2016.02.03,

Քննադատ

Դեպքի վայրից փախել է մի ողջ սերունդ. բերմա՞ն ենթարկել

Դեպքի վայրը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն են, իսկ սերունդը լրագրողների այն մեծ խումբն է, որը հայաստանյան նորանկախ մեդիա հորդեց 1990-ականների սկզբներին: Շատերը՝ ղարաբաղյան ու անկախական շարժումների հրապարակներից: Շատերը եկան իրենց հին լրատվամիջոցներից՝ նորը հիմնեցին կամ իրենց հին լրատվամիջոցները նորացրին:

Այս նոր լրագրողները տարիների ընթացքում հասկացան, որ երբ իրադարձություն են լուսաբանում, պետք է մի լավ քամեն բանասիրական լրագրության, գեղեցկախոսության ու զեղումների ջուրը՝ թողնելով միայն մերկ տեղեկությունը:

Դրանից առաջ կոմունիստական լրագրությունն էր, և այս սերունդը զրոյից էր սկսում բացահայտել պրոֆեսիոնալ լրագրության թացն ու չորը: Սխալվում էր ու սովորում թեկուզ սեփական սխալների վրա: Հասունանում ու փորձառու էր դառնում ճիշտ նույն ընթացքով, ինչ երկիրն ու պաշտոնյաները, քաղաքական գործիչները:

Մի քանի օբյեկտիվ առավելություն ունեին այս սերնդի լրագրողները: Նրանք տեսել էին, թե ինչ կնշանակի թեկուզև գլասնոստով անցած՝ բոլշևիկյան լրագրություն: Եվ ուրեմն, նրանք ազատ խոսքի սրված զգացողություն ունեին: Դրա գինը գիտեին, ու դա նրանց համար ամենաթանկ արժեքներից էր:

Նրանք եկել էին այն ժամանակներից, երբ գիտելիքն արժեք էր, կարդացած լինելը՝ հեղինակության նվազագույն պայման: Մի խոսքով, համամարդկային արժեքները թանկ էին այդ սերնդի լրագրողների համար: (Բացառություններ ամեն տեղ էլ լինում են, խոսքն այստեղ օրինաչափությունների մասին է):

Իսկ ինչքան առաջ անցավ ժամանակը, այնքան եկավ նաև մյուս առավելությունների շրջանը. այս սերնդի լրագրողները փորձառու դարձան, պրոֆեսիոնալ: Ամենակարևորը՝ հիշողություն ամբարեցին. շատ բան նրանց աչքի առջև էր տեղի ունեցել:

Նրանց չէիր կարող մոլորեցնել ինքնագովության երկար ճառերով, որովհետև կհիշեին ու, ասենք, կասեին՝ բայց դուք այսինչ առիթով հակառակն եք ասել կամ արել, այսինչ բանն այսպես չի եղել… Նրանք սահմանադրության նախագծի շուրջ ըստ էության հարցեր կտային բանախոսներին, որովհետև հարցեր տալուց առաջ փաստաթղթերին ու այլ փաստերի ծանոթ լինելը պարտադիր պայման էր նրանց համար: Նրանք թեժ օրերին ուղիղ եթերներում կամ առցանց հեռարձակվելիս ավելի իմաստուն կլինեին, քանի որ արդեն գիտեին՝ մեդալը նաև հակառակ երես է ունենում…

Իսկ ու՞ր են հիմա այդ լրագրողները, ինչու՞ չկան Հայաստանի ամենօրյա, ամենժամյա իրադարձությունների լուսաբանումներում (խոսքը վերլուծաբանների ու մեկնաբան հեղինակների մասին չէ): Ինչու՞ Հայաստանում աստիճանական չեղավ լուսաբանող լրագրողների սերնդափոխությունը, ինչպես ամբողջ աշխարհում է՝ երբ տարեցներն ու ջահելները կողք կողքի են աշխատում, և սերնդափոխությունն այսպես կտրուկ ու միանգամից չի լինում:

Հայաստանի լրագրողների՝ 1990-ականներին հրապարակ իջած այդ սերունդը ճակատագրո՞վ էր կորուսյալ: Բայց ամենաշատն իրենք էին համոզված, որ ամեն մարդ իր բախտի կռողն է:

Քշեցի՞ն նրանց: Դժվա՞ր էր հանրությանը մոլորեցնել, երբ մեդիայի ներկայացուցիչները խաբվող կամ կուտ ուտող պտուղներ չէին: Բայց այդ սերնդի լրագրողները համեմատության մեջ ամենապինդն էին կանգնած իրենց հարթակներին. նրանց քշե՞լ կլիներ, եթե իրենք չուզենային դա:

Ուրեմն, իրե՞նք որոշեցին փախչել՝ լրագրողների նոր սերնդի մի խոշոր մասի ակամայից թողնելով շարադրությունների կանոնների հույսին, որպիսիք նրանց սովորեցրել է դպրոցի դասատուն: Տարիքն առան ու փախա՞ն: Ժամանակին ոմանք ճիշտ այդպես սրտնեղում էին՝ ախր մինչև ո՞ր տարիքս պիտի խոսափողս ձեռքիս վազվզեմ սրա-նրա հետևից:

Իսկ այդ ինչպե՞ս են քաղաքակիրթ երկրների տարեց լրագրողները շարունակում առանց նեղվելու օրվա իրադարձություն լուսաբանել: Այդ երկրների մեդիայի լուսաբանած ոչ մի կարևոր իրադարձության չես տեսնի խոսափողը ձեռքին մի մատ երեխա լրագրողի, իսկ այստեղ ուղիղ հակառակն է:

1990-ականներից սկսած լրագրողների մի փոքր մասը Հայաստանում լրատվամիջոցի ղեկավար դարձավ, պատգամավոր, դասախոս, ուրիշ գործի անցավ, ուրիշ երկիր տեղափոխվեց… Ճիշտ այնպես ու այնքան, ինչպես ու ինչքան քաղաքակիրթ երկրներում կարող է լինել: Բա մյուսնե՞րն ուր են:

Ամենահավանականն այն է, որ շատ փորձառու լրագրողները ձեռնտու չեն Հայաստանի մեդիա գործատուներին, որոնք մի լուռ համաձայնությամբ նախընտրում են էժան աշխատուժը: Իսկ մի մատ լրագրողների բանակը ոչ միայն էժան աշխատուժ է, այլև աշխատանքային իրավունքների հարցում չափազանց զիջող, դրան գումարած՝ հեշտ կառավարելի:

Ռուզան Խաչատրյան

Հ.Գ. Մի մատ երեխա լրագրողներից մի քանիսը կարող են շատ խոստումնալից որակներ ունենալ, բայց պրոֆեսիոնալ լրագրությունն անցած ճանապարհ ու փորձ շատ է սիրում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *