Ինֆորմացիոն առիթները Հայաստանում շատ չեն, և հաճախ օրվա լուրերի պակասը լրացվում է մի թեմայի շուրջ մեկնաբանությունների ու կարծիքների հավաքագրումով: Այդպիսով ոչ միայն հոդվածների քանակն է ավելանում, այլև թեման է մտնում հանրային օրակարգ: Ի վերջո, եթե անընդհատ գրում ու կարդում ես մի բանի մասին, տպավորություն է ստեղծվում, որ դա կարևոր թեմա է: Հատկապես եթե այդ թեման համընկնում է կասկածամիտ ու վատթարագույնին պատրաստ հանրային ինքնազգացողության հետ:
Հայաստանը հիմա բավականին անկայուն ու վախվորած է: Եվ պատրաստ է հավատալ դավադրությունների տեսություններին և ինքնությունը տատանող տարբեր որոշումների գոյությանը: Որոշումներ ընդունողների հանդեպ վստահության աստիճանն այնքան է ընկել, որ ամեն մի անզգույշ խոսքից կամ հայտարարությունից կարող է մի արհեստածին, բայց ուժգին խարույկ բռնկվել:
Մեդիայում այդպիսի խարույկի դերում այս մի քանի օրերի ընթացքում դարձավ ռուսերենը՝ որպես Հայաստանի երկրորդ պետական լեզու հռչակելու վարկածը:
Իրականում այդ վարկածի ինֆորմացիոն առիթը գրեթե աննշան է: Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպանը բարձրաձայնել էր իր մտահոգությունը, թե ռուսերենի տարածումը նահանջ է ապրում, և հարկավոր է մտածել նախկինում ԽՍՀՄ-ի կազմում եղած երկրներում նրան հատուկ կարգավիճակ տալու մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում էր Լատվիային և Էստոնիային:
Իրականում այդ գաղափարի հեղինակի պաշտոնն ու տարօրինակ ցանկությունը չունեին իրավական հիմքեր և չէին կարող դառնալ լուրջ մտահոգության առիթ (եթե, իհարկե, հաշվի չառնենք հատուկ հանձնարարությունների և հատուկ գործակալների կապը): Բայց դարձան: Հիմնականում այն պատճառով, որ հայաստանցիները զգում են, որ անվստահության մթնոլորտում կարելի է հավատալ ամեն ինչին և հիմնավորել ամեն ինչ:
Մեդիան, որը օրվա հացի (լուրերի) խնդիր է լուծում, սիրով ու պատրաստակամությամբ սկսեց խաղալ հենց այս՝ հայ-ռուսական լեզվական կարգավիճակների դաշտում:
«ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանը դեմ չէ, որ ռուսերենը դառնա երկրորդ պետական լեզու»,- այսպիսի վերնագրով հոդված է գրում «Հայկական ժամանակը»:
«Ռուսերենը՝ պետական լեզու Հայաստանում»,- սպառնում է մեկ այլ լրատվական:
«Ռուսերենին նախկին ԽՍՀՄ պետություններում պետք է շնորհվի երկրորդ պետական լեզվի կարգավիճակ. ՌԴ ԱԳՆ»,- հայտնում է մյուսը:
Երբ ասում են ենթադրյալի մասին որպես փաստի, հնարավոր է դառնում միանգամից հակափաստարկներ բերել: Եվ արդեն չես էլ հիշի, թե ինչու ծավալվեց հակափաստարկների հեղեղը: Օրինակ՝ վերնագրում գրում են՝ «Արձագանքներ՝ ռուսերենը որպես երկրորդ լեզու ընդունելու վերաբերյալ»:
Սա վկայում է լրատվական դաշտի շտապողականության ու անփույթ լինելու մասին, բայց միևնույն ժամանակ լավ խթան է տեսնելու, թե ով ով է:
Իհարկե, այս ինֆորմացիոն առիթը ուռճացված էր, բայց այն օգնեց լուրջ բացահայտումներ անել Հայաստանի վերնախավի շրջանում:
Օրինակ՝ հասկանալ, թե իրականում ինչու է ակտիվ մեդիա անձ դարձել ԿԳ նախարարը, որն անընդհատ մեկնաբանում ու ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու հռչակելու հակափաստարկների քողի տակ առաջ է տանում մի այլ գաղափար՝ ռուսերենը հարկավոր է զարգացնել և խորացնել:
Նախարար Լևոն Մկրտչյանը «Մշակվում է ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգ» վերնագրված հարցազրույցում ասել է. «Ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ռուսաց և մյուս օտար լեզուներով խորացված ուսուցում ապահովենք հատկապես մասնագիտական մակարդակով»:
Հետո ավելացրել է. «Կունենանք ընդհանուր լեզվական կոնցեպցիա, որը պիտի զարգացնի եւ ուշադրություն դարձնի օտար լեզուներին, նախևառաջ ռուսերենին և մեկ եվրոպական լեզվի»:
Կարելի է ասել, որ արժեր այս մեծ մեդիա խարույկը բոցավառել, որ հասկանալի դառնար, թե ինչ է ուզում նախարարը:
Հիմա մենք հեռուստատեսային արտադրանքի ու կինոֆիլմերի հսկայական տոկոսը սպառում ենք ռուսերենով (օրենքի կոպիտ ու ավանդական դարձած խախտումով), կենցաղում հանդիպում հիմնականում ռուսերենով շարադրված ցուցանակներ, ճաշացանկեր և գնացուցակներ (մտեք սուպերմարկետներ և կտեսնեք, որ գնված ապրանքները նշված են բացառապես ռուսերենով):
Հանրային հաղորդակցության և դպրոցական համակարգում ռուսերենը վաղուց արդեն փաստ է: Այն սկսում են ուսուցանել երկրորդ դասարանից:
Եվ հիմա հերթը հասել է մասնագիտական մակարդակին: Այսինքն՝ կենցաղն արդեն ամբողջությամբ ընտելացրել է մեզ ռուսերենին, իսկ մասնագետներ կան, որ դեռ հայերենի բեռի տակ են:
Անընդհատ խոսելը, թե ռուսերենը մոտ է հայերի մենթալիտետին, կարծես դարձել է կրթության նախախարների առաքելությունը: Այդ մասին ասում էր նաև Արմեն Աշոտյանը:
Եվ թող չթվա, թե փոքր ինֆորմացիոն առիթները խաթարում են մեդիա դաշտի աշխատանքը: Առաջին հայացքից այդպես է, բայց եթե ավելի խորը նայենք, դրանք ջրի երես են հանում ոչ ցանկալի կամ էլ անգամ՝ վտանգավոր գաղափարները, որոնց համար ճանապարհ է հարթվում:
Ռուսերենը պետական և պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի երկու պետություններում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսում (բելառուսերենի հետ): Նաև երկրորդ պետական լեզու է համարվում չճնաչված կամ մասնակի ճանաչված պետություններում՝ Հարավային Օսիայում, ինքնահռչակված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդավարական հանրապետություններում:
Որոշ պետություններում (Ղազախստան, Ղրղզստան, Աբխազիա) ռուսերենը համարվում է պաշտոնական լեզու: Իսկ, օրինակ, Տաջիկստանի սահմանադրության համաձայն՝ ռուսերենն ունի «միջազգային շփման լեզվի» կարգավիճակ և գործածվում է հիմնականում օրենսդրական դաշտում: Ուզբեկստանում էլ թույլատրվում է ռուսերենով կազմել տարբեր քաղաքացիական ակտեր:
Լատվիայում, որտեղ ռուսական և ռուսախոս բնակչությունը մեծ տոկոս է կազմում, ռուսերենը հատուկ կարգավիճակ չունի:
Հայաստանում ռուս բնակչությունը շատ ավելի քիչ է, քան այլ ազգային փոքրամասնություները:
Իսկ ռուսաստանյան կրթական ու գիտական դաշտը հաստատ առաջատարներից չէ, և ռուսերենի մասնագիտական խորը ուսուցումը մեզ չի տանի դեպի զարգացում: ՀՀ ԿԳ նախարարը հաստատ գիտե դա, բայց հիմա լավ առիթ է ստացել խոսելու ռուսերենի խորացման ու զարգացման մասին, երբ կա մտավախություն, որ այն կարող է երկրորդ պետական լեզուն դառնալ Հայաստանում:
Փոքր չարիքը ավելի գերադասելի է, քան մեծը:
Մեդիան օգնեց նախարարին առաջ տանել Հայաստանի քաղաքացիների համար անհեռանկար մի նախաձեռնություն, որը կայուն ու վստահելի պայմաններում անհնար կլիներ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: