2016.04.07,

Նյուսրում

Մեդիայի քառօրյա լարված աշխատանքը գնահատում են լուրերի շարքային սպառողները

  • Սոցցանցի լրահոսում սովորական սպառողների համար հայկական մեդիան մեկ ամբողջական «դեմք» ունի՝ առանց տարբերակիչ անունների:
  • Քառօրյա պատերազմի ընթացքում լուրերի սպառումը եղել է աննախադեպ ծավալներով ու գրեթե անընդհատ:
  • Շարքային սպառողը՝ չնայած ուզում է վստահելի լուրեր, բայց աղբյուրների ընտրության հարցում փնտրում է այն լրատվամիջոցը, կամ լուրերի տարածման այն տեսակը, որի տեղը գիտի և որին սովոր է:

Չնայած մեկ ժամ տևած և 44 զրուցակիցների կարծիքներով ամբողջացված հարցախույզը չի կարող հավակնել գիտական ճշգրտության, այնուամենայնիվ, շոշափելի են որոշ միտումներ, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմական 4 օրերին (2016թ. ապրիլի 2-5) թեժ կետերից լուրերը ստանալու ինչ աղբյուրներ են նախընտրել հիմնականում երևանցի շարքային սպառողները և ինչպես են նրանք գնահատում լրագրողների աշխատանքը:

Հարցումները Media.am-ն ապրիլի 6-ին անցկացրել է Երևանի այն հատվածում, որտեղ ավելի փոքր է մեդիայի հանդեպ գրեթե փորձագիտական վերաբերմունք ունեցող անցորդների հանդիպելու հավանականությունը (Կրկեսի շինհրապարակին հարակից փողոցներն են՝ մինչև Այրարատ կինոթատրոնի շենքի շրջակայքը ներառյալ և, հասկանալի պատճառներով՝  բացառյալ Մամուլի շենքի անմիջական շրջակայքը):

Թե հատկապես ում լուրերին են մեր զրուցակիցները հետևել քառօրյա լարվածության ընթացքում, կոնկրետ լրատվամիջոցների անուններ հնչել են, սակայն քանի որ սա ճշգրիտ գիտական սոցհարցում չէ, որոշեցինք խուսափել այդ անունները և նրանց «մասնաբաժինները» հրապարակելուց: Դրանով հետաքրքրվածները կարող են լսել առանց դադարների արված և չմոնտաժված ձայնագրությունը:

Հեռուստացույցը՝ ավագ սերնդի անդավաճան ընկերը, ռադիոն՝ ավտոճանապարհորդինը, ինտերնետը՝ երիտասարդներինը, բայց բացառություններ կան

Ինչպես պայմանավորվել ենք, այստեղ լրատվամիջոցների անուններ չենք տալիս: Մի բան էլ՝ չնայած առանձին նպատակ չի եղել հարցնելու, թե արդյո՞ք մեր զրուցակիցները նախկինում էլ նույն լրատվամիջոցներին են հետևել, սակայն քանի որ փոքրիկ հարցախույզից ստացված պատկերը մոտենում է վերջերս հայտարարված վարկանիշներին, շատ հավանական է, որ այդպես էլ կա: Ենթադրելի է նաև, որ մեզանում որևէ հեռուստաընկերության լուրերի թողարկման վարկանիշի համար վճռական է ընդհանրապես նրա ամբողջ ցանցի վարկանիշը:

Իսկ տեխնոլոգիական ո՞ր եղանակով են սպառողները գերադասել լուր ստանալ լարված 4 օրերին: Հասուն տարիքի մեր զրուցակիցները, գրեթե առանց բացառության, հեռուստատեսային լուրերը նշեցին որպես  պատերազմական գոտուց իրենց ստացած լուրերի հիմնական աղբյուր: Չնայած որոշ երիտասարդ զրուցակիցներ՝ նույնպես:  

«Հեռուստացույցը բոլոր ալիքներով մեկ-մեկ պտտացրել եմ» (հասուն տարիքի տղամարդ):

«Միայն հեռուստացույց եմ նայել: Բոլոր ալիքները, չկա առանձին մեկը» (տարիքով կին):

71-ամյա մի կին ռադիո էր լսում ձեռքի սմարթֆոնով, ասաց, որ լարված 4 օրերին էլ դրանով է լսել. ո՞ր ռադիոկայանը՝ չգիտեր: Հասուն տարիքի զրուցակիցներից ոմանք «ինտերնետով լուրերը» ևս վկայակոչեցին, որպես այս օրերին իրենց համար տեղեկատվական աղբյուր: Երիտասարդներն ավելի շատ վկայակոչեցին Ինտերնետը, հատկապես՝ Ֆեյսբուք սոցցանցով լրահոսը:

Սոցցանցում՝ մեկ դեմքով

Սոցցանցի լրահոսում առնվազն մեր զրուցակիցները հայկական մեդիան հիմնականում դիտել են որպես ամբողջական մեկը. այստեղ լրատվամիջոցների անունները չեն նկատվել կամ չեն հիշվել:

«Ինչ կար՝ հետևում էինք: «Ազիկական» դեբիլություն չլիներ՝ կարևորը էդ էր» ( երիտասարդ տղա):

«Սոցցանցի լրահոսը որ բերում էր, կարդում էի… Ոչ, չեմ նկատել կամ չեմ հիշում, թե կոնկրետ որ լրատվամիջոցի լուրերն էին» (երիտասարդ աղջիկ):

«Սոցցանցերում լրատվամիջոցի անունը նշանակություն չուներ, մենակ լուրի բովանդակությունն էր հետաքրքրում: Շատ են լրատվամիջոցները, դրա համար անունները կոնկրետ չեմ նայել» (15 տարեկան աղջիկ Երևանից):

Լուրերի սպառման մեծ ակտիվություն

Անցորդներից 3-ը հրաժարվեցին խոսել, և բոլոր 44-ից, ում խնդրել էինք պատասխանել մեր հարցերին, միայն մեկը պնդեց, թե որևէ կերպ չի հետևել պատերազմական լուրերին: Մյուսները փոխանցեցին, որ շատ ակտիվորեն հետևել են, ինչն, իհարկե, անակնկալ արդյունք չէ:

«Մեկ վայրկյան անգամ բաց չենք թողել» ( 21 տարեկան աղջիկ Երևանից):

«Ամեն օր ամեն ժամ պարտադիր հետևում էի» ( 15 տարեկան աղջիկ Երևանից):

«Անընդհատ ամեն տեղով հետևում էինք» ( տարեց կին Երևանից):

Լուրերին հետևած միայն մեկ զրուցակից (ներկայացավ որպես նախկին ազատամարտիկ) կարծիք հայտնեց, թե դրանց անընդհատ հետևելը և արագ տեղեկանալը պարտադիր չէ. «Յուրաքանչյուր քաղաքացի պատերազմի ժամանակ իր գործը պիտի անի, ոչ թե անընդհատ նստի հեռուստացույցի մոտ: Ենթադրենք իմացար, բայց որ տեղդ նստար կամ հարևանիդ հետ քննարկեցիր, դրանով չի»:  

Լրագրողների լարված աշխատանքից ընդհանուր առմամբ գոհ են

«Թերություն չեմ նկատել, ինչ ուզում էի՝ ստացա» (22 տարեկան երիտասարդ):

«Միայն ճիշտ լրատվություն եմ ուզում և ստացա» (63 տարեկան տղամարդ):

«Օպերատիվ, նորմալ լուսաբանում էին: Այո, երկար ժամանակ այս ծավալի բախում չէր եղել, բայց նախորդ սրացումների համեմատ՝ հիմա ավելի լավ աշխատեցին» (32 տարեկան երևանցի տղամարդ):

«Լրագրողները շատ նորմալ հաղորդում էին. ինչքանով էր ճիշտ կամ սխալ՝  երևի ինչ որ թույլատրում էին, էն էլ ասում էին: Ինչ ասում էին, ես դրան հավատում էի» ( 61 տարեկան տղամարդ, Երևան):

«Ինչքանով իրենց թողեցին տեղեկատվություն տալ, այնքանով գոհ էի. լրագրողներն ի՞նչ անեն, խեղճերը» (52 տարեկան տղամարդ, Երևան):

«Թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից լրագրողները համատեղ, ճիշտ գործեցին, շատ ճիշտ մեկնաբանեցին ոչ մեկից էլ դժգոհ չեմ» (հասուն տարիքի տղամարդ):

«Բոլորն էլ տոչնի տալիս էին: Բոլոր ալիքներն էլ: Բայց դե, ի՞նչ իմանամ՝ ճիշտ էր, թե չէ» (71 տարեկան երևանցի կին):

«Լավ աշխատեցին, մալադեց լրագրողներին ու մալադեց մեր տղերքին, որ հինգ անգամ քիչ էին, բայց հաղթեցին» (20 տարեկան երևանցի տղա):

«Բոլորն էլ շատ լավ մեկնաբանում էին: Ճիշտ է, ցանկալի չէր, որ պատերազմը շարունակվեր, բայց շատ ցանկալի էր, որ ավելի տարածքներ գրավեինք» (երևանցի տարեց կին):

Դժգոհություննների շարքից

«Ամեն ինչով էլ հետևում էի լուրերին, բայց ավելի շատ՝ Ինտերնետով, որովհետև հեռուստացույցը համարյա միշտ նույն բանն էր ասում, ու հոգնում էիր. մի անգամ նայելով հերիք էր» (երիտասարդ աղջիկ Երևանից):

«Լրագրողների մեծ մասը տեղյակ չէր, թե այնտեղ ինչ է կատարվում: Վերցնում էին ուրիշ կայքերից կամ Ինտերնետից: Այնտեղից հաղորդողն էլ չէր ասում, թե իրականում ինչ էր կատարվում առաջին գծում» (65 տարեկան տղամարդ):

«Ուզում էի՝ ավելին ցույց տային, ճիշտ ասեին մեր զոհերի թիվը» (33 տարեկան Երևանցի տղա):

«Մի բանը մի 100 անգամ ցույց էին տալիս: Մի հատ փոս էին տեսել, էդ փոսի մեջ ռումբ էր գցվել… Մի հատ տուն-տեղ, մի հատ դիրք ցույց չէին տալիս, թե մարդիկ իմանային՝ էդ դիրքում ինչ է կատարվել…» (հասուն տարիքի տղամարդ):

«Ոչ մեկին չեմ հավատում: Տարբեր կարծիքներ էի ուզում՝ չկային» (միջին տարիքի տղամարդ):

«Հիմնականում առաջին լուրերը, որ գալիս էին, մեկը մյուսին հակասող լուրեր էին: Վիրավորներից տեղյակ չէինք, զոհվածներից տեղյակ չէինք: Ընդհանուր իրավիճակի լուրերի նկատմամբ 100 տոկոսով համոզված չէինք: Լրագրողները սկզբի օրերին ավելի պասիվ էին, քան վերջին օրերին» (44 տարեկան տղամարդ):

«Լրագրողները շատ բաներ են բաց թողնում էլի. բաներ կան, որ պետք է չասվեն, օրինակ՝ հետախուզական: Շատ բաներ էլ քաղաքականացնում էին» (երևանցի տղամարդ):

«Կարող է՝ մի քանի ժամը մեկ մի սենց թռուցիկ տեղեկություն են հաղորդել, բայց հապշտապ տեղեկություն չի եղել: Իրենք էլ կոնկրետ առաջին գծում չեն եղել: Չգիտեմ՝ ումից էին վերցնում, բայց բոլոր էդ բոլոր սայթերը սաղ նույնն էին գրում: Մեկը մեկից թխած բաներ» (միջին տարիքի մեկ այլ տղամարդ):

«Լավ կլիներ, որ շատ չկրկնվեր էլի: Մի քիչ թարմացված էի ուզում» (15 տարեկան աղջիկ, Երևան):  

Պաշտոնական լուրերին ապավինելիս

Մեր զրուցակիցներից մի քանիսն՝ անկախ տարիքից և սեռից, որպես այդ 4 օրվա ընթացքում վստահելի լուրերի աղբյուր նշեցին պաշտոնական աղբյուրները և մասնավորապես՝ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակի էջը Ֆեյսբուքում:

Մեկը (հասուն տարիքի տղամարդ) նշեց նաև՝ «ժողովրդի մեջ ճանաչված հրամանատարներին: Մեկ այլ փոխանցմամբ՝ «ամեն ինչ նայում էինք, բայց հիմք էինք ընդունում պաշտպանության նախարարության հաղորդածը և մեր եզրակացություններն անում» :

Երեք զրուցակիցներ վկայակոչեցին լարված գոտիներում գտնվող իրենց ընկերներին նաև:

Ընկերնե՞րին են վստահել, թե՞ լուրերին

«Չգիտեի՝ ընկերներիս ասածի՞ն հավատայի, թե՞ լրատվամիջոցներին… Ինձ թվում է` վերջն ավելի շատ լրատվամիջոցների հաղորդածին հավատացի» (Արտաշատից 28 տարեկան երիտասարդ):

«Լուրերը մեր ընկերներից էինք ստանում ու ավելի շատ իրենց էինք վստահում: Լրատվամիջոցներին այնքան էլ չէինք վստահում:  Հակասությունները շատ չէին, բայց կային» (18 տարեկան երիտասարդ):

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *