2016.03.01,

Քննադատ

Արտակարգ իրավիճակ. գուցեև՝ առանց սաղավարտի, բայց ճշգրիտ

«Հայաստանում բան չի կատարվում» դժգոհությունների տեղիք տված սովորական առօրյայից դուրս եղել են և արտակարգ իրավիճակներ, որոնց լուսաբանումը լրագրողական որոշակի պատրաստվածություն, այնուամենայնիվ, պահանջում է:

Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղի պատերազմ, 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն, նախընտրական ու հետընտրական բախումներ
(1995թ.,1996թ., 2004թ., 2008թ.):

Ներքին բախումներից ամենասուրը և միակը, որի ժամանակ մարդկային զոհեր եղան, 2008 թվականի մարտի 1-ին էր:

Այս իրադարձություններն ի՞նչ դասեր են տվել լրագրողներիս:

Խոսքն այն մասին չէ, երբ իշխանություններն օրենքի ուժով արտակարգ իրադրություն են հայտարարում, և լրատվամիջոցների ուսերին դրվում է ազատ խոսքի սահմանափակման անտանելի բեռը:

Այս անգամ շրջանցենք նաև աղետների, ողբերգությունների, լարված քվեարկությունների լուսաբանումը, չնայած, վերջին հաշվով, նման դեպքերում ևս մասնագիտական նույն պահանջներն են աշխատում:

Այստեղ խոսքն այն իրավիճակների մասին է, երբ հասարակության ներսում լարվածությունն այնքան է սրվել, որ հետագա բախումն ակնհայտ երևում է:

Ո՞վ պետք է գործուղվի դեպքի վայր

Հաստատ՝ ոչ անփորձ լրագրողը, որն ուղիղ եթերում կարող է ոչ միայն մասնագիտական կազուսներ, այլև մարդկայնորեն անընդունելի արտահայտություններ, սայթաքումներ թույլ տալ: (Եթե անգամ ուղիղ եթերում ոչինչ չի հաղորդելու, օրվա ծանր, խիտ, շտապ հրապարակում պահանջող լրահոսում նրա սայթաքումը կարող է աննկատ մնալ, չուղղվել ու այդկերպ տարածվել):

Հաստատ՝ ոչ նա, ով ավելի շատ հերոսանալու մարմաջ ունի, քան մասնագիտական պատասխանատվություն:

Հաստատ՝ ոչ նա, ով թեկուզ մի քիչ ստելու, խեղաթյուրելու, ուռճացնելու սովորություն ունի և հնարելու մեծ ձիրք:

Ստացվեց թվարկում, թե ով չպետք է գործուղվի թեժ վայր:
Ինչևէ, ի՞նչ պետք է անի լրագրողը, եթե նրան ուղարկել են «պայթյունավտանգ» օջախ՝ դեպքերի զարգացումը լուսաբանելու:  

Ի՞նչ անել

Արձանագրել դեպքերի զարգացումը՝ հնարավորինս քիչ սեղմելով տեսագրող կամ ձայնագրող սարքի «պաուզա» կոճակը:

Հնարավորության դեպքում՝ խոսել բոլոր կողմերի հետ և անխտիր բոլորի արժանապատվությունը հարգելով:

Հրապարակել միմիայն աչքով տեսածը:

Ի՞նչ չանել

Հեղինակային ո’չ մի մեկնաբանություն, ո’չ մի ենթադրություն, ո’չ մի գնահատական:

Չփոխանցել կողմերի՝ միմյանց հասցեին հնչեցրած ոչ մի սպառնալիք, ո’չ մի վիրավորանք:

Չհրապարակել ու «չտիրաժավորել» բռնության, սպառնալիքի որևէ կոչ, որևէ ակնարկ անգամ: Եվ ընդհանրապես՝ որևէ գործողության դիմելու կոչ: Ծայրահեղ դեպքում պետք է պատմել, որ այս-այս-այս կոչերը եղան:

Մասնակից չ’դառնալ, չ’միանալ բացականչություններին ու կողմ դարձնող որևէ գործողության, որպիսիք անում են դեպքի վայրում եղածները: Չ’կրել որևէ նշան, տարբերանշան կամ որևէ իր, որը նույնպես կողմերի «ատրիբուտներից է»: Ո’չ դեպքի վայրում, ո’չ էլ առավել ևս հետո՝ նյութում, որևէ կողմ չ’բռնել:

Անձնական վարքով կամ արտասանած խոսքով չ’սրել իրավիճակը:

Բացառել անանուն կամ անծանոթ աղբյուրներից լսած, բայց մանրակրկիտ չստուգված որևէ լուրի հրապարակում: ( Սովորական իրավիճակներում հաճախադեպ «այսինչին մոտ կանգնած աղբյուրները», «մեր տեղեկություններով», և նման անորոշ աղբյուրներից՝ ոչ մի լուր) :

Լարված իրավիճակներում հայտնվում են մարդիկ, որոնք ներկայանում են որպես դեպքի ականատես և վկայություններ են տալիս լրագրողներին: Չի կարելի նրանց պատմածը փոխանցել՝ եթե չեն ուզում, որ երևա իրենց դեմքը, նշվի իրենց անունը կամ անձը որոշակիացնող այլ տվյալ: Նույնը՝ խմբագրություն եկած անանուն կամ անծանոթ մարդկանց հեռախոսազանգերի մասին:

Կարծիք և տեղեկություն չի կարելի հրապարակել կողմերի՝ անծանոթ ներկայացուցիչներից: Նման դեպքերում պետք է դիմել, ինչքան հնարավոր է՝ կողմի ամենաբարձր պատասխանատուին, կամ առնվազն՝ հայտնի մարդու: Անծանոթ մարդը ոչ միայն կարող է անպատասխանատու լինել իր ասածների համար, այլև կարող է լինել «բոլորովին այլ կողմից» և «բոլորովին այլ նպատակներով ներդրված» մեկը:

Հիստերիկ ճչոցները, օգնության կանչերը, սեռական հայհոյանքը և լսարանին գրգռող նման այլ զգայական փոխանցումները նման օրերին պետք է չչարաշահել: Իհարկե, դրանք մթնոլորտը ճշգրիտ նկարագրող՝ լրագրողական գործիքներից են, բայց հնարավորինս պետք է գոնե նվազագույնի հասցնել:  

Միայն արձանագրե՞լ, իսկ օգնե՞լ

Սրա պատասխանն աշխարհում որևէ լրագրող չունի: Որպես լրագրող՝ առաջին պարտքն արձանագրելն է, որպես բարոյական մարդ՝ օգնելը, երբ որևէ մեկին միայն դու այդ պահին կարող ես օգնել:

Եթե եկել է պահը, որ երկուսը միաժամանակ անելն անհնար է,  ենթագիտակցությունն ինքը կորոշի ու առաջինը ճանապարհ կտա կամ զուտ մարդկային, կամ մասնագիտական խղճին:  Որին էլ ճանապարհ տա, ինքնախարազանման պատճառ չկա՝ երկուսն էլ չափազանց կարևոր են:

Լրագրողի անվտանգությունը

Հայաստանում այս հարցին մատների արանքով են նայում թե խմբագրատան ղեկավարները, թե հենց ինքը՝ լրագրողը: Թողնված է ինքնահոսի՝ լրագրողի փրկության գործը լրագրողի գործն է:

Բժշկական կամ կյանքի ապահովագրության մասին չէ խոսքը, չնայած, դա էլ չէր խանգարի: Լրագրողին թիկնապահներով նման վայրեր ուղարկելու մասին էլ չէ, բնականաբար: Խոսքը լրագրողին խիստ լարված տեղեր քիչ թե շատ պաշտպանված ուղարկելու մասին է:

Եթե ասես՝ սաղավարտով պետք է գնաս դեպքի վայր, վրադ կծիծաղի: Բայց արժե, որ պաշտպանական որևէ հանդերձ, հագուստի մաս ունենա թեժ տեղ գործուղվելիս: Չեն խանգարի ինքնապաշտպանության խորհուրդները, և ցանկալի կլինեն նաև մարզումները:  

Հագուկապ

Մեծ պայուսակները, հատկապես կանացի, որոնցում իրենց պատվավոր տեղն ունեն շպարն ու հարդարանքի միջոցները, հակացուցված են արտակարգ դեպքի վայրում: Ընդհանրապես պայուսակից հրաժարվելն ու մեծ գրպաններով հագուստը խիստ նախընտրելի են:  

Բարձրակրունկ կոշիկներն ամենօրյա լրագրության համար էլ հարմար չեն, բայց արտակարգ իրավիճակների դեպքում դրանց հաստատ հրաժեշտ պետք է տալ՝ գոնե ժամանակավորապես, մինչև ամեն ինչ կհանդարտվի:

Ռուզան Խաչատրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *