2016.05.11,

Քննադատ

Ինչպես անել, որ մամուլի հաղորդագրությունը հասնի հասցեատիրոջը

«Թեմա՝ ցուրտ եղանակների ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա։ Ինչով է պայմանավորված ցուրտ եղանակներին բռնությունների թվի աճը։ Ագրեսիայի դրսևորման հիմնական պատճառները»: «Թեմա՝ արտագնա աշխատանքի մեկնածների վերադարձի ժամանակն է, որքանո՞վ է հավանական սեռավարակների ակտիվացումը»: «Թեմա. սեռական օրգանները մերկացնելու և ցուցադրելու անառողջ միտումներն ու պատճառները»:

Ձեզ թվում է՝ ես հնարե՞լ եմ այս բոլոր թեմաները: Սրանք բոլորն ուղղակի մեջբերումներ են հաղորդագրություններից, որոնք մամուլի ակումբներն ուղարկում են լրատվամիջոցներին՝ հրավիրելով այս կամ այն ասուլիսին:

Խմբագրությունում ամեն անգամ նման հաղորդագրություն ստանալը տոն է ու զվարճանքի անսպառ աղբյուր: Ասենք, առաջին ասուլիսի թեման մեր լրագրողներից մեկին հիմք էր տվել ենթադրության, որ եթե ցուրտ եղանակին իրոք շատանում են բռնաբարությունները՝ փաստորեն պատճառը մարդկանց տաքանալու պարզ ցանկությունն է:

Համընկնո՞ւմ է արդյոք այդ ենթադրությունն իրականությանը՝ այդպես էլ չենք իմանա, քանի որ չենք լուսաբանել ոչ առաջին թեմայով ասուլիսը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը: Դե, մի տեսակ լուրջ չեն թվում նման «տաքացրու, որ կերցնես» սկզբունքով «ըստի համեցեք»-ները:

Իսկ ինչպես անել, որ ձեր հաղորդագրությունը ստիպի լրագրողին անհամբերությամբ սպասել այդ միջոցառման կայացմանը, կամ առնվազն հրապարակել դրա մասին լուրը սեփական լրահոսում:

Վստահ եղեք, որ «Համայցերը շարունակվում են» կամ «Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններ ներկայացնող հարցեր» կարգի ոչինչ չասող հաղորդագրությունները կհրապարակվեն միայն երկու դեպքում

Ա. Եթե այդ լրատվամիջոցն իր լրահոսն ուզում է ամեն րոպե թարմացնել, ու չունի սեփական արտադրանքով դա անելու հնարավորություն (իսկ այդպես լինում է բավական հաճախ):

Բ. Եթե դուք վճարել եք այդ հաղորդագրությունը հրապարակելու համար կամ, եթե տվյալ լրատվամիջոցը ձեր կոլեկտիվ ագիտատորն ու պրոպագանդիստն է:

Հաղորդագրության բովանդակությունից բացի, որ ամենակարեւոր պայմանն է՝ բազմաթիվ են նաեւ տեխնիկական բնույթի խնդիրները այս առնչությամբ:

Նախ, բավական տարածված է դառնում ֆեյսբուքում հաղորդագրություն տեղադրելը: Սա գուցե թե արդարացված եղանակ է՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ են կայքերը, որոնց լրահոսը հագեցած է բացառապես սոցիալական ցանցերից փոխառված գրառումներով: Սակայն պետք է հաշվի առնեք, որ կան նաեւ (ի դեպ, բավական ազդեցիկ ու որակյալ բովանդակություն ապահովող) կայքեր, որոնք կամ ընդհանրապես չեն պատճենում ֆեյսբուքյան գրառումները, կամ էլ դա անում են խիստ հազվադեպ:

Եվ հաշվի առեք, որ ի տարբերություն սոցիալական ցանցերից սնվողների, որոնք հատուկ աշխատակիցներ են առանձնացնում գրառումներին հետեւելու համար՝ այլ կայքերի դեպքում նման բան չկա: Ուստի եթե ՖԲ-ում հրապարակված հաղորդագրությունը հրապարակվի էլ նման կայքերում՝ լավագույն դեպքում, դա կլինի ավելի ուշ, քան եթե հաղորդագրությունն ուղղակի ուղարկվեր ԶԼՄ-ների էլեկտրոնային փոստարկղերին:

Հետո, ո՞վ կամ ի՞նչն է ձեզ ստիպում pdf ձեւաչափով ուղարկել հաղորդագրությունները: Մի՞թե հայտնի չէ, որ այդ դեպքում խիստ դժվարացնում եք հաղորդագրության հետ աշխատանքը՝ այն պատճենելու դեպքում տողերը խառնվում են, բառերն իրար կպնում:

Եթե դուք երբեւէ լսեիք այն թունդ որակումները, որոնք տալիս են թողարկիչները «ուղղված տարբերակ» ուղարկողների հասցեին՝ երբեք դա այլեւս չէիք անի: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ հաղորդագրության վրա աշխատանքից հետո մեկ էլ հոպ՝ գալիս է մեկ այլ հաղորդագրություն, թե կներեք՝ այնտեղ վրիպակ կար, խնդրում եմ, այն հեռացրեք՝ տեղադրեք այս մեկը: 5 րոպե ուշ ուղարկեք, բայց արդեն ուղղված ու վերստուգված տարբերակով:

Նույնչափ ատում են յուրօրինակ սփամ տարածողներին: Իրադարձությունից մի ամիս կամ, լավ, թեկուզ մեկ շաբաթ առաջ սկսում են հաղորդագրություններ ուղարկել դրա մասին, ու դեռ խնդրում հաստատել մասնակցությունը: Ախր, լրագրողը լավագույն դեպքում սեփական անելիքը իմանում է նախորդ օրը՝ ինչպե՞ս կարող է մեկ ամիս կամ նույնիսկ մեկ շաբաթ առաջ իմանալ, թե ինչ անելու այդ օրը:

Ու մեկ էլ չենք սիրում «մուննաթ» եկողներին, թե ինչու չեք հրապարակել մեր հաղորդագրությունը: Լրագրողների հետ պատերազմելը նրանց բարեհաճությունը շահելու լավագույն եղանակը չէ: Եվ եթե ձեր կազմակերպության իրականացրած միջոցառման մասին նյութը գովազդային հիմունքներով չէ, որ հրապարակում եք՝ միայն շնորհակալ պետք է լինեք ԶԼՄ-ից, որն այն տարածում է, ու աշխատեք չդժգոհել, եթե դա չի արվում: Գուցե դա լինի հաջորդ անգամ, եթե նաեւ հաշվի առնեք այս մի քանի խորհուրդները:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Ինչպես անել, որ մամուլի հաղորդագրությունը հասնի հասցեատիրոջը”
  1. Ազատուհի says:

    Հետաքրքիր էր տեղեկանալ այս
    Հետաքրքիր էր տեղեկանալ այս մասին, բայց նաև ցանկալի է կարդալ, թե որ հաղորդա գրությունները խմբագրությանը և լրագրողին անտարբեր չեն թողնի, ինչպես ճիշտ մատուցել:

  2. Նարինե says:

    Շնորհակալություն: Հետաքրքիր
    Շնորհակալություն: Հետաքրքիր ու կարևոր իմֆորմացիա էր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *