Հայերենի գետտոյացման ազդակները շատանում են

29.11.2013, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Կար ժամանակ, երբ հնչում էին մտահոգություններ ու կոչեր, որ հարկ է անհապաղ պաշտպանել հայոց լեզուն տարաբնույթ վտանգներից ու պղծումներից: Որ ժամանակն է սանձել հատկապես մեդիայում տեղ գտած լեզվական ամենաթողությունը՝ արտահայտված սերիալների հերոսների խոսելաոճում ու որոշ առցանց լրատվամիջոցների կիսագրագետ գործածմամբ:

Այդ քննադատություններին հայոց լեզուն բավականին սառնասիրտ էր դիմադրում, թերևս, այն պատճառով, որ բոլոր լեզուներն էլ ոչ այնքան պաշտպանական շրջանակների ու արգելքի, որքան նոր հարթակներում հայտնվելու, զարգանալու, ճյուղավորվելու ու հարստանալու առիթների կարիք ունեն:

Լեզուն ինքնամաքրվող օրգանիզմ է, և եթե ուզում ես նրան սպանել, բավական է զտել ու թանգարանային նմուշ դարձնել այն: Ու վրան էլ գրել «մաքրված և պաշտպանված է»:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայերենը մաքրելու ցանկությունն արդեն արդիական չէ, քանի որ վրա է հասել մեկ այլ ցանկություն. հասկանալու, թե մինչև երբ, որտեղ և ինչպես կարող է գոյատևել հայերենը, այն դեպքում, երբ լեզվի գետտոյացման գործընթացը սկսված է:

Կարող ես գնալ սրճարան ու պարզել, որ քեզ առաջարկում են մենյու բացառապես ռուսերենով (ասելով՝ կներեք, բայց մեզ մոտ այդպես է), խանութներից շատերում ոչ միայն անվանումը, գնացուցակը, այլև քո գնած ապրանքների կտրոնը հայերեն չէ (գուշակեք առաջին անգամից, թե որ լեզվով է) և այլն:

Դրանք միայն առաջին հայացքից են մանրուքներ, քանի որ մեդիալ, կոմունիկացիոն գործիքը լեզուն է, որով կարդում ու գրում ենք: Նույնիսկ մեր մտքերը լեզու ունեն, լիակատար մեկուսացման պայմաններում ինքներս մեզ հետ խոսում ենք լեզվի օգնությամբ:

Իհարկե, հայերենի գետտոյացման ազդակները վաղուց կային: Հայաստանի անկախության ընթացքում մենք ընտելացանք, որ ֆիլմերը թե՛ կինոթատրոններում, թե՛ հեռուստատեսությամբ դիտում ենք ոչ հայերենով, ոչ հայերենով ենք կարդում համաշխարհային գրականությունը, քանի որ դուբլյաժի ու թարգմանության վրա գումար ծախսելու պահանջը ստորադասվում է այլ պահանջներին (շենքեր, պողոտաներ կառուցելուն, օրինակ):

Իսկ մեր երեխաներն էլ դպրոցներում գիտությունների հիմունքներին ծանոթանում են անորակ (անգամ ծաղրական) հայերենով:

Հայերեն բովանդակությունը վաղուց էր պակասում, բայց դրա հետևանքները զգացնել տվեցին ավելի ուշ: Հիմա:

Հայերենով չարտահայտված որակյալ բովանդակությունը (գրքերի, ֆիլմերի, հաղորդումների տեսքով) հանգեցրեց նրան, որ հայերենը նեղացրեց իր ազդեցությունն ու հյուծվեց՝ ունակ չլինելով օգտագործել իր ներուժը՝ զարգանալ, ճկվել, թարգմանել ու թարգմանվել, նոր բացահայտումների ու նոր սխալների առիթներ դառնալ, կենդանություն տալ նոր հասկացություններին:

Միգուցե դա էլ վերջը չէ:

Ամեն դեպքում շատերը սարսափելի բան չեն տեսնում, որ ՀՀ կրթության ու գիտության նախարարի շուրթերով հայտարարվում է, որ հայ երիտասարդները «ռուսերենի» կարիքն ունեն, իսկ ռուս պաշտոնյան էլ ԱԺ-ում պահանջում է Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալ:

Սարսափելի բան չեն տեսնում, որ ՀՀ ներկայիս կառավարությունը որոշում է  զգալի գումար նվիրաբերել մի հեռուստահաղորդման, որտեղ լուրջ մոտիվացիա ունեցող հայերը հարցեր են քննարկում ու պատասխաններ որոնում ռուսերենով:

Խորհրդային տարիներին էլ հայոց լեզուն Հայաստանում որոշակի շրջափակման մեջ էր: Այն կար, իհարկե, բայց, ինչպես ասում են, հարգված չէր այնքան, որքան ռուսացը, որը, լինելով «կենտրոնի» լեզու, շարքային հայի համար ավելի գայթակղիչ էր ապագա կարիերայի տեսանկյունից (և ընդհանրապես...):

Կենտրոնի կարոտը այդպես էլ չմարեց, ընդամենը աննշան խթան էր պետք, որպեսզի ռուսերենը կրկին համարվի ավելի հեռանկարային, քան հայերենը:

Չի ստացվի ազատ լինել (թեկուզ ներքուստ)՝ հաղորդակցվելով օտար լեզվով: Դա փաստ է, որի ապացույցները դարերի ընթացքում բանաձևի են վերածել շատ ժողովուրդներ:

Օտար լեզվով կարող ես միայն սպասարկել, քանի որ այլ լեզուներով գրված քո տեքստերը, հաղորդումներն ու շարադրված մտքերը հարստացնում են ոչ թե քեզ, այլ տվյալ լեզվով աշխատող ինստիտուցիաներն ու տվյալ լեզվի կրողների ինքնասիրությունը շոյում:

Իսկ դու՝ քո հաղորդումներով ու տեքստերով, մնում ես լուսանցքում, «կերակրողի» դերում: Ֆորպոստում մատուցող աշխատողի կարգավիճակում:

Իհարկե, ֆորպոստը կարող է շա՜տ մեծ լինել, աշխատավարձն էլ լավը, բայց երբ մատուցող ես, առնվազն տարօրինակ է հայտարարել, որ ոչ թե մատուցող ես, այլ հույժ իմաստուն գաղտնի գործակալ, որը ժամանակավորապես ստիպված է մատուցողի գոգնոց կապել, բայց երբ պահը գա, միանգամից այն կհանի ու կսկսի սեփական գործը սեփական պատկերացումների համաձայն զարգացնել: Դա ինքնախաբեություն է:

Պատվերն առանց դիմադրության (թեկուզ ներքին) կատարելը մեծ ունակություններ չի պահանջում, պատվերը ձևակերպելն է բարդ: Մանավանդ՝ երկարատև, քայլ առ քայլ իրագործվող ու տարբեր մակերեսների վրա դրոշմվող պատվերը:

Հայաստանի իշխանությունները փորձում են քարոզել, որ օտար լեզուն միայն օգուտ է մեզ, իսկ ադրբեջանական իշխանությունները հենց հայերենով են հեռուստաալիք ստեղծում և հայախոս աշխարհով մեկ սփռում իրենց ուզած տեսակետը:

Միգուցե մտածում ենք, որ այս անգամ բախտը մեզ կժպտա՞ ու կհաջողացնենք գոնե կիսաազատ լինել:

Չի հաջողվի, մատուցողներն ու սպասարկողները ազատություն ունեն միայն երազներում: Իսկ առօրյայում սպասում են թեյավճարի:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?