվությունը կրողների առաջնագծում լրագրողներն են: Այսինքն մասնագետներ, որոնք ստեղծագործողների նման դերեր են կառուցում, խաղում ու ազդում հասարակության վրա:
«Մենք սկզբունքային մամուլի կարիք ունենք, որն իշխանություններից հաշիվ կպահանջի ցանկացած թերացման համար: Ահա, թե ինչու մեր հիմնադիր հայրերը ամրագրել են մամուլի ազատությունը մեր Սահմանադրությունում: Եվ ես հիմա խնդրում եմ միանալ ինձ՝ աջակցելով «Լրագրողների պաշտպանության կոմիտեին»: Մենք նրանց կարիքն ունենք առաջ շարժվելու համար, իսկ նրանք մեր կարիքն ունեն որպես ճշմարտության պաշտպանների»:
Մերիլ Սթրիփի այս ճառը ահռելի ալիք բարձրացրեցին մեդիայում և շատերին դրդեց վերանայել վերջերս ստեղծված այն տարօրինակ իրավիճակը, երբ թույլատրելի է շատ բան, բայց այդ շատ բանը նաև կորուստի հոմանիշն է դարձել:
Այլևս անհնար է տարանջատել արվեստն ու քաղաքականությունը: Նույնիսկ ավելին՝ վտանգավոր է անել դա: Օրինակ, ասել, թե միայն արվեստով ես զբաղվում, իսկ քաղաքական հովերն ու սոցիալական տրանսֆորմացիաները քեզ չեն վերաբերում:
Մարդ արարածը ո՛չ գազան է, ո՛չ էլ ծաղրածու: Եվ առանցքային հասկացությունները ծաղրի ենթարկելու, մանրացնելու ու արդյունքում՝ արժեզրկելու ու անհետացնելու ունակությունը շատ լավ օգտագործում են իշխանավորները: Իսկ այն մարդիկ, որոնց գործը ստեղծագործելն է, միակ ու արդյունավետ պատնեշն են, որը թույլ է տալիս իշխանավորներին գիտակցել ու ընդունել սահմանները (գազանից ու ծաղրածուից շատ հեռու):
Պարզապես հարկավոր է, որ ստեղծագործողները իրենք իրենց մասին հոգ տանեն: Այդ թվում նաև լրագրողները: Այո, նրանք պետք է լինեն եսասեր, սիրեն սեփական անձն ու չփչացնեն այն: Իսկ երբ ստեղծագործողները սկսում են հոգ տանել ոչ թե իրենց, այլ ժողովրդի մասին, հայտնվում է այն կեղծ հնչերանգը, որը կործանիչ է: Ընդ որում՝ կործանում է հենց ստեղծագործողի ունակությունը:
Ինչը շատ լավ երևաց, օրինակ, Հայաստանի նախագահի «մտավորականների» հետ հանդիպման ժամանակ: Այդ հանդիպման ընթացքում էլ խոսվեց բռնության մասին: Բայց վերջին խոսքը (կամ թեկուզ հարցադրումը) ստեղծագործողներինը չէր, այլ հենց նախագահինն էր: Ստեղծագործողները լսելի չէին: Իսկ Մերիլ Սթրիփը լսելի դարձավ: Նաև մեզ համար, քանի որ հիշեցրեց լրագրողների ու արվեստագետների մասնագիտության կարևոր դերի՝ զգացմունքներ առաջացնելու ու դրանց համամասնակիցը դարձնելու (էմպատիայի) պատասխանատվության մասին:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: