Արդեն մի քանի օր է, ինչ ռուսաստանյան խոշոր հեռուստաալիքները Հայաստանում եթեր են հեռարձակվում զգալիորեն փոփոխված բովանդակությամբ: «ОРТ», «СТС», «ТНТ», «Домашний» ալիքները եթերում են «International», իսկ «НТВ»-ն՝ «Мир» հավելումներով:
Այս տարբերակով հեռարձակվող ալիքների եթերացանկում ընդգրկված չեն այն հաղորդումները, ֆիլմերն ու սերիալները, որոնք Ռուսաստանը նախատեսում է ցուցադրել միայն իր տարածքում: Խոսքը հատկապես միջազգային ձևաչափի հաղորդումների ու ֆիլմերի մասին է, որոնց արտոնագիրը ռուսական կողմը գնել է բացարձակապես իր բնակիչներին ցուցադրելու պայմանով:
Հայաստանում գործող խոշոր հեռուստահաղորդակցական ընկերություններից՝ «Յուքոմ»-ը, այս փոփոխությունների մասին իր կայքում հետին թվով տեղեկացրել է՝ չմանրամասնելով, թե ինչ է փոխվելու և ինչու:
«Յուքոմ» ընկերության բրենդի և հաղորդակցության բաժնի պետ Աշոտ Բարսեղյանը պարզաբանեց, որ Հայաստանում հեռարձակվող ռուսաստանյան ալիքների բովանդակային փոփոխությունները պայմանավորված են ռուսական կողմի պարտադրանքով:
«Մինչև վերջին ժամանակները Հայաստանի բոլոր պրովայդերները փորձել են հեռարձակել լավագույն հեռուստաբովանդակությամբ տարբերակները: Բայց ծագեց կոնտենտի օրինականության հարցը»,- ասում է նա:
Աշոտ Բարսեղյանը օրինակ է բերում «The Voice» միջազգային երաժշտական հեռուստանախագիծը, որի արտոնագիրը Ռուսաստանում պատկանում է ОРТ-ին, իսկ Հայաստանում՝ «Արմենիա»-ին:
Հայաստանում ռուսական «The Voice»-ը («Голос») մենք չենք տեսնի ճիշտ այնպես, ինչպես, ասենք, մի քանի տարի առաջ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» շոուն չէր կարելի տեսնել արտասահմանում:
«Իր քաղաքացիներին ОРТ-ն ցուցադրում է «The Voice»-ը, իսկ արբանյակային հեռարձակումից հանում այն ճիշտ այնպես, ինչպես արվում էր հայկական «Երկու աստղի» դեպքում»,- ասում է Աշոտ Բարսեղյանը: Եվ ավելացրեց, որ հիմա բանակցություններ են ընթանում Մոսկվայի հետ՝ նախկին բովանդակությունը վերականգնելու ուղղությամբ:
«Իհարկե, մենք պետք է այս փոփոխությունների մասին նախօրոք զգուշացնեինք մեր բաժանորդներին, բայց, ստանալով գրություն ռուսական կողմից, հույս ունեինք, որ արագ կվերադառնանք հեռարձակման նախկին տարբերակին՝ օգտագործելով մեր թե՛ գործնական, թե՛ ընկերական կապերը»,- ասում է նա:
Մենք հիմա ռուսական դաշնային հեռուստաալիքները դիտում ենք այնպես, ինչպես ԱՊՀ ու Արևլյան Եվրոպայի որոշ երկները: Լրատվական գիծն անփոփոխ է մնում, իսկ զվարճացնող բավանդակությունը վերաձևվում է, այսպես ասած՝ դառնում սակավ հետաքրքիր ու էքսկյուզիվ: Ժամանակացույցով ավելի թարմ ֆիլմերն ու սերիալները նույնպես արտոնագրային քաղաքականության են ենթարկվում ու այլևս չեն ցուցադրվելու մեր եթերում:
Կարելի է ակնկալել, որ ռուսական կողմը պատրաստ է զրկվել հայաստանյան լսարանի զգալի հատվածից, քանի որ այդպիսով մարում է ռուսական եթերի գրավչությունը, որի մասն էին որակյալ ֆիլմերն ու խոշոր շոուները:
Ամեն դեպքում, ժամանցային բովանդակությունը թուլացնելով, չի ստացվի ուժեղացնել տեղեկատվական բաղադրիչը: Ավելի շուտ տեղի կունենա ճիշտ հակառակը:
Միգուցե դա լավ առիթ է, որ ինքներս սկսենք մտորել (Ռուսաստանի օգնությամբ, իհարկե), թե ինչու պիտի շարունակենք դիտել ռուսական ծայրահեղ քարոզչական լուրերն ու երկրորդ թարմության շոուները:
Նունե Հախվերդյան
Լուսանկարը՝ tookapic-ի (որոշ իրավունքներ պաշտպանված են)
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: