2016.06.28,

Քննադատ

Նամակ երաշխավորագիր` Հռոմի պապի այցին հեռուստացույցով հետևելու համար

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի` Հայաստան այցի օրերին հումորի զգացում ունեցող գործընկերս «Ազատություն» ռադիոկայանից ֆեյսբուքում լուսանկարներ էր հրապարակում՝ մեկ հեռվում օդանավն էր, մեկ՝ Գյումրիի Վարդանանց հրապարակը, մեկ էլ շատ ավելի հեռվում՝ Խոր վիրապը և այլն: Եվ այս լուսանկարներն ուղեկցվում էին այսպիսի գրառումներով. «Շարունակում ենք ՇԱՏ մոտիկից լուսաբանել Պապի այցը»:

«Ա1+»-ի թղթակիցն ուղղակի գրեց. «Ֆրանցիսկոսի այցը լուսաբանելու համար հավատարմագրված հայաստանցի լրագրողի աչքերը չեն ասի, որ Պապին տեսել են անձամբ. Հայաստանում մահկանացուների հետ Պապի շփումն ամեն կերպ սահմանափակված էր»:

Ավելի ստույգ՝ գրեթե բոլոր զանգվածային միջոցառումներին, որոնց մասնակցեց Հռոմի պապը, մշտապես ներկա լինելու արտոնություն ունեին բացառապես անձնական լուսանկարիչները և օպերատորները:

Մինչդեռ ԱԳՆ-ում չհավատարմագրված այն թղթակիցները, որոնք մայիսի 16-ից հայտարարված կարգի համաձայն՝ հայտ էին ներկայացրել Պապի այցը լուսաբանելու համար՝ էլ անձը հաստատող փաստաթղթի սքան արված տարբերակ էին ներկայացրել, էլ լուսանկար, էլ նամակ-երաշխավորագիր լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ ու կնիքով …

Արդյունքում նրանց մեծ մասը Հռոմի պապի այցին հետևեց հեռարձակմամբ: Եվ ինչպես վկայում էին հավատարմագրված լրագրողները՝ հավատարմաքարտը պետք եկավ հազիվ մեկ-երկու անգամ:

Հունիսի 24-ի այցելությունից մի քանի օր առաջ հրապարակվեց ուղեցույցը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան այցը լուսաբանելու համար, որից պարզ էր դառնում.

Ա. Դիմավորման արարողությանը Զվարթնոց միջազգային օդանավակայանում կարող են ներկա լինել «ՄԻԱՅՆ անձնական լուսանկարիչները և օպերատորները կկարողանան մուտք գործել այդ տարածք»:
Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հանդիպմանը Էջմիածնի Մայր Տաճարում «վիդեո և ֆոտո նկարահանումներին թույլատրվելու են միայն ԱՆՁՆԱԿԱՆ օպերատորները և լուսանկարիչները»:

Գ. Ողջույնի արարողություն ՀՀ Նախագահի նստավայրում «միայն անձնական լուսանկարիչները և տեսանկարահանողները կարող են աշխատել Նախագահի նստավայրում»:

Դ. Հանդիպում Հայոց եկեղեցու պատվիրակությունների հետ. «Լուսաբանումն իրականացվելու է ՄԻԱՅՆ անձնական լուսանկարիչների և օպերատորների կողմից»:

Ե. Այցելություն Խոր Վիրապ. «Տեղում վիդեո և լուսանկարահանումների հնարավորություն ՉԻ լինելու»:

Դեռ լավ է, որ բացի «անձնականներից»՝ այլ լուսանկարիչների ու օպերատորների թույլատրվում էր խմբերով քսանական րոպե նկարել ու հետո դուրս գալ, որ տեղը զիջեն մյուս խմբին:

Իսկ թե ինչ պետք է անեին թերթերի, կայքերի ու ռադիոկայանների լրագրողները՝ հունիսի 24-ի առավոտյան հրավիրված ասուլիսում բարեկամաբար խորհուրդ տվեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը. «Գրող լրագրողները այսօր պետք է նստեն հեռուստացույցի առաջ»:

Բազմիցս շեշտվեց, որ ամեն ինչ հեռարձակվելու է՝ ինչը ճիշտ էր: Սակայն փաստորեն ունկնդիրները և հեռուստադիտողները տեսան միջնորդավորված ու ոչ այնքան կենդանի՝ գրեթե մի աղբյուրից մատուցված պատկեր ու ձայն: Նաև ասվում էր, թե մյուս օպերատորները շարժվելու հնարավորություն չեն ունենալու՝ ամենալավ կադրերն ունենալու են միայն պաշտոնապես հեռարձակողները:

Գուցե նման սահմանափակումները թելադրել էր հրավիրյալ կողմը: Լսել եմ, թե Հռոմի պապի անվտանգության համակարգն ավելի խիստ է, քան անգամ շատ նախագահների պարագայում է: Սակայն չնայած դրան՝ Պապը սաստում էր իրեն հավատացյալներին մոտենալ չթողնող անվտանգության աշխատակիցներին, կամ նրանց արգելքներին հակառակ՝ օրհնություն էր ընծայում իրեն դիպչել փորձող երեխային: 

Վստահաբար՝ այս խտրականությունը «անձնական» և այլ լրատվամիջոցների, ու առավել ևս՝ գրող ու հեռարձակող լրատվամիջոցների միջև պարտադրանք չէր, այլ գերազանցապես սեփական նախաձեռնություն: Ու սրա գլխավոր ապացույցն այն է, որ Պապի այցի մասին ազդարարող ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի և այլ կազմակերպիչ պաշտոնյաների ասուլիսին արդեն իսկ դրսևորվել էր այդ խտրականությունը, ու չէին հրավիրվել «գրող լրագրողները»:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Նամակ երաշխավորագիր` Հռոմի պապի այցին հեռուստացույցով հետևելու համար”
  1. Մանե says:

    Սթենդափ forever
    Այս միջոցառման համար նախատեսված «սթենդափ» կետերը գտնվելու են Երևանի մամուլի կենտրոնի 16-րդ հարկում, որի հետևի տեսարանում կլինի Հանրապետության Հրապարակը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *