2016.11.29,

Քննադատ

Եկել է թրոլլերի դարը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Սոցցանցերում քաղաքական թրոլլինգը դառնում է համաշխարհային թրենդ: Մենք, ապրելով Հայաստանում, սոցցանցային ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ զարգացումները շատ նեղ տեղական են ընդունում: Իրականում ֆեյքերի և սոցիալական մեդիայի միջոցով լայնածավալ քարոզչական աշխատանքը վաղուց նորություն չէ աշխարհում:

Դեռ մի քանի տարի առաջ ռուսաստանյան «Նովայա Գազետա» օրաթերթի լրագրողները բացահայտել էին թրոլլերի մի ողջ ֆաբրիկա, որն իրականացնում էր իշխանական քարոզչությունը սոցցանցերում: Նրանք գրառումներ, զանգվածային մեկնաբանություններ էին անում, ազդում էին քվեարկությունների վրա և կատարում էին տասնյակ այլ տիպի առաջադրանքներ, որոնց իմաստն էր քամել սոցցանցերից մաքսիմալը: Օլգինոյում աշխատող թրոլլերը գնում են աշխատանքի, ունեն աշխատանքային պլան և ստանում են աշխատավարձ:

Չինաստանում, օրինակ, նույնպես նմանատիպ թրոլլերի բանակներ կան: Այստեղ, իհարկե, համացանցը շատ ավելի վերահսկելի է, սակայն, մարդկային ներազդեցության խնդիրներ, միևնույն է, լինում են, ինչի պատճառով մի քանի հարյուր հազար (ըստ որոշ հաշվարկների՝ դրանց թիվը կարող է հասնել երկու միլիոնի) օգտատերեր զբաղված են համացանցում Չինաստանի վերաբերյալ դրական կարծիք ստեղծող գրառումներ և մեկնաբանություններ անելով: Նրանց անվանում են «հիսուն ցենտանոց բանակ»՝ վարձատրման սակագնով պայմանավորված:

ԱՄՆ նախագահական ընտրությունները նույնպես հետաքրքիր զարգացումներ բերեցին: Վերջին բացահայտումները ցույց են տալիս, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը շատ ակտիվ օգտագործում էր սոցիալական ցանցերով հասարակական կածիք ձևավորելու հնարավորությունները: Ըստ շրջանառվող տվյալների՝ Թրամփի կիբեռ թիմը 150 միլիոն դոլարի նեղ թիրախավորված գովազդ է տեղադրել Ֆեսյբուքում և Ինստագրամում: Ընդհանուր առմամբ՝ Թրամփի էլեկտրոնային թիմում աշխատել է մոտ 100 մասնագետ, որոնք ունեցել են մոտ 230 միլիոն դոլարի բյուջե համացանցում քարոզչության համար:

Ինչևէ, Թրամփի թիմը մեղադրվում էր սոցցանցերում, հատկապես Ֆեյսբուքում, ագրեսիվ ապատեղեկատվություն տարածելու համար: Եվ մեղադրանքներն այնքան լուրջ էին, որ նույնիսկ Մարք Ցուկերբերգը ստիպված եղավ հայտարարել, թե շատ լուրջ են ընդունել Ֆեյսբուքի հնարավորությունները:

Ավելի հետաքրքիր էր այն, որ նույնիսկ ռուսաստանյան թրոլլերին մեղադրեցին սոցցանցերի միջոցով ամերիկյան ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի համար: Եվ, կարծես թե, նրանք փորձում են ազդել նաև Ֆրանսիայում տեղի ունեցող նախընտրական գործընթացների վրա:

Հայաստանում թրոլլերը նորություն չեն: Մենք մեր կողքին միշտ ունենք թուրքական և ադրբեջանական պետպատվերով աշխատող թրոլլեր, որոնք, օրինակ, ապրիլի 24-ին Թվիթերում փորձում են «թռցնել» Հայոց ցեղասպանությանը վերաբերող տեղեկատվական հոսքերը՝ հեշթեգերի մեջ ներառելով իրենց թեմաները: Այդ գործողությունները հաջողության չեն հասնում, սակայն ամեն ապրիլ ամսին նման փորձ արվում է:

Իսկ հիմա մոտենում են ընտրությունները: Ուրեմն, թրոլլերի, կիբեր-օրքերի բանակները շուտով կհեղեղեն սոցցանցերը: Պետք չէ թերագնահատել թրոլլերի ազդեցությունը: Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում նրանք շատ ակտիվ կիրառվեցին հայաստանյան ֆեյսբուքում, և փորձը ցույց տվեց, որ ագրեսիվ թրոլլինգը թույլ է տալիս «շարքից հանել» տասը ակտիվ կարծիք արտահայտողից առնվազն հինգին:

Քանի որ արդեն փորձը կա, կարելի է ենթադրել, որ մեթոդը կկիրառվի նաև գարնանը: Ո՞րն է նրանցից փրկությունը: Մի քանի ոսկե կանոն կա՝

  • ա. չվիճել թրոլլերի հետ,
  • բ. անմիջապես արգելափակել թրոլլերին,
  • գ. չնեղսրտել ցանցում ամեն հայհոյանքից: Մեծ հավանականությամբ ձեզ հայհոյող պատկառելի կնոջ նկարով պրոֆիլի հետևում մի խեղճ ուսանող է, որին օրվա փող է պետք:

Ոմանք թրոլլ են, թեթև տարեք:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *