2016.07.18,

Քննադատ

Քաղաքը շուտ էր արթնացել, մեդիան մի քիչ ուշացավ

Հեռուստաալիքներն ամենաուշն «արթնացան»

Կոմունիստների ժամանակ լուրը լուր չէր: Բայց առավելությունն այն էր, որ մարդիկ սովոր էին պայմանականությունների համակարգին և, օրինակ, եթե հեռուստատեսությունն սկսում էր հանկարծ սիմֆոնիկ երաժշտություն հաղորդել, մարդիկ գիտեին՝ արտառոց բան է պատահել: Մեր ժամանակներում համարում ենք, որ պայմանականություններ չկան, և որևէ արտառոց բան պատահելու դեպքում առաջինը հեռուստացույցի տեղական ալիքներն ենք պտտում (մի ասեք՝ ինտերնետային դարաշրջան, վկան՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անցկացված հարցումները):

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Երևանում Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ու պատանդառությանն անդրադարձները հայկական հեռուստատեսային եթերում սկսվեցին դեպքից մոտ 8 ժամ անց: Հասկանալի է՝ օրը կիրակի էր, ամառային, բոլորս էլ նման օրերին ուշ ենք արթանանում, երբեմն՝ ոչ Երևանում, իսկ հեռուստատեսային եթերն ավելի բազմաբարդ է… Այդ դեպքում, ինչպե՞ս հեռուստա և ռադիոընկերություններին հաջողվեց ապրիլի 1-ի լույս 2-ի առավոտյան, երբ ծանր բախումներ էին եղել սահմանին, այդքան արագ կազմակերպվել:

Հուլիսի 17-ի կեսօրից հետո էլ հայկական հեռուստատեսային եթերում դեռ մուլտեր, սերիալներ և շոու-համերգներ էին պտտվում: Լրատվական լռությունը հատուկ թողարկմամբ ժամը 13:45-ին առաջինը ճեղքեց «Շանթ»-ը, 15 րոպե հետո նրան միացան «Արմենիա»-ն և «Հ2»-ը: Կես ժամ անց՝ նաև «Երկիր մեդիա»-ն: Ի տարբերություն մյուս հեռուստաընկերությունների, «Երկիր մեդիա»-ն, ամեն դեպքում, իր կայքէջում շատ ավելի վաղ էր սկսել լուսաբանել արտառոց իրադարձությունը, և եթեր մտավ սեփական, առաջին ձեռքից տեղեկատվությամբ նաև: Մյուսները շատ զգուշավոր էին՝ զուտ պաշտոնական տեղեկատվությամբ, իսկ որպես «քիչ առաջ» ստացված լուր մատուցված հաղորդագրություններն առցանց լրատվամիջոցները վաղուց արդեն տարածել էին:

Պաշտոնական լրատվականները լուռ էին

Վաղ լուսաբացից մայրաքաղաքի (այդ թվում՝ Կենտրոնի) որոշակի փողոցներով ահազանգող բարձր ազդանշաններով պարբերաբար սուրում էին ռազմական ոստիկանության մեծաթիվ ծանր մեքենաները: Չնայած սիմֆոնիկ երաժշտությունը հասարակության ականջին ավելի հաճելի է, բայց մոտավորապես մինչև ժամը 9-ի կողմերը քաղաքի շատ հատվածներում բնակչությունը լուր ստացավ միմիայն պայմանականության սզբունքով՝ ոստիկականական սուրացող մեքենաներից. վատ բան է կատարվում:

Լուսաբացից դեռ սկսեցի փորփրել համապատասխան գերատեսչությունների ինտերնետային լուրերը: Ոստիկանության պաշտոնական կայքէջի վերջին լուրը նախորդ օրվանն էր՝ ամրագոտիները կապելու հորդորով, որը հուլիսի 18-ի կեսօրից հետո դեռ ամենաթարմն է: Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում նույնն է: Նախագահի կայքէջի վերջին լուրը, մինչև հուլիսի 17-ի երեկոն, նույնպես նախորդ օրվանն էր՝ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղ մեկնելու մասին: Ազգային անվտանգության կայքէջում նույնպես հին լուրեր էին՝ մինչև կեսօրին նախորդած ժամերը, ապա գերատեսչական այս կայքն սկսեց ոչ հաճախակի պարբերականությամբ թեկուզ՝ հաղորդագրություններ տեղադրել:

Առաջինները

Իրադարձության մասին առաջին տեղեկությունները տարածեցին առցանց լուրերի կայքերը, հիմնականում՝ թերթերի:

Նրանք հեռուստառադիոյի եթերի համեմատ շատ ավելի վաղ «արթնացան»՝ բուն իրադարձությունից 3-4 ժամ անց: Չնայած՝ նրանց տարածած առաջին լուրերը զինված խմբի ամբողջական հայտարարություններն էին:

Հայաստանի մեդիայի առօրեական լրահոսում էլ միշտ կա այս խնդիրը՝ պաշտոնական հաղորդագրություններն ու տարբեր ուժերի հայտարարությունները տարածել նույնությամբ և ոչ թե դրանցից պրոֆեսիոնալ լուր պատրաստել: Դրա առաջին հետևանքն այն է, որ այդ դեպքում դու հանդես ես գալիս ոչ թե որպես լրատվամիջոց, այլ լրատվամիջոցդ նույնացնում ես տեքստը պատրաստածների հետ:

Առավոտյան ժամը 10-ը չկար, երբ տեղեկատվական վակուումն ամրապնդվեց Ֆեյսբուքի՝ ժամանակավոր անջատմամբ:

Ուղիղ տեսահեռարձակման առաջատարն «Ազատություն»-ն ու «Ա1+»-ն էին

Ուղիղ հեռարձակմամբ առաջինը եթեր մտավ «Ազատություն»-ը և առցանց աշխատող մի քանի կայքերի, ինչպես նաև իրեն երկրորդած «Ա1+»-ի հետ սկսեց որոշակիորեն լցնել գոնե ինտերնետային լսարանի լրատվա-դիտողական պահանջը:

Զարգացող իրադարձությունների լուսաբանման ժամանակ թերություններ միշտ էլ լինում են: Եվ ցանկացած լրատվամիջոց իր առօրյա աշխատանքում մարզանքի պես մի բան է անում՝ ակամայից պատրաստվելով արտառոց իրադարձությունների ժամանակ շատ արագ կազմակերպվելուն:

Սակայն թեթևակի թերացումներ, որոնք կարող էր և չունենալ, «Ազատություն»-ն էլ ունեցավ: Սարի թաղի կամրջի մոտից հաղորդող թղթակիցն ու օպերատորն, իհարկե, դժվար պահերին ճիշտ գործելու, մասնագիտական պարտքը հնարավորինս մինչև վերջ կատարելու լավ տպավորություն թողեցին (երբ ոստիկանության պաշտոնյաները հորդորում էին հեռանալ շենքի տանիքից): Սակայն օրվա ընթացքում ուղիղ հեռարձակումների երկար «լռությունները»՝ հավաքվածների առօրեական խոսքուզրույցով, կարծում եմ, այնքան էլ կազմակերպված աշխատանքի արդյունք չէր (ուղիղ հեռարձակման տեսագրությունների տակ պակասում էր որևէ մակագրություն, որ սա արդեն ուղիղ չէ, և երբ է եղել):

Տեղում աշխատողների թիկունքին չերևաց խմբագրակազմի աշխատանքը, որը պետք է բեքգրաունդներ, թեմային առնչվող հին, բայց կարևոր տեղեկություններ պատրաստեր եթերում աշխատող գործընկերների համար:

Լրատվական տեսախցիկը «ժուչոկ չէ» և ոչ էլ «անվտանգության՝ նկարահանող սարք», ոչինչ տեղի չունենալու դեպքում կարելի է անջատել հեռարձակումը և իրադարձության մասին որևէ բովանդակատար նյութ կրկնել՝ պատրաստ լինելով ցանկացած զարգացման դեպքում ուղիղ եթեր մտնելուն:

Քրոնիկ սայթաքումներ, որպիսիք առօրյա եթերում էլ կան

«Եթե ես գիտեմ, ուրեմն բոլորն էլ գիտեն» սկզբունքով աշխատելը լրագրողի և լրատվամիջոցի համար ճիշտ չէ: Հուլիսի 17-ի այն ժամերին, երբ բուն զարգացումներ գրեթե չկային, չէր խանգարի հանրությանը պատմել, թե ովքեր են զինված հարձակում գործածները և այլն: Չեմ ասում՝ փառաբանել նրանց կամ հակառակը՝ ոչնչացնել. նրանց կենսագրություններում այնքան հաստատ փաստեր կան, որոնցով հանգիստ կարելի էր լցնել ուղիղ հեռարձակման հաղորդավարային դադարները, մյուս կողմից՝ տեղեկացնել լսարանին:

«Եթե ես գիտեմ-ից» մի օրինակ էլ լսեցի Երևանի Ազատության հրապարակից ուղիղ ռեպորտաժում. թղթակիցը պատմում էր, թե ինչ արեց կամ ինչ արեցին Անդրեաս Ղուկասյանին և Շահեն Հարությունյանին: Իսկ ովքե՞ր են նրանք. ես՝ ամենաանտեղյակ սպառողս, չգիտեմ, երկու բառով չպիտի՞ ասվեր, թե ովքեր են:

Լեզվա-իմաստային մի կրկնվող սխալ էլ՝ գերին պատանդը չէ, և պատանդը գերին չէ:

Ռուզան Խաչատրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Քաղաքը շուտ էր արթնացել, մեդիան մի քիչ ուշացավ”
  1. Vruir says:

    H3
    H3-@ arden 12-ic sksec ir hatuk toxarkumner@ lureri u amenaarajin@

  2. Ruzan says:

    Հարգելի Վրույր, հուլիսի 17-ին
    Հարգելի Վրույր, հուլիսի 17-ին տարբեր ալիքներ շուռ տալիս ձեր արտակարգ թողարկումն իր կարճության պատճառով երևի աչքիցս վրիպել է: Մենք ստուգեցինք, ամեն դեպքում, դուք մի քիչ առաջ եք տանում ձեր առաջին հատուկ թողարկման ժամը. դա երեկ եղել է 13:3Օ-ին:Դա չնայած շատ մեծ բան չի փոխում, բայց ընդունում եմ, որ ՙՇանթից՚ 15 րոպե առաջ և դեպքից մոտ 8 ժամ անց առաջինը Հ3-ն է ճեղքել հեռուստատեսային լրատվական լռությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *