2016.05.03,

Քննադատ

Լրագրողներիս խիստ անհրաժեշտ է մեկ այլ մասնագետի՝ հակահետախույզի ընդհանուր գիտելիք

Քառօրյա պատերազմն սկսվելուց ի վեր Հայաստանում ահագնացել է լուրերի սպառումը (պատերազմական թեմաների հաշվին): Բայց ոտքի վրա դիտարկումներն անգամ ցույց են տալիս, որ, դրանով հանդերձ, մեծացել է նաև անվստահությունը լուրերի ճշմարտացիության հանդեպ:

Լրագրողնե՞րս ենք մի քիչ «սուտասան» դարձել, թե՞ սպառողն է հիմա ավելի զգոն՝ քարոզչությունն ու հակաքարոզչությունը, կեսճշմարտությունն ու անգամ՝ լռությունը կասկածամտորեն գնահատելու հարցում:

Պատճառները կարևոր չեն, կարևորն այն է, որ լրատվամիջոցները չկորցնեն իրենց հանդեպ վստահությունը: Այս վստահելիությունն ինչ-որ տեղ ավելի շատ է ազգային անվտանգության անհրաժեշտություն, քան քարոզչությունը կամ հակաքարոզչությունը:

Մյուս կողմից, քարոզչական հարցերը պրոֆեսիոնալ լրագրության հետ աղերսներ չունեն, իսկ ովքեր կոչված են դրան, իրենց գործն անում են:

Լրագրության դեպքում, բացի ստուգված, արագ, անկողմնակալ լուրեր հաղորդելու պարտականությունից` պատերազմական իրավիճակում հատկապես շրջահայաց լինելու սկզբունքն է պարտադիր դառնում՝ մի՛ վնասիր: Բայց սա չի նշանակում մի կողմ դնել լրագրության ամենօրյա սկզբունքները և հասնել մինչև այնտեղ, որտեղից արդեն սկսվում է լուրերի հանդեպ հասարակության անվստահությունը:

Պատերազմի պայմաններում մի վնասիր-ի դեպի ներս ուղղված սայրը միմիայն նշանակում է՝ մի՛ առաջացրու խուճապային տրամադրություն կամ անհարկի հոգեկան տագնապ, իսկ դեպի դուրս ուղղված սայրը՝ հակառակորդին հասանելի մի՛ դարձրու այնպիսի գաղտնիքներ, որոնք կարող են մարդկային կյանքեր արժենալ, սպառնալ երկրի, բանակի, հասարակության ցանկացած անդամի անվտանգությանը:

Առաջինի նրբություններին շատ լավ տիրապետում են պրոֆեսիոնալ լրագրողները. հեծանիվ հայտնագործելու կարիք այստեղ չկա: Բայց երկրորդի հարցում՝ ոչ մի հստակություն (տե՛ս Աննա Իսրայելյանի հոդվածը):

Հասանք ամենակարևորին, որի պատասխանն ավելի քան մեկ ամիս է, ինչ Հայաստանում փնտրում են բարեխիղճ լրագրողները, խմբագիրներն ու փորձագետները՝ վերջապես որո՞նք են այդ գաղտնիքները: Դրանց՝ օրենքով սահմանված շրջանակը հատուկ լրագրողների համար չէ, և ամենօրյա, ամենժամյա աշխատանքում գործնական բազմաթիվ նոր հարցեր են առաջանում, որպիսիք հստակ պատասխաններ չունեն:

Բայց այդ բոլորը մեկ ընդհանուր հարցի ներքո են՝ պատերազմական գործողության առնչվող այսինչ լուրը, լուսանկարի ֆոնային այսինչ մասը, տեսանյութի այսինչ կադրը… կարո՞ղ են վնասել:

Իսկ ո՞վ է այն մասնագետը, որը լրագրողական համայնքին կօգնի նման գիտելիքի հարցում: Այդ փորձագետը, թերևս, բանիմաց հետախույզն է կամ հակահետախույզը: Այսինքն՝ մեզ պետք է մի վնասիր-ի մասով հետախուզական ընդհանուր գիտելիք. մնացածը տեղում կկողմնորոշվենք:

Շատերը կհիշեն, որ սովետական բուհերում ռազմական ամբիոններ կային և պարտադիր առարկա՝ «ռազմական պատրաստվածություն»: Բանակում չծառայած տղաները ռազմական որոշակի գիտելիք էին ստանում, աղջիկները՝ «պատերազմական» բուժքրոջ: Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողը, սակայն, մեկ այլընտրանք ուներ՝ այդ ամենի փոխարեն անցնել «ռազմական թարգմանություն» առարկան:

Ի՞նչ էր դա իրականում, ինձ այդպես էլ վերջնականապես հայտնի չդարձավ: Այդ խմբում ընդգրկվելու համար, ասված էր, որ պետք էր ընդամենը մեկ բան՝ հաջող քննություն հանձնել կա՛մ անգլերենից, կա՛մ գերմաներենից, կա՛մ ֆրանսերենից: Անգլերենս վատ չէր, դիմեցի, հանձնեցի քննությունս, բայց կտրվեցի: Երբ կուրսում խոսում էինք, թե դիմածներիցս ով է անցել, իսկ ով՝ ոչ, զարմացանք, որ նաև անցել էին օտար լեզու վատ իմացողները, և անբավարար էին ստացել լավ իմացողներից ոմանք:

Կուրսեցիներիցս մեկն այսպես բացատրեց՝ «Չե՞ք նկատում, որ անցել են ռուսները, կտրվել ենք մյուսներս: Մենք այս գործում անվստահելի տարր ենք, որովհետև այստեղ ոչ թե ռազմական թարգմանիչներ են պատրաստում, այլ հետախույզ-լրագրողներ»:

Կուրսեցուս այդ համոզմունքը ճի՞շտ էր, թե՞ ոչ, ամեն դեպքում, բացարձակապես չեմ առաջարկում հետևել կոմունիստական ոճին և լրագրության ֆակուլտետներում հետախույզներ պատրաստել: Բայց առնվազն պատերազմական թեմաներ լուսաբանելուն հակված ուսանողներին այդ ֆակուլտետներում հետախուզական ընդհանուր գիտելիք տալը, կարծում եմ, օգտակար կլիներ (ոչ ուսանող լրագրողներիս համար էլ՝ դասընթաց կազմակերպելը կամ համապատասխան ձեռնարկ կազմելը):

Ավելին՝ օգտակար կլիներ նաև տուժածին առաջին օգնություն ցույց տալու գործնական գիտելիքը: Ու՝ ոչ միայն իգական սեռի, այլև բոլոր ներկա և ապագա լրագրողների համար:

Ռուզան Խաչատրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *