2016.04.25,

Քննադատ

Պատերազմը խախտում է լրագրողական էթիկական բոլոր սկզբունքները

Թղթակիցը, որն Արցախ էր գնացել, կարելի է ասել՝ գրեթե կիսազբոսաշրջային, ճանաչողական այցով՝ այլ լրագրողների խմբի հետ, հանկարծ հայտնվեց ռազմական գործողությունների թատերաբեմում: Եվ երբ նա զանգահարեց ու ասաց, թե իրենց հորդորում են հեռանալ՝ լեզուս չպտտվեց ասելու՝ ոչ, մնա: Քանի որ այդ պահին ոչ մեկին հայտնի չէր, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Արցախում, և առաջին հարցը, որը շամփրեց ուղեղս՝ այն էր, թե ինչ պատասխան եմ տալու իր մերձավորներին, եթե հանկարծ նրա հետ ինչ-որ բան պատահի:

Այս ահռելի պատասխանատվությանը դեմ հանդիման՝ լիովին հասկանալի էր լրատվամիջոցների այն ղեկավարների պահվածքը, որոնք նախընտրեցին իրենք գնալ Արցախ, քան դա հանձնարարել ինչ-որ մեկին:

Նման պահերին է, որ գլխիդ ես տալիս, թե ինչու են ընդհանրապես հայաստանյան լրագրողական հանրության մեջ, և մասնավորապես մեր խմբագրությունում՝ գերակայում աղջիկները:

Սա էթիկական առաջին երկընտրանքն էր, որին բախվեցի: Եվ այդ, և հաջորդող օրերին անհամար էին նման խնդիրները, որոնց լուծումը պետք է տայիր ինքդ: Ու բոլորովին վստահ չեմ, թե ամեն ինչ ճիշտ արեցինք:

Ամենակարևորը՝ պատերազմ ոչ ոք չէր հայտարարել, ռազմական դրություն մտցված չէր: Սակայն գործում էր խիստ ինքնագրաքննություն, որը ստիպում էր սահմանափակվել բացառապես պաշտոնական լրատվությամբ: Լրագրությունը սրանից շատ էր տուժում, սակայն նաև ապահովագրված էիր, որ թեկուզ սեփական թղթակցի կամ ականատեսների փոխանցածով՝ թերևս չես անի այնպիսի սխալներ, որոնք գուցե կարժենան կյանքեր:

Այս ինքնագրաքննության հետևանքով էր, որ այդ օրերին դադարեցինք լուրեր տալ ադրբեջանական ու թուրքական մամուլից: Սրա համար մեր ռազմահայրենասերները մեզ շատ են քննադատել, բայց անտեսելով դա՝ միշտ հրապարակել ենք նման լուրեր, համարելով, որ մեր ընթերցողներն իրավունք ունեն ստանալու բազմակողմանի տեղեկատվություն: Սակայն ռազմական գործողությունների վերսկսումից հետո սաստկանում է նաև վտանգը, որ մանավանդ ոչ ադրբեջաներեն հրատարակվող տեղեկատվությունը կարող է ծառայել զուտ քարոզչական նպատակների:

Բայց քարոզչական գործիք չծառայելու ցանկությունից բացի, այսուհանդերձ՝ անհարմարություն կար: Այն ծագում էր ամեն անգամ, երբ ասենք, հրատարակում էինք Հայաստանի կամ Արցախի պաշտպանական, արտաքին գերատեսչությունների որևէ պատասխան Ադրբեջանի արած հայտարարությանը, որը մինչ այդ չէինք հրապարակել: Հավասարակշռված լուսաբանումը, որը փորձում էինք ապահովել մինչ այդ՝ մեկեն ի չիք դարձավ այդ մի քանի օրերին:

Ընդհանրապես՝ խախտեցինք շատ սկզբունքներ, որոնք մինչ այդ դավանել էինք: Ասենք, երբեք չէինք հրապարակել չծածկված դիակների նկարներ: Երբեք չէինք լուսաբանել հոգեհանգիստներ ու թաղումներ: Պատերազմը մի քանի օրով ջնջեց էթիկական ու մասնագիտական այն նորմերը, որոնց դավանում էինք:

Մոտ էինք նրան, որ ընդհանրապես փակենք մեկնաբանությունների բաժինը: Քանի որ այդ օրերին և սոցիալական ցանցերում, և հենց կայքի մեկնաբանությունների բաժնում շատ էին հայհոյալից մեկնաբանությունները ադրբեջանցիների անուններից և IP-ներից: (Սա՝ ի հավելումն նրա, որ ստիպված էինք հավելյալ միջոցներ ձեռնարկել սերվերների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ հարձակումների փորձերը բազմաթիվ էին): Ու ստիպված էինք կրկնապատկված ուշադրությամբ հետևել մեկնաբանություններին, ու հա ջնջել ու արգելափակել…

Թեև մեր տեղացի մեկնաբանողներն են պակաս «թնդությամբ» չէին արձագանքում հրապարակումներին, որոնք, իրենց կարծիքով, չէին պատշաճում իրավիճակին: Մի օրինակ՝ վերահրապարակել էինք կայքերից մեկի լուրը Հայաստանից Արցախ զինտեխնիկայի տեղաշարժի մասին… Ու ինչ սկսվեց դրանից հետո…. Ամենամեղմ բառը «դավաճանն» էր: Թեև փորձագետներն էլ են վկայում, որ ինքնին տեղաշարժը գաղտնիք չէ, եթե այդպես լիներ՝ զինտեխնիկան կտեղաշարժեին գիշերով, համապատասխան լուսարձակներով:

Այս քառօրյա փորձից հետո է, որ ավելի ուժգին է գիտակցվում ձեռնարկի անհրաժեշտությունը, որտեղ գուցե կլինի թվարկումը, թե ինչն է ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունը, ինչ տերմինոլոգիա պետք է օգտագործել նման հանգամանքներում և այլն: Այլապես իրոք շատ բարդ է գործել այն պայմաններում, երբ գիտակցում ես, թե ամեն անզգույշ քայլը կարող է ականի պայթյուն դառնալ, և ստիպված ես երկընտրանքներից դուրս գալ՝ որոշումներ կայացնելով «աչքաչափով»:

Աննա Իսրայելյան
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *