hogekan_arhoghjowtyownlowsabanelis

Հոգեկան խնդիրներ ունեցող մարդու արժանապատվությունն ավելի զգայուն ու խոցելի է, քան մյուսներինը: Առավել ևս, որ նրանցից ոմանք ի վիճակի չեն պաշտպանելու իրենց իրավունքները. նման դեպքերում պաշտպանիչ այդ գործառույթն ինչ-որ չափով նաև լրագրողներն են իրենց վրա վերցնում:

Բայց լրագրողական այդպիսի յուրաքանչյուր անդրադարձ չափից դուրս մանրակրկիտ փաստական ուսումնասիրության վրա հիմնված լինելու կարիք ունի: Լրագրողը պետք է գոնե ընդհանուր գիտելիք ունենա ոլորտի մասին, կարիքի դեպքում դիմի մասնագետների, իրավասու անձանց խորհրդատվությանը: Ամենակարևորը, իր ամեն ձևակերպման մեջ շատ զգույշ պետք է լինի լրագրողը՝ մարդու արժանապատվությունը չվիրավորելու, ինչպես նաև իրադրությունը ճիշտ ներկայացնելու համար:

Ահա մի քանի ելակետային խորհուրդներ, որոնք կարող են քիչ թե շատ օգնել լրագրողներին՝ հոգեկան խնդիր ունեցող մարդու մասին նյութ պատրաստելիս:

Արժե՞ հրապարակել

  • Եթե նյութ հրապարակելու նպատակը պարզապես հանուն դիտելիության «թամաշան» է, և լրագրողը փողոցում պատահաբար է նման մարդու հանդիպել՝ լուսանկարել, ձայնագրել կամ տեսագրել, դա ամենավատ բանն է, որը կարող է իրեն թույլ տալ լրագրողը: Ավելի ճիշտ՝ ուրեմն նա լրագրող չէ:
     
  • Եթե նման դրվագ պատահել է որևէ միջոցառում լուսաբանելիս, և եթե այդ միջոցառման տիրույթից դուրս է ընկնում դրվագը, կամ դա միջոցառման ընթացքն արմատապես չի փոխել, չարժե հրապարակվելիք նյութում ներառել այդ դրվագը:
     
  • Ամեն դեպքում, եթե դրվագը հրապարակելը մասնագիտական տեսանկյունից անհրաժեշտություն է, ցանկալի է, որ չհնչի այդ մարդու անունը, իսկ դեմքը ճանաչելի չներկայացվի հրապարակվող նյութում (օրինակ` փակված լինի, ֆոկուսից անճանաչելիորեն դուրս բերված կամ նկարված՝ ընդհանուր պլանով):  
     
  • Եթե կասկածներ կան, որ այդ մարդու հետ կապված իրավական, առողջապահական, հանրային նշանակության և այլ խնդիրներ կան, պետք է հարցն ուսումնասիրել շատ խորը, բազմակողմանի, իսկ նյութը չափից դուրս խնամքով պատրաստել, որպեսզի ո՛չ ճշմարտությունը տուժի, ո՛չ էլ որևէ մեկի արժանապատվությունը:
     
  • Եթե լրագրողը թեկուզ փոքր կասկած կամ անգամ դեռևս չստուգած փաստ ունի, որ տվյալ մարդը հոգեկան խնդիր ունի, չպետք է տուրք տա սարքովի սենսացիայի մոլուցքին և չպետք է այդ մարդուն զրույցի հրավիրի՝ պատմելու իր խնդիրների մասին: Նման դեպքերում առաջին հերթին տվյալ մարդու արժանապատվությունն է տուժում, որքան էլ լրագրողը ձև անի, թե իրականում փորձում է պաշտպանել այդ մարդու իրավունքները:
     
  • Լրագրողը չպետք է առիթից օգտվի, որ հոգեբույժը՝ բժշկական գաղտնիք չհրապարակելու պարտավորությամբ դրդված, իր հասցեին հնչած ամենածանր մեղադրանքին անգամ կարող է չպատասխանել:

Պիտակավորումից՝ զերծ

  • Ընդմիշտ պետք է հրաժարվել հատկապես մեր հանրության շրջանում տարածված՝ բացասական պիտակներից, որոնք չարժե այստեղ մեկ անգամ ևս թվարկել. բոլորը դրանք լավ գիտեն:
     
  • Հոգեբուժական օգնության մասին ՀՀ օրենքում կան հասկացություններ, որոնք եթե նույնիսկ չփոփոխվեն էլ, լրագրողն իր նյութերում իրավունք ունի դրանք փոխարինելու մարդու արժանապատվությունը չնսեմացնող բնորոշումներով:
     
  • ՀՀ օրենսդրության առնվազն վիճելի այդ հասկացություններից են՝ «հոգեկան խանգարումով տառապող մարդ», «հոգեկան հիվանդ»: Ցանկացած դեպքի համար լրագրողական նյութերում քիչ թե շատ նախընտրելի է «հոգեկան խնդիր ունեցող» բնորոշումը:

Բժշկական գաղտնիքը հրապարակե՞լ, թե ոչ

  • Մարդու հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկությունները բժշկական գաղտնիք են և հատուկ կատեգորիայի՝ բարձր պաշտպանություն ունեցող անձնական տվյալներ:
     
  • Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են հոգեկան խնդիր ունեցողին և նրա օրինական ներկայացուցչին (ՀՀ օրենքը հոգեբուժական օգնության մասին):
     
  • Այդ տեղեկության աղբյուր բժիշկը կամ տեղեկությանը տիրապետելուն իրավասու այլ մեկը կարող է պատասխանատվության ենթարկվել բժշկական գաղտնիք հրապարակելու համար, եթե առկա չեն այն հիմքերը, որոնց դեպքում արգելված չէ նման տեղեկության հանրայնացումը:
     
  • Նման տեղեկություն լրագրողը կարող է հրապարակել, եթե ունի այդպիսի խնդիր ունեցողի կամ նրա ներկայացուցչի համաձայնությունը, կամ եթե այդ տեղեկությունը հրապարակելը բխում է հանրային շահից՝ որևէ այլ մեկի, ինչպես նաև հանրության անվտանգության, առողջության հետ կապված սպառնալիքը կանխելու անհրաժեշտությունից:
     
  • Հարկադիր հոսպիտալացման անհրաժեշտության դեպքում հոգեբուժական հաստատությունը նման տեղեկությունը կարող է փոխանցել դատարանին՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար: Դրական որոշման դեպքում դատարանն այն ուղարկում է ոստիկանություն, որպեսզի կատարվի հարկադիր հոսպիտալացումը:
     
  • Հարկադիր հոսպիտալացման որոշումը կայացնում է հոգեբուժական հանձնաժողովը, եթե տվյալ մարդը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, կամ բուժում չիրականացնելը կարող է վատթարացնել նրա առողջական վիճակը:
     
  • Հոգեբուժական կազմակերպության տնօրենը որոշումը հանձնաժողովում ընդունվելուց հետո 72 ժամի ընթացքում դիմում է դատարան՝ հարկադիր բուժման թույլտվությունը ստանալու համար:
     
  • Դատարանը կարող է նաև վճիռ կայացնել կասկածյալի անմեղսունակության մասին՝ մասնագետների եզրակացության հիման վրա: Հոգեկան որոշակի ծանրության խնդիրների դեպքում կասկածյալն անմեղսունակ է ճանաչվում և արարքի համար համապատասխան պատժից ազատվում է, բայց հոսպիտալացվում է՝ բուժման նպատակով: Դատարանի նման որոշումները կարող են նաև հրապարակային լինել:

Լրագրողն իրավունք չունի հոգեբույժի դեր ստանձնելու

  • Եթե լրագրողը հոգեբույժ չէ, ոչ մի դեպքում իրավունք չունի իր նյութում կամ հրապարակային այլ հարթակում «ախտորոշում դնելու», թե այսինչ մարդն, իր կարծիքով, հոգեկան խնդիրներ ունի կամ հակառակը: (Հայաստանյան լրագրողական նման ռեպորտաժների հետ սոցցանցում հեղինակի այսպիսի ստատուս է եղել տարիներ առաջ՝ «նայեք, թե որքան տրամաբանված է այս աղջկա խոսքը, նա ինչպե՞ս կարող է հոգեկան խնդիր ունենալ»): Նման հարցադրումները պետք է բացառվեն հրապարակային ցանկացած հարթակում, որովհետև, ինչ ուղղությամբ էլ լինեն հետևությունները, միևնույն է, առաջին հերթին տվյալ մարդու արժանապատվությունն են նսեմացնում:
     
  • Մասնագետներն ասում են, որ սիրողական մակարդակով հնարավոր չէ որոշել մարդու հոգեկան խնդիրը՝ ո՛չ նրա արտաքինից, ո՛չ հագուկապից, ո՛չ խոսելու տրամաբանվածությունից:
     
  • Ուրեմն, հոգեկան խնդիրը հնարավոր չէ որոշել լրագրողական հարցազրույցներում, եթե մասնագետը չի վարում դրանք: Եվ, հասկանալի է, որ մասնագետն էլ իր հերթին իրավունք չունի նման զրույցները հրապարակային անցկացնելու:

Հին կարծրատիպերից՝ նոր մտածելակերպ

  • Գեղարվեստական գրականությունն ու ժողովրդական բանահյուսությունը պատկերավոր մտածողության բառապաշարի մեջ կարող են ազատ լինել, բայց լրագրության դեպքում չէր խանգարի հին կարծրատիպերից ազատվելն ու նաև հանրությանը դրան մղելը:
     
  • Կան հաճախ պատահող հոգեկան մանր խնդիրներ, որոնք հեշտությամբ շտկելի են, և մարդու ինքնազգացողությունը դրանց լուծումից անհամեմատ լավանում է՝ դրանով բարելավելով նաև շրջապատի զգացողությունները: Դա մարդու և նրա շրջապատի կյանքի որակը լավացնելու ոչ պակաս կարևոր քայլ է:
     
  • Հին կարծրատիպերը, թե իբր հոգեկան առողջության հաստատությունը գժանոց է, բանտ է և այլն, պետք է չարտահայտվեն լրագրողական հրապարակային նյութերում: Իսկ եթե կասկած կա, որ մարդուն այլ նպատակներով և հանիրավի են հոգեբուժական փորձաքննության կամ բուժման ենթարկում, իհարկե, անպայման հետք է լրագրողական հետաքննություն անցկացնել, ստուգել բոլոր փաստերը և բազմակողմ, հիմնավոր հրապարակում պատրաստել:
     
  • Խնդիր ունեցող մարդը և հանրությունը պետք է իմանան, որ հոգեկան առողջությունը բարելավելն ամոթ բան չէ, նման խնդիրը չհաղթահարելն է անցանկալի: Առավել առաջադեմ հասարակություններում այդպես էլ կա:

Լրագրողի մասնագիտությունն ու հոգեկան առողջությունը

  • Լրագրողի գործը համարվում է ամենասթրեսային մասնագիտություններից մեկը (դրա համար է, որ Հայաստանում, օրինակ, այն դասվել է որոշակի ծանրության մասնագիտությունների շարքում՝ տարեկան արձակուրդին ավելացնելով լրացուցիչ 4 օր):
     
  • Երկարատև լարումից ու հոգնությունից երբեմն հետսթերսային որոշ խնդիրներ են առաջանում, որոնց լուծման հարցում մասնագետը կարող է արագ օգնել՝ հաճախ ընդամենը խորհուրդներով:
     
  • Լրագրողը երբեմն այնպիսի ծանր իրադարձություններ է լուսաբանում, որը կարող է հետտրավմատիկ սթրեսի պատճառ դառնալ: Այս խնդրի ախտանիշները կարող են և տարիներ հետո արտահայտվել: Արևմտյան մեր գործընկերներն են հուշում, որ բոլոր դեպքերում, պատերազմ, ահաբեկչություն, աղետ լուսաբանած լրագրողները ու նման վայրում աշխատած թիմի մյուս անդամները հնարավորինս շուտ պետք է դիմեն հոգեկան վերականգնողական միջոցների համար:
     

Հ. Գ. Խորհուրդների այս ցանկը բաց է՝ փորձագիտական դիտողությունների և առաջարկությունների համար: Սպասում ենք:

Ռուզան Խաչատրյան