2016.05.16,

Քննադատ

«Եվրատեսիլի» անթաքույց քաղաքական հմայքը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Եվրատեսիլ» երգի մրցույթն ամենամեծ լսարան հավաքող հեռուստատեսային արտադրանքներից է, որը Հայաստանում դիտում են գրեթե բոլորը: Լսարանի ծավալի առումով այս ուղիղ հեռարձակման հետ կարող են մրցել, թերևս, միայն ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը, և այն էլ՝ ոչ միշտ:

Այս տարվա «Եվրատեսիլի» հանդեպ ուշադրությունը Հայաստանում հատկապես մեծ էր, քանի որ ունեինք գեղեցիկ ու քաջ պատվիրակ: Իվետա Մուկուչյանը հայտնություն էր շատերի համար. նա ոչ միայն երգել, այլև խոսել ու իրեն արժանավայել պահել գիտեր, ինչն էլ ցույց տվեց ասուլիսների ժամանակ:

Գրավիչ արտաքինով, համարձակ բեմական զգեստ կրող այս երգչուհին հանրային վայրերում հուզական ու վստահ ելույթներ ունեցավ, ինչի շնորհիվ մեծ քանակի երկրպագուներ ձեռք բերեց Հայաստանում: Իսկ դա, թերևս, ամենաբարդն է, քանի որ թե՛ «Եվրատեսիլն» ինքնին, թե՛ հայաստանյան ներկայացուցիչները ամենից շատ քննադատվում են հենց հայրենակիցների կողմից:

Իսկ երբ Իվետա Մուկուչյանը մրցույթի կիսաեզրափակչում ծածանեց Լեռնային Ղարաբաղի դրոշը և հետո մեկնաբանեց իր քայլը, դա գրեթե որպես սխրանք (նույնպես գեղեցիկ) ընկալվեց:

Լուսանկարը՝ asbarez.com-իցԵվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրեց Հանրային հեռուստաընկերությանը, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, կկիրառվեն պատժամիջոցներ: Հնարավոր է, որ հետագա տարիներին Հայաստանի պատվիրակությունը կանգնի որակազրկվելու վտանգի առջև: Ենթադրյալ պատժամիջոցների պատճառով Լեռնային Ղարաբաղի դրոշը եզրափակչում չհայտնվեց, բայց փոխարենը Ստոկհոլմի երկնքում հայտնվեց ինքաթիռ, որի հետևից ձգվում էր KarabaghLoveIveta գրառումը:

Արդյունքում Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց մրցութային սանդղակի յոթերորդ հորիզոնականը ու զգալի բոնուսներով վերադարձավ Հայաստան: Նրան սիրեցին (սեքսուալ ձգողականությունն ու խելացի կեցվածքը անվրեպ համադրություն են):

Բավականին սասանված համբավ ունեցող «Եվրատեսիլն» այս տարի իրոք լավն էր: Եվ խոսքը բնավ էլ երգերի կամ երգիչների մասին չէ, երգերի որակն ու ճաշակը հաճախ տարակուսանք են առաջացնում, իսկ երգիչները՝ տարբեր մոլորակներից ու դարաշրջաններից հավաքված կերպարային թատերախումբ:

Հետաքրքիրը քաղաքական հավակնություններն էին, որոնք այս տարի անթաքույց կերպով դուրս եկան առաջին պլան:

Իհարկե, «Եվրատեսիլը» վաղուց էր ընկալվում որպես տարբեր տրամաչափի քաղաքական ակցիաներ անելու փայլփլուն ու մարդաշատ հարթակ: Ուղիղ եթերի տրամաբանությունը դրդում է օգտագործել այդ շանսը: Ու թեև մրցույթի պաշտոնյաներն անընդհատ հիշեցնում, նախազգուշացնում ու հորդորում են զերծ մնալ քաղաքական հայտարարություններից, դրանով իսկ ավելի են խթանում քաղաքական զուգահեռներ անցկացնելու ցանկությունը:

Այս տարի ամենամեծ քաղաքական ակցիան արեց հենց պաշտոնական «Եվրատեսիլը», որը մրցույթի ամենակարևոր փուլը՝ քվեարկությունը, բաժանեց երկու մասի՝ պրոֆեսիոնալ ժյուրիի ու լսարանի կարծիքների: Դա արվել էր մրցութային ինտրիգը մինչև վերջ պահելու նպատակով, քանի որ նախորդ տարիներին ակնհայտ առաջատարները պարզ էին դառնում արդեն քվեարկության կեսից, ինչն էլ ձանձրալի էր դարձնում հետագա դիտումը:

Այս տարի ինտրիգը պահպանվեց մինչև վերջին րոպեն՝ շնորհիվ այն բանի, որ ժյուրիի որոշումը հաճախ ոչ միայն տարբերվում, այլև հակադիր էր ժողովրդի ընտրությանը:

Ազգային ժյուրիները դարձան քաղաքական պաշտոնական կուրսի հայելին, իսկ նրանց կատարած միավորների բաշխումը նմանվեց դիվանագիտական լեզվով ասած՝ բողոքի նոտայի, քանի որ շատերը միավորներ հանձնում էին ի հեճուկս երաժշտության և հանուն իրենց բարձր քաղաքականության: Եվ չէին էլ թաքցնում դա:

Պարզ օրինակ. Ռուսաստանի ժյուրին ոչ մի միավոր չտվեց Ուկրաինային, իսկ Ուկրաինայի ժյուրին ոչ մի միավոր չտվեց Ռուսաստանին: Մինչդեռ հանրային քվեարկությունը բոլորովին այլ պատկեր բացահայտեց. իրար հետ պատերազմող երկու պետությունների բնակչությունը շատ բարեհամբույր է միմյանց երգիչների հանդեպ:

Ոչ մի միավոր իրար չփոխանցեցին նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Ավելին՝ Հանրային հեռուստաընկերության եթերից ոչ մի անգամ չլսվեց «Ադրբեջան» բառը: Մրցույթը վարող մեր հաղորդավարը ցուցադրաբար խուսափեց տալ երկրի անունն ու ոչ մի կերպ չներկայացրեց Ադրբեջանի դրոշի տակ հանդես եկող երգչուհուն: Ադրբեջանուհու այցեքարտ-բացիկը հայաստանյան եթերում հայտնվում էր լռության ուղեկցությամբ: Ու հաղորդավարը շատ հպարտ էր դրանով ու ինքն իրենով:

Ռուսաստանի մեկնաբաններն էլ ուղիղ եթերում ոչ մի անգամ չհիշատակեցին ուկրաինուհու երգի անվանումը: Երգչուհի Ջամալան, որն էլ հաղթեց այս տարվա «Եվրատեսիլը», ընտրել էր ռադիկալ համատեքստով երգ. նա ողբում էր Ղրիմի թաթարների բռնի տեղահանումներն ու սպանությունները, որոնք տեղի են ունեցել Ստալինի հրամանով: Երգը, որը կոչվում էր «1944», կատարվեց էմոցիոնալ մեծ լարումով ու կրքով՝ դառնալով քաղաքական մանիֆեստի պես մի բան, որը զանգվածային տեղահանումն ու մահերը բերեց ու սփռեց եվրաբեմում:

Իսկ ռուսական հաղորդավարները երգը ներկայացնելով ընդամենը ասացին, որ այն երգչուհու բարեկամների ճակատագրի մասին է:

Քաղաքական պատեհապաշտությունը սողոսկում էր «Եվրատեսիլի» բոլոր ծակերից: Ռուսաստանը հիմա փորձում է վերաշարադրել Ստալինի կերպարը և ցանկացած քննադատություն նրա հասցեին ընդունում սվիններով, քանի որ ցանկություն կա ոչ թե զոհերին հիշելու, այլ սեփական ուժը ցուցադրելու: Եվ Ստալինի կերպարը համարժեք է այդ քաղաքական կուրսին:

Ուկրաինայում համարժեք չէ, այդ պատճառով էլ Եվրոպա է ուղարկվում բոլորովին այլ քաղաքական ուղերձ, որն էլ Եվրոպան շատ արագ յուրացնում է:

Գերմանիայի ժյուրին առավելագույն միավորներ տվեց Իսրայելի երգին, որը, թերևս, ամենատապալվածն էր: Տպավորություն է, որ կրկին ակտիվացել է Հոլոքոստի փաստն ու մեղավորության բեռը: Հայաստանի ժյուրին լավագույնը համարեց Ֆրանսիայի երգը, շատ քիչ միավորներ տվեց Ռուսաստանին և ընդհանրապես միավորներ չտվեց Ուկրաինային: Մինչդեռ հանրային քվեարկությամբ՝ ամենից շատ ձայներ Հայաստանից ստացել էին Ռուսաստանն ու Ուկրաինան:

Այս խառը ու տարօրինակ քվեարկությունը դրամատիկ տարրեր հաղորդեց հեռուստաշոուի ընթացքին: Ի վերջո, ցանկացած մանիպուլյացիա մեկի համար հաղթանակի գրավական է, մյուսի համար՝ խաբկանքի մեջ ընկնելու վտանգ:

Անցյալ տարի Հայաստանը չհասավ հաջողության ցեղասպանությանն առնչվող երգով, քանի որ այդ առնչություններն ու ակնարկները այնքան թույլ, անտեսանելի ու փոխզիջումներով լի էին, որ ոչ ակնարկ էին, ոչ էլ իմաստ (մանավանդ, երբ երգում հայտնվեց «բեյբի» բառը): Իսկ ուկրաինական պատվիրակությունը ավելի խելացի վարվեց. մի հարթության վրա դրեց Ղրիմն ու բռնությունը ու արդիականացրեց այսօրվա պատերազմը: Ավելի ճիշտ՝ նրան թույլ տվեցին անել դա:

Արդիականությունը միշտ հակահարված է ենթադրում: Եվ եթե Իվետա Մուկուչյանը Հայաստանում ակտիվ հանրային դեմք դառնալու լավ հնարավորություններ ունի (սպասելի է, որ նա հիմա շատ հարցազրույցներ է տալու ու հաճախ հայտնվելու է եթերում), ապա Ջամալային ծանր օրեր են սպասվում:

Պատերազմը ոչ միայն ռազմի դաշտում է, այլև մեդիա տարածքում: Ե՛վ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում հիստերիկ տրամադրություններ են: Իսկ լրատվական դաշտը լցված է լրագրողական էթիկայի կոպիտ խախտումների օրինակներով: Կարելի է դիտել այս հատվածը ու ապշել, թե ինչպիսի մանր հարցերով է հիմա զբաղված միլիոնավոր լսարան ունեցող ռուսական լրատվամիջոցը:

Ամեն ինչ որոշում է քաղաքական կուրսը: Ասվել է, որ կարելի է, ուրեմն անում են:

Մեզ, օրինակ, առաջարկվում է դեռ սպասել: Նաև դեռևս անուններ չտալ:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *