2016.02.17,

Քննադատ

Վերնագրերում մոլորված

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լրագրողական տեքստերում ամենակարևորը վերնագիրն է, քանի որ այն ոչ միայն առաջինն է կարդացվում, այլև հաճախ հենց այն միակն է, որը կարդացվում է: Վերնագիրը ուղղորդում է լսարանին՝ ընդգծելով կարևոր կետերը, աչք է ծակում, զարմացնում ու գայթակղում է:

Մեդիա բովանդակության ամենօրյա բազմատեքստային ռեժիմը մեզ ընտելացրել է հայացքով «սահել» բառերի վրայով՝ անգամ առանց կարդալու: Բառերը շատ են… Եվ եթե մեդիան ուզում է ոչ միայն մատուցվել, այլև ընթերցվել, այն պետք է գրավիչ բառեր շարի նյութի վերևում: Որպես կանոն՝ գրավիչ, գայթակղիչ ու ապշեցնողը դառնում է վերնագիրը, որը կարող է երբեմն այնքան տարօինակ լինել, որ ոչ մի կապ չունենա հոդվածի հետ, կամ էլ՝ նույնիսկ հակասի հոդվածի տրամաբանությանը:

Media.am-ը պարբերաբար հոդվածներ կհրապարակի երկար ու կարճ, մոլորեցնող, մակերեսային ու շատ խորքային վերնագրերի նմուշների մասին: Լուրը, փաթեթավորվելով ցայտուն վերնագրով, հմայք է ստանում ու սկսում շողշողալ նոր փայլով: Մենք այդ փայլի հետքերով են շարժվում:

Փետրվարի 16-ին երկու լուր տարածվեց, որոնց հիմքը «պատճառ» բառն էր՝ դարձած վերնագիր: Եվ երկու դեպքում էլ այդ պատճառները հզոր էին, զարմանալիորեն մոլորեցնող, բայց ամենակարևորը՝ ուշադրություն գրավող:

«ՀԷՑ-ի պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը լույս չի տեսել» ,- այսպիսի վերնագրով լուր է հայտնում armlur.am-ը:

Կարդալով վերնագիրը՝ հասկանում ենք, որ խոչընդոտներ են կազմակերպվել «Ժողովրդի» դեմ: Եվ մեղավոր կա:

Միայն տեքստը կարդալուց հետո է պարզ դառնում, որ խափանվել է էլեկտրամատակարարումը, և թերթը տպագրատուն չի հասել: Երբ ասվում է «ՀԷՑ», մեղավորը, իհարկե, կոնկրետանում է («Հայաստանի Էլեկտրացանցերը»), բայց անհայտ է մնում պատճառը (հոսանքազրկու՞մը, թալա՞նը, կալա՞նքը):

Լուրի մեջ կա նաեւ այսպիսի տող. «Վաղ առավոտից խմբագրության հեռախոսները «պայթում» են ահազանգերով, թե ինչու լույս չի տեսել օրաթերթը»:

Պայթեցնող մի վերնագրի նմուշ է նաև այս մեկը, որտեղ լավ պատճառ է նշվում, բայց արյունոտ համատեքստում:

«Ֆեյսբուքը դարձել է գյումրեցի երիտասարդի ականջը կտրելու պատճառ»,- հայտնում է aravot.am-ը:

Կտրված ականջի ու Ֆեյսբուքի կապը հասկանալու համար ստիպված ենք կարդալ քրեական մի պատմություն: Նշվում են քաղաքը, վայրը, ռեստորանը, դեպքի նկարագրությունը, գործող անձինք ու դրդապատճառները:

Հասկանալի է, որ լուրը ընթերցվող դարձնելու նպատակով վերնագրում հիշատակվում է Ֆեյսբուքը, քանի որ ցանցերից սկիզբ առնող կրքոտ պատմությունները թարմ (անգամ իննովացիոն) երանգ են հաղորդում քրեական քրոնիկոնին:

Իհարկե, այս հանցագործության պատճառը Ֆեյսբուքը չէ, բայց վերնագիրը հուշում է հակառակը:

Վերնագրերն այդպիսին են. ինչ ուզում, հուշում են: Ինչպես ուզում, այնպես էլ ազդում են:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *