ger_5791

Հայաստանի ոստիկանությունում հերթական նորարարությունն է. ընդդիմության երթը մարտի 1-ին լուսանկարելիս իմ շուրջը հայտնաբերեցի տեսախցիկներով «զինված» մի քանի մարդու, որոնց թիկունքը զարդարված էր «PolicePress» գրությամբ։ Շատ իմաստուն լինելու կարիք չկա՝ գլխի ընկնելու համար, որ նրանք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակիցներ էին, իսկ ժողովրդին ծանոթ են որպես «02»։

Այս վարչությունը, որը շատ տարիներ առաջ ստեղծվել է հասարակության և լրագրողների հետ ԿԱՊ ապահովելու համար (կարդալ՝ զբաղվել ներքին գործերի նախարարության PR-ով, իսկ հետո՝ ոստիկանության), սկսել է լրագրողներ «արտադրել»։ Այս նորարարությունը մտահոգիչ է երիտասարդ ֆոտոթղթակիցների համար, որոնք ստիպված են լինելու աշխատել ոստիկանական լրագրողների հետ կողք կողքի։ Գործելով նույն «դաշտում», ըստ իս, նրանք պետք է աշխատեն միևնույն իրավունքներով և օրենքներով։ Ֆոտոլրագրողները աշխատում են՝ իրենց ողջ գործունեությունը իրականացնելով ըստ ԶԼՄ-ների մասին օրենքի և ֆոտոլրագրողի էթիկայի։ Էթիկայի մասին չեմ խոսելու, յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր վարքի կանոնները։

Անհասկանալի է՝ ո՞ր օրենքի շրջանակներում են գործում իրենց վրա «Մամուլի» խորհրդանշան դնող ոստիկանները։ Այս հարցով դիմեցի իմ գործընկերներին։

Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ).

«Այն, ինչ անում է ոստիկանությունը, փորձենք համեմատության մեջ դիտարկել։ Սա նույն բանն է, թե ինչ-ինչ էքստրեմալ պայմաններում աշխատող լրագրողը հագնի ոստիկանական համազգեստ, մահակ վերցնի ու գնա իր լրագրողական գործն անելու, և եթե որևէ մեկն իր գործողությունը խոչընդոտի, մահակով խփի։ Եթե նույնիսկ խոչընդոտողը ոստիկան է, այդ ոստիկանին էլ խփի, ձեռնաշղթան էլ հագցնի, ասի՝ դու խանգարում ես իմ մասնագիտական գործունեությանը, ու խոչընդոտողին տանի ոստիկանություն։

Այսինքն՝ իրավիճակն արդեն աբսուրդի է հասնում. ով ասես, պետական տարբեր ատյանների պաշտոնական անձինք կարող են իրենց լրագրողի տեղ դնել ու այդ ֆունկցիան կատարել։ Նույնը արեց Արմեն Աշոտյանը. մի օր նստեց ու որոշեց հեռուստահաղորդաշար վարել։ Անտեսվեցին բոլոր հորդորները, որ իշխանության ներկայացուցիչը, իշխող կուսակցության փոխնախագահն իրավունք չունի այդպիսի հաղորդում վարելու, որովհետև դա շահերի բախում է: Նա չի կարող լինել անաչառ, ինչն էլ ամեն հաղորդման ժամանակ տեսնում ենք: Երբ ընդդիմադիր գործիչը ինչ-որ բան է ասում, ինքը՝ որպես հանրապետական կարկառուն դեմք, հակազդում է։ Նույնը՝ ոստիկանությունը։

Եթե որևէ մեկը և՛ ոստիկանություն է, և՛ լրատվական ծառայություն, սա աբսուրդ է այն պարզ պատճառով, որ այդ մարդը, որպես կանոն, կատարում է օպերատիվ գործողություն՝ օպերատիվ նկարահանումներ է իրականացնում։ Իսկ եթե հակադարձում են, թե իրենք «02»-ի թղթակիցներ են, այդ պարագայում թող բարի լինեն՝ գրեն միայն, որ «02»-ի լրագրողներ են, միայն՝ «Press», ոչ թե լրագրող-ոստիկան։ Այս երկուսը չեն կարող համատեղվել, քանի որ շահերի բախումն ակնհայտ է։ Եթե իրենք ձգտում են պրոֆեսիոնալ երևալ, ապա այս դեպքում հենց պրոֆեսիոնալ էթիկայի նորմերն են խախտվում։

Օրենք է խախտվում, քանի որ նրանք պետք է կարգ պաշտպանեն: Եվ եթե հանրահավաք կամ ցույց է, ապա՝ նաև բարենպաստ պայմաններ ստեղծեն լրագրողների գործունեության համար, ոչ թե իրենք իրենցով փոխարինեն լրագրողներին։ Ցավոք, այս միտումը զարգանում է, և ամեն ինչ սկսվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից։ Գուցե մինչ այդ էլ եղել են, բայց Աշոտյանի դեպքը չափազանց ցինիկ էր։

Ավելին` լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հարյուրավոր դեպքեր են եղել, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Հիմա եթե ոստիկան-լրագրողի, ոստիկան-օպերատորի աշխատանքը խոչընդոտվի, անպայման որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի, բայց ոչ թե որպես լրագրողի գործունեությունը խոչընդոտող, այլ ոստիկանի գործունեությունը խոչընդոտող, և քրեական գործ կհարուցեն ոստիկանի գործունեությունը խանգարելու համար»։
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի  

Լևոն Բարսեղյան (Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ).

««PolicePress» գրառումն ինձ հուշում է, որ ոստիկանությունը զանգվածային լրատվամիջոց է ստեղծել, ինչի իրավասությունն ինձ համար շատ տարակուսելի է: Այս գրառումը մամուլի և հանրության հետ կապի բաժին բոլորովին չի խորհրդանշում, սրանով ուղիղ հայտարարվում է, որ կա, գործում է ոստիկանական լրատվամիջոց կամ ոստիկանության համակարգում գործող զանգվածային լրատվամիջոց, ինչի իրավական հիմքերը շատ հետաքրքիր է իմանալ:

Ըստ էության, ոստիկանությունը հանրային միջավայրում իրադրությունը ինչ-ինչ պատճառով և տեխնիկական միջոցներով (այս դեպքում գրանցող սարքերով) հսկելու համար կարիք չունի լրատվամիջոց հիմնելու. կարող է տեսագրել կամ տեսաձայնագրել համապատասխան տեխնիկայի և մասնագետների միջոցով՝ առանց ԶԼՄ ստեղծման:

Ի՞նչ կարիք կա նրանց հատկապես այդ գրառումով շապիկներ տալ ու թյուրիմացության մեջ գցել ոչ միայն քաղաքացիներին, այլև այլ ԶԼՄ ներկայացուցիչներին: Ի՞նչն է խանգարելու նրանց աշխատանքին, եթե նրանք կրեն ոչ թե այս, այլ, ասենք, «Ոստիկանական տեսահսկողություն» կամ սրա նման մի գրառում: Եթե սկսեն պատմել, թե աշխարհի այս կամ այն երկրում կա համանման բան, խնդիրը չի արդարացվի:

Իսկ եթե այս աշխատակիցները ոստիկանության կողմից հենց իրենց աշխատանքը լուսաբանելու համար են, այդ դեպքում այլ հարց է ծագում`արդյո՞ք իշխանությունը կարիք և իրավունք ունի իր աշխատանքը լուսաբանելու համար՝ ի՛ր համակարգում ԶԼՄ հիմնելու։

Բացի այդ, ի՞նչ բարոյական իրավունք ունեն մեր փողերը ծախսելու իրենց աշխատանքը լուսաբանելու համար, դա իրենց պարտականությունը չէ, մամլո հաղորդագրություններն այն անհրաժեշտ ու բավարար գործիքն է, որը հարկավոր է պետական կամ համայնքային հիմնարկների կողմից իրազեկում իրականացնելու համար: Նրանց աշխատանքը լուսաբանելու համար լիուլի բավարար են հանրային և մասնավոր ԶԼՄ-ները, ընդամենը հարկավոր է բաց լինել նրանց առջև:

Անկախ այս մեկնաբանությունից կամ կարծիքից, հարկ է, որ ոստիկանությունը բացատրի այս գրառումների իմաստը»:

Մելիք Բաղդասարյան («Ֆոտոլուր» ֆոտոգործակալության տնօրեն).

«Եթե տեսախցիկով մարդը ոստիկանական համազգեստով է, նա, առաջին հերթին, ոստիկան է։ Եվ միա՛յն։ Ֆրանսիայում հատուկ օպերացիաների ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանները կրում են «Ոստիկանություն» գրությամբ կարմիր թևկապ, որպեսզի շրջակայքում հասկանան՝ ում հետ գործ ունեն։ Բնականաբար, ոստիկանն արտոնություններ ունի։ Նա կարող է ձերբակալել, բերման ենթարկել, ուժ գործադրել՝ իրեն տրված օրենքի սահմաններում։ Իր վրա ամրացնելով «PolicePress»` ոստիկանը կարող է օպերատիվ նկարահանում իրականացնել՝ նկարելով, ասենք, բողոքի ակցիայի մասնակիցներին՝ ոստիկանների (կարդալ՝ պատժիչ) կարիքների համար։

Ի դեպ, այդ մարդիկ պրոֆեսիոնալ չեն աշխատում ոչ միայն որպես ոստիկան, այլև որպես տեսաօպերատոր։ Օրինակ բերեմ. մեզ արգելեցին նկարել «ահաբեկչական խմբավորման» զինաթափումը Նորքում։ Տարածքը ժապավեններով լրիվ փակել էին՝ պատճառաբանելով, որ մենք՝ լրագրողներս, կարող ենք անզգուշաբար լուսանկարել իրենց օպերատիվ աշխատողների դեմքերը։ Նկարահանում էին միայն ոստիկանները։ Հենց նրանք, ում մասին խոսում ենք։ Սակայն բոլոր հեռուստաալիքների եթերում օպերատիվ աշխատողների դեմքերը երևում էին։ Իսկ մեզ հենց ա՛յդ պատճառաբանությամբ թույլ չտվեցին նկարել»։

Մխիթար Խաչատրյան («Ֆոտոլուր»-ի ֆոտոթղթակից).

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ լավագույն կադրի որոնման ժամանակ մենք ստիպված ենք թե՛ հրել իրար, թե՛ «թիկունք անել» գործընկերներին՝ խցկվելով ինչ-որ մեկի կադրի մեջ։ Նման բան ինձ հետ էլ է պատահել, և իմ կադրի մեջ են հայտնվել գործընկերներս։ Երբեմն բանը հասել է լեզվակռվի։ Եվ այդքանով ամեն ինչ ավարտվել է։ Նկարահանումից հետո մենք միասին գնացել ենք գարեջուր խմելու, և միջադեպը մոռացվել է, մենք մնացել ենք ընկերներ և գործընկերներ։

Իսկ ի՞նչ կկատարվի, եթե ես թիկունքով «խցկվեմ» ոստիկանի կադրի մեջ։ Ի՞նչ կպատահի, եթե նա խանգարի ինձ, և ես թեթևակի հրեմ նրան ու հանեմ իմ կադրից։ Որտե՞ղ է երաշխիքը, որ ինձ բերման չեն ենթարկի, չեն ձերբակալի և չեն դատի ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու կամ «իշխանության ներկայացուցչին վիրավորելու» համար»։

Գերման Ավագյան